Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎԵՑԻՆ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ



ԵՐԴՎԵՑԻՆ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻՆԵՐԸՕգոստոսի 27-ին Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան ընդունված առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն էր: Ներկա էին ՀՀ ԶՈՒ ավիացիայի, ՀՕՊ-ի, Կ եւ ԱԿՀ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորությամբ:

Ներկաները հուզված են: Բոլորը փորձում են գտնել իրենց զավակներին: «Ձեր որդին ինչպե՞ս ընտրեց ավիատորի մասնագիտությունը»,- հարցնում եմ մայրերից մեկին: «Վաղուց  երազում էր օդաչու դառնալ: Երկար ժամանակ ֆիզիկապես կոփվում էր, հետո նաեւ քննությունները հաջող հանձնեց ու հիմա այստեղ է, պատրաստվում է երդմանը: Շատ էր սպասում այս պահին. օրերն էր հաշվում: Հայրս հրետանավոր է եղել: Ամուսինս այժմ էլ ծառայում է ավիացիոն զորքերում»:

«Դուք հաստատ Ալենի հայրն եք»,- դիմում եմ երեխային գրկած տղամարդուն: Նա ավիացիայի զորքերի համազգեստ է կրում և  հուզմունքով սպասում է արարողության սկզբին: «Այո՛: Մեծ պատիվ է ինձ համար, որ որդիս ընդունվեց այս համալսարանը: Ուրախ եմ շատ, վստահ եմ, որ պատվով կկատարի իր առջև դրված բոլոր խնդիրները: Ես էլ եմ անցել այս ճանապարհով ու երբեք չեմ զղջացել»: «Ի՞նչն է ձեզ ոգևորում ավիատորի գործում, որով վարակել եք ձեր որդուն»,- հարցնում եմ: «Երկինքը: Միանշանակ երկինքը»,- ասում է կուրսանտի հայրը:

Ազդարարվում է արարողության սկիզբը: Նորաթուխ կուրսանտները հերթով շարքից խրոխտ դուրս են գալիս ու արտաբերում երդման խոսքերը: Շնորհավորական խոսք է ասում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը. «Դուք այսօր երդվեցիք որպես հաղթանակած հայոց բանակի շարքերը համալրող զինվորներ: Ձեզ սպասում է միաժամանակ և՛ հպարտ ու հետաքրքիր, և՛ քրտնաջան աշխատանք: 1993 թվականին դժվարին ժամանակ հիմնեցինք ռազմական ուսումնարանը, որն այսօր արդեն համալսարան է դարձել.  սա մեծ ձեռքբերում է: Ուզում ենք, որ այս գործում դուք կանգնեք ավագ սերնդի կողքին, որպեսզի միասին պաշտպանենք մեր հայրենիքը, ավելի ու ավելի զարգացնենք մեր ռազմական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները»:

Գեներալի որդին կանգնած էր կուրսանտների շարքում:

ԵՐԴՎԵՑԻՆ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻՆԵՐԸՈղջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի պետ, գնդապետ Դանիել Բալայանը. «Հարգելի՛ նորակոչիկներ, դուք հպարտանալու լուրջ առիթ ունեք, քանի որ հանդիսանում եք մարշալ Արմենակ Խանփերյանցի՝ ռազմաավիացիոն համալսարանի կարգավիճակ ստացած բուհի առաջին կուրսանտները. ստանալու եք համալսարանական կրթություն: Նոր կարգավիճակը, իհարկե, հպարտանալու լավ առիթ է, բայց նաև խիստ պարտավորեցնող: Եվ մենք մեր ամենօրյա համատեղ աշխատանքով պետք է ապացուցենք, որ արժանի ենք դրան»:

Հանդիսավոր միտինգից հետո առաջին կուրսեցիները շարային քայլքով ու խրոխտ երգերով հեռացան շարահրապարակից:

Մոտենում եմ կուրսանտների ծնողներին, հարազատներին: «Ձեր ընտանիքում զինվորականներ եղե՞լ են»,- հարցնում եմ ՀՕՊ ֆակուլտետի կուրսանտ Կարեն Հունանյանի մորը՝ Գայանեին: «Ո՛չ, տղաս առաջինն է»,- ասում է մայրը: «Ի՞նչ կմաղթեք ձեր որդուն և մյուս կուրսանտներին»:  «Միակ ցանկությունս է, որ խաղաղություն լինի, ու մեր տղաները անփորձանք ծառայեն, ուրիշ ոչինչ չեմ ուզում»:

Մի ծառի ստվերում իրենց կուրսանտ եղբորը՝ Գրիշա Պողոսյանին են սպասում Էրիկն ու Գևորգը: «Օդաչու դառնալու որոշումը ինքն է ընդունել, ոչ ոք չի միջամտել»,- ասում է Գևորգը:

Մոտենում եմ կուրսանտական համազգեստով աղջիկների խմբին: Նրանք շողշողում են ուրախությունից: «Իմ դեպքում որոշիչ եղավ  այն, որ մեր գերդաստանում մեծ թվով զինվորականներ կան,- ասում է աբովյանցի  Մելանյան:- Նրանք հավանություն տվեցին իմ որոշմանը: Հայրս՝ Հովհաննես Ասլանյանը, Արցախյան պատերազմի մասնակից է, հիմա էլ ծառայում է զորքերում»:

«Կատարվեց մանկությանս երազանքը,- ասում է լուրջ, խոհուն աչքերով մյուս աղջիկը՝ գյումրեցի  Ժաննան:- Ամեն անգամ օդաչուի համազգեստը տեսնելիս ինչ-որ բան էր թրթռում մեջս: Մեր ընտանիքում էլ զինվորական է եղել՝ հայրս, որ հանգամանքների բերումով չի կարողացել շարունակել ծառայությունը: Իմ մեջ հենց նա է զինվորական գործի հանդեպ սեր բորբոքել»:

«Պապիկս՝ Հակոբ Փափազյանը, Արցախյան պատերազմի մասնակից է՝ օդաչու,- ասում է մյուս աղջնակը՝ Փափազյան Նելլին:- Քեռիս նույնպես զինվորական է: Մանկուց եմ երազել օդաչու դառնալ: Ու դառնալո՛ւ եմ: Հանձնել եմ օդաչուական ֆակուլտետի բոլոր քննությունները: Տեսողության հետ կապված աննշան խնդիր ունեմ, ինչը վերացնելուց հետո հույս ունեմ, որ երազանքս՝ ինքնաթիռը գետնից պոկելն ու օդ բարձրացնելը, անպայման կիրականանա: Հիմա ՀՕՊ ֆակուլտետի կուրսանտ եմ: Երբ մյուս տարի գաք, ուրախ կլինեմ ձեզ հայտնելու, որ արդեն ապագա օդաչու եմ»,- ասում է ինքնավստահ աղջիկը:

Բարի երթ ձեզ՝ մեր բանակի ապագա արծիվներ:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/08/2016