ՆԱ ԽՈՍՈՒՄ Է ՀՈԳՈՒԴ ՀԵՏ
Առաջին անգամ օրթոպեդ- ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը լսեցի տարիներ առաջ, երբ հարցազրույց էի անում ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի հետ: Նա անթերի էր քայլում, և ապշած մնացի, երբ իմացա, որ Արցախյան պատերազմի ժամանակ 20-ամյա տղան կորցրել է ոտքը:
-Անթերի եմ քայլում, որովհետև Մկրտիչ Գինոսյանը հրաշալի մասնագետ է, նրա նմանը չկա Հայաստանում: Բայց առավել կարևոր են նրա մարդկային որակները` սրտացավությունը, բարությունը, նվիրվածությունը… քեզ ուժ ու հավատ, կամք ու լավատեսություն ներշնչելու պատրաստակամությունը: Նա ասում է` ապրի՛ր, և դու ապրում ես: Նա ասում է՝ կարող ես, և դու կարողանում ես: Նա կողքիդ է լինում այն ժամանակ, երբ առաջին անգամ ոտքիդ փոխարեն ինչ-որ սառն ու անշունչ զանգված են կցում մարմնիդ: Նա կողքիդ է լինում, երբ առաջին անգամ կանգնում ես արհեստական ոտքի վրա ու երեխայի պես երկչոտ ու երերուն անում առաջին քայլդ: Նա բռնում է ձեռքդ, երբ ուզում ես դեն նետել պրոթեզը, այլևս չհագնելու վճռականությամբ: Նա խոսում է հոգուդ հետ, երբ ցավն ու հուսահատությունը հաղթում են քեզ, ու այլևս չես ուզում պայքարել:
…Ես լսում եմ տարիների վաղեմություն ունեցող ձայնագրությունը: Հետո փնտրում-գտնում եմ մեկ այլ ձայնագրություն ու դրվագ առ դրվագ, հույզ առ հույզ հիշում եմ մի պատկեր… Պաշտպանության նախարարության բուֆետում պիտի հանդիպեի սպա, հետախույզ Սարգիս Ստեփանյանի հետ: Նա մարտական առաջադրանք կատարելիս կորցրել էր չորս վերջույթներից երեքը: Ես չէի ճանաչում Սարգիսին, բայց տեսել էի նրա նկարը ֆեյսբուքում` աթլետիկ կազմվածքով, մարզված մկաններով, գեղեցիկ երիտասարդ էր նախքան ականապայթյունից վնասվելը: …Համոզված էի, որ հաշմանդամի սայլակով կգա, բայց ինձ ամենից շատ հուզում էր այն, թե ինչ հոգեվիճակում կլինի, կկարողանա՞մ հարկավոր բառեր գտնել՝ նրան քաջալերելու համար: Որպես լրագրող՝ կյանքիս մասնագիտական-մարդկային ամենածանր փորձությունն էր: Հուզմունքից սիրտս թրթռում էր… Ու հանկարծ բուֆետի դուռը բացվում է, ժպտալով ներս է մտնում Սարգիս Ստեփանյանը՝ զինվորական համազգեստով… առաջվա պես գեղեցիկ, ձիգ, հպարտ, ինքնավստահ….
…Միացնում եմ ձայնագրիչն ու չեմ ճանաչում սեփական ձայնս՝ լացը զսպելու ճիգից խզված, կերկերուն:
-Սարգիս ջան, ինչ լավ է, որ քայլում եք, այն էլ՝ ինքնուրույն… Հրաշալի տեսք ունեք…
-Ես ու Մկրտիչ Գինոսյանը միասին հետևում թողեցինք դժվար պահերը: Մկրտիչ Գինոսյանն ասաց՝ քայլելու ես ինքնուրույն, առանց օգնության, առանց ուղեկցողի, ապրելու ես լիարյուն կյանքով: Շարունակելու ես զինվորական ծառայությունդ:
Ու ես հավատացի նրան: Ամեն ինչ սկսվում է այդ հավատից, մնացածը տեխնիկական խնդիր է: Կտեսնեք` ես սար եմ բարձրանալու, թռչելու եմ պարաշյուտով, լողալու եմ, մարզվելու եմ…
Մկրտիչ Գինոսյանի հետ հաջորդ հանդիպումը համացանցում էր: Քառօրյա պատերազմում երկու վերջույթները կորցրած զինվոր Դավիթին վերջին անգամ հոսպիտալում էի տեսել: Տղան սայլակով էր և, անկեղծ ասած, ի տարբերություն մեր առաջին հանդիպման, ընկճված տեսք ուներ: Համացանցում շրջող տեսանյութի մեջ Դավիթը անթերի քայլում էր, իսկ մի վստահ, տղամարդկային ձայն (խոսողը կադրում չէր երևում) քաջալերում էր նրան` ապրես, լավ է, հիմա փորձիր ավելի արագ քայլել, կատարյալ է: Խոսողը Մկրտիչ Գինոսյանն էր: Օրեր անց դիտեցի մեկ ուրիշ տեսանյութ: Քառօրյա պատերազմի ժամանակ ոտնաթաթը կորցրած զինվոր Շանթին դարձյալ հոսպիտալում էի հանդիպել: Մի քանի ամիս էր անցել, ու ահա Շանթը վազում էր, իսկ նույն ամուր ու տաք ձայնը ուղեկցում էր նրան` հրաշալի է, շատ ապրես, կատարյալ է:
ԼՈՒՅՍ ՎԱՌՈՂԸ
Զրույց օրթոպեդ – ինժեներ Մկրտիչ Գինոսյանի հետ
-Պարոն Գինոսյան, դժվար, բարդ, բայց բարի ու մարդասիրական մասնագիտություն ունեք: Բառեր չեմ գտնում բնութագրելու այն աշխատանքը, որ Դուք անում եք ամեն օր:
-Երբ ես նոր էի սկսում այս ճանապարհը, ինձ էլ էր թվում, որ սա աշխատանք է, մասնագիտություն, ինչպես մյուս մասնագիտությունները, բայց շատ վաղուց հասկացել եմ, որ այն, ինչ անում եմ, աշխատանք չէ ինձ համար: Չեմ ուզում բարձրագոչ բառեր ասել, բայց մարդուն կատարյալ դարձնելը իմ ապրելու, լինելու, շնչելու ձևն է: Իսկ մարդ կատարյալ է, երբ շարժվում է, ժպտում է, սիրում է կյանքը, ուզում է ապրել:
-Ես վստահ եմ, ոչինչ պատահական չէ: Պատահական չէ, որ ես լրագրող եմ, Դուք օրթոպեդ-ինժեներ եք: Ծնողներս մանկուց ինձ ներշնչել էին, որ ես բժիշկ եմ դառնալու` սրտաբան, իսկ ես վերջին պահին այլ որոշում կայացրի: Բայց, այդուհանդերձ, ինչ-որ չափով սրտաբան դարձա, որովհետև իմ մասնագիտությունը սրտեր է բուժում: Նախախնամություն կա այս ամենի մեջ: Ինձ թվում է, որ Ձեր ճանապարհը նույնպես ակունքից է սկիզբ առնում:
-Ես Ձեզ կպատմեմ իմ մանկության ու պատանեկության մասին ու, կարդալով Ձեր հոդվածները, վստահ եմ, որ Դուք կգտնեք թաքնված կապերն ու օրինաչափությունները: Երբ ես փոքր էի, մեր տանը բազմաթիվ հեծանիվներ կային, բայց հայրս միայն մեկ հեծանիվ էր գնել ինձ համար: Մյուսները ես հավաքել էի: Երբ որևէ տեղ փչացած, կոտրված, պակաս մասերով հեծանիվ էի տեսնում, անասելի նեղվում էի: Այն, ինչ ստեղծված է շարժվելու համար, պիտի շարժվի: Շարժումը կյանք է, ուրախություն է: Ես հավաքում էի ընկերներիս, բարեկամներիս հեծանիվների դեն նետված մասերը և նորոգում էի կոտրված հեծանիվները:
-Պրոթեզավորում էիք:
(Մկրտիչ Գինոսյանը բարձրաձայն ծիծաղում է):
-Բա որ ասում եմ՝ կգտնեք կապերը…
-Երբեմն իմ ավագ գործընկեր Գևորգ Ասատրյանը ասում է` շատ ես սևեռվում մարդկանց մանկության վրա, բայց ես այն կարծիքին եմ, որ մարդուն ճանաչելու համար շատ կարևոր է իմանալ՝ ի՞նչ էր անում մանկության տարիներին, ինչպիսի՞ն էր, ի՞նչ մթնոլորտում էր ձևավորվում, ովքե՞ր էին բացում աշխարհը նրա առաջ…
-Ես նաև սպորտով եմ զբաղվել: Սիրում եմ ձեռնոց նետել, մրցել ու հաղթել: Պայքարը կյանքի շարժիչ ուժն է:
-Հիմա էլ եք պայքարում: Պայքարում եք թուլության, ընկճվածության, տխրության դեմ: Ձեռնոց եք նետում հուսահատությանը: Ու հաղթում եք:
-Ես ասում եմ` մի՛ հանձնվիր: Սա այն է, ինչ ես անում եմ առաջին հերթին: Ամենահրաշալի, ամենակատարյալ պրոթեզը չի կարող մարդուն ոտքի կանգնեցնել, եթե մարդու հոգին կանգուն չէ: Առաջին հերթին պիտի ոտքի կանգնեցնել վիրավոր հոգին: Ու երբ մարդը ժպտում է, եթե նորից սիրում է կյանքը, ուզում է ապրել, նշանակում է՝ հաղթել է:
-Արտյոմն ասել է, որ Դուք ժամանակին նկարել եք, զբաղվել եք մոզաիկայով, նույնիսկ մեդալ եք շահել համամիութենական մրցույթում:
-Ես սիրում եմ Գեղեցիկը: Աստված աշխարհը, բնությունը, մարդկանց այնքան կատարյալ է ստեղծել, եւ երբ այդ կատարելությունը խաթարվում է, ու դու փորձում ես վերականգնել այն, դա քեզ հոգեկան բավականություն է պատճառում: Ես ավարտել եմ ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը: Երազում էի խորհրդային քառակուսի մեքենաների փոխարեն նախագծել սահուն ձևերով, կորերով մեքենաներ: Ձևը նույնքան կարևոր է, որքան բովանդակությունը: Գեղեցիկ ձևերի մեջ տգեղ բովանդակություն չի ծնվում:
Բուհն ավարտելուց հետո ես աշխատում էի «Ավիակոմպլեքս միավորումներ-Հրազդան» գործարանում: Այդ ժամանակ պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկությունը ղեկավարում էր ընկերոջս հայրը` Հրաչիկ Յարալյանը: Նրա հանձնարարությամբ ես հաճախ պրոթեզի տարբեր մասեր էի պատրաստում: Հետո եղավ երկրաշարժը: Գերմանացիները նորաբաց «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոնում» աշխատելու համար երիտասարդ կադրերի էին վերապատրաստում Գերմանիայում: Եվ ահա Հրաչիկ Յարալյանի պնդմամբ՝ ես նույնպես ընդգրկվեցի այդ ծրագրում և մեկնեցի Գերմանիա: Ուսանելու ընթացքում առաջին անգամ անցա այդ հոգեբանական ճանապարհը: Իմ աչքի առաջ մարդը ոտքի կանգնեց ու քայլեց՝ խամրած, անկյանք աչքերում փայլեց լույսը: Եվ ես հասկացա, թե որն է իմ կոչումը: Երբ վերադարձա Գերմանիայից, սկսվեց պատերազմը:
-Երևի շատ դժվար էր նորավարտ մասնագետի համար:
-Ահավոր էր և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես: Դրանք խավարի, չքավորության տարիներն էին: Պատահում էր` բենզին չէի ճարում, որ հասնեմ հիվանդին:
Զավեշտալի դեպք հիշեցի. մի անգամ կես ժամ ուշացա: Դռների մոտ լսում եմ. «Մուգուչը հո՞ւր է, պրոթեզս հո՞ւր է: Սըբանելու եմ Մուգուչին»: Ներս մտա, տեսա՝ գյումրեցին Սեյրան Օհանյանի հետ նստած է: Ինձ նկատելով՝ Սեյրան Օհանյանն ասաց` «Մուկուչն էկավ, դե սպանի»: «Չէ, հո՞ւր սըբանեմ, բա պրոթեզս վով պտի սարքէ»,- լսվեց պատասխանը:
…Ամենից շատ մեզ խանգարում էր փորձառության պակասը, դրական օրինակի, նախադեպի պակասը: Տեսեք, քառօրյա պատերազմում հաշմված զինվորների կողքին էին Արտյոմը, Սարգիսը, մյուսները: Նրանց տեսնելով` զինվորները հասկանում են, որ անդամահատված ձեռքն ու ոտքը կյանքի ավարտ չեն: Ու քաջալերվում են: Իսկ Արցախյան պատերազմի ժամանակ հոգեբանական խնդիրները դժվար էին հաղթահարվում:
-Մարդիկ յուրովի՞ են հաղթահարում ընկճվածությունը, թե՞ կա մոտեցման ընդհանուր բանաձև:
-Ո՛չ, չկա: Շատ անհատական է, ինչպես մարդու հոգին: Նույն իրավիճակում մեկին պիտի համբերատար համոզես, մյուսի վրա պիտի գոռաս, որ սթափվի, երրորդին պիտի ապացուցես…
-Սերունդ է փոխվել: Ինչո՞վ են տարբերվում Արցախյան պատերազմի ազատամարտիկներն ու քառօրյա պատերազմի հերոսները:
-Անկեղծ ասած՝ տարբերություն չկա: Նույն առյուծ տղերքն են` հաստատակամ, արժանապատիվ, ապշելու աստիճանի ուժեղ:
-Ես հիշում եմ մի դեպք, երբ պատերազմի ժամանակ հաշմված ազատամարտիկը ինքնասպան էր եղել հենց մարտադաշտում:
-Այո՛, Արջը: Երբ մարդու կյանքի գնացքը մտնում է խավար թունել, բավական է, որ դու մի փոքրիկ լույս վառես խավարի մեջ, ու մարդը, ամեն դժվարություն հաղթահարելով, կգնա դեպի այդ լույսը: Ես փորձում եմ այդ լույսը վառել: Սա է իմ առաքելությունը:
-Ես էլ: Ես էլ փորձում եմ մի փոքրիկ լույս վառել իմ յուրաքանչյուր հոդվածով, մի փոքրիկ փայտ նետել մեր հույսի խարույկի մեջ, որ չմնանք կեսճանապարհին, որ շարժվենք առաջ: Ու մի օր հասնենք բաղձալի հանգրվանին:
Շնորհակալ եմ, պարոն Գինոսյան, և՛ գեղեցիկ զրույցի, և՛ Ձեր կատարած աշխատանքի համար:
Ընդունեք «Հայ զինվորի» շնորհավորանքը Ձեր ծննդյան 55-ամյակի առթիվ: Երջանիկ եղեք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում