Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ – 2



Նորից ուղեւորվեցինք ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան հատված: Քառօրյա պատերազմից հինգ ամիս անց ի՞նչ է արվել զինվորի անվտանգ եւ ապահով ծառայության համար: Տեսանք իրականացված շինարարական մեծածավալ աշխատանքներ, վերակառուցված դիրքեր, ներդրված տեխնիկական միջոցներ…

 

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ - 2Դիրքերի արյունատար անոթները

Տեղաշարժվում ենք բարեկարգված ճանապարհներով, իսկ որոշ հատվածներում էլ վարորդը թեքում է ղեկն ու ամբողջովին նոր փորված երթեւեկության գիծ մտնում:  Հակառակորդի կողմից «Լյալյա Իլյագի» բլրի գրավումն առաջնային էր դարձրել զորքի անվտանգ տեղաշարժի հարցը: Այդ նպատակով էլ մասնավոր եւ պետական տեխնիկան, կամավորականներն ու զինծառայողները ամիսներ շարունակ լծվել էին կենսական նշանակության ճանապարհային նոր ցանցի կառուցման, ինչպես նաեւ հնի բարեկարգման գործին: Եվ չնայած տեղ-տեղ էքսկավատորները դեռ շարունակում են փորել հողը, հիմնական աշխատանքն արդեն կատարված է: Զորքի, զինտեխնիկայի տեղաշարժը մանրակրկիտ քողարկվել է կիլոմետրերով ձգվող մի քանի մետր բարձրությամբ հողաթմբերով:

Թիկունքն ու դիրքերն իրար միացնող ուղիներն ասես արյունատար անոթներ լինեն. որքան ապահով` այնքան ավելի անվնաս կիրականացվի շարժն ու մատակարարումը:

 

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ - 2Առաջնագծի դարպասը

Ապրիլյան կռիվներից հետո հարավարեւելյան ուղղության մի հատվածում նոր դիրքերի հիմնումը դարձավ անխուսափելի անհրաժեշտություն: Վաշտի նորակառույց հենակետը ռազմավարական նշանակություն ունի: Կարելի է ասել` առաջնագծի դարպասն է: Վաշտի հրամանատարի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Սողոմոնյանը պարզաբանում է. «Մեր դիրքը «Լյալյա Իլյագի» բլրի դեմ դիմաց է եւ զսպում է թշնամու «ախորժակը», փակում նրա ճանապարհը: Պաշտպանական շրջանի ամենավտանգավոր կետն է, ուստի այստեղ հերթապահող անձնակազմն էլ ընդունվածից մեծաթիվ է»:

Հրամանատարը փորձում է ոչինչ բաց չթողնել, ամեն ինչ ցույց տալ` ծավալված գիշերային ջերմադիտարկման կետը, անխոցելի կրակակետերն ու խրամաբջիջները, ջոկի թաքստոցը: Ինչ խոսք` կատարված աշխատանքը, իրոք, տպավորիչ է:

Հարեւան նորակառույց դիրքից էլ զինծառայողները վերահսկում են հակառակորդի թիկունք տանող ճանապարհը: Հենակետի ավագ, սերժանտ Վաչիկ Խաչատրյանը ասում է, որ հաճախ են նկատում մեքենաների շարժ. «Չեմ կարող ասել, թե ինչ են տանում-բերում՝ զինամթե՞րք, մա՞րդ, թե շինանյութ: Արձանագրում ենք, զեկուցում՝ ըստ վերադասության»:

Նոր դիրքերում արագ տեմպերով կառուցվում են կացարաններ: Աշխատանքներն իրականացնում են ոչ թե զինծառայողները, այլ՝ փորձառու կառուցապատողները: Նրանք վստահեցնում են. «Շուտով կացարանները կհանձնվեն շահագործման: Տնից չեն տարբերվելու»:

 

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ - 2Նոր միջոցներ`մեծ հնարավորություններ

Մեր այցելած բոլոր դիրքերում էլ ամենատպավորիչը ներդրված արդի տեխնիկական միջոցներն են, որոնք  ոչ միայն մի քանի անգամ բարձրացնում են դիրքապահների անվտանգության մակարդակը, բանակի մարտունակության աստիճանը, այլ նաեւ  հստակեցնում են ղեկավարման համակարգը:

Շարքային Սամվել Քալանթարյանը արդեն չորս ամիս է, ինչ ցերեկային դիտարկումը կատարում է նոր` հետախույզի խողովակ կոչվող սարքով: Զինվորն ասես ջրասուզակ լինի: Նա առանց դիտարկվելու հավանականության խրամատի ցանկացած կետից տեսնում է` ինչ է կատարվում հակադիր կողմում. «Այսօր նկատել եմ ինժեներական աշխատանքներ. հակառակորդը խորացնում է իր խրամատը»:

Ինքս էլ տվյալ սարքով զննում եմ թշնամու դիրքը, որը գրեթե ութ անգամ խոշորացված է: Իսկ որքան խոշոր է մասշտաբը, այնքան ավելի շատ տվյալներ կարելի է հավաքագրել:

Առաջնագծի ողջ երկայնքով գործարկվել է նաեւ ժամանակակից ցերեկային հետախուզման համակարգ, որը տալիս է ավելի մեծ հնարավորություններ: Հրամանատարական կետում հերթապահում են կապի դասակի զինծառայողները: Կրտսեր սերժանտ Դավիթ Գեւորգյանը ֆիքսում է հակառակորդի մեկ զինծառայողի շարժ, նշում է նախատեսված մատյանում, ապա արագ զեկուցում հրամանատարին: Ի դեպ, համակարգը հնարավորություն է ընձեռում հետեւելու նաեւ մեր դիրքերում տիրող իրավիճակին: Ամբողջ տեղեկատվությունը տեսագրվում եւ պահպանվում է:

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ - 2Դիրքերում 360 աստիճանի եւ մի քանի կիլոմետր խորությամբ դիտարկում են ապահովում տեղադրված գիշերային սարքերը: Դասակի հրամանատարը կամ դիրքի ավագը կարող է ցանկացած պահի պատկերը փոխանցել վերադաս հրամանատարությանը. «Որպեսզի պատկերացնեք, թե ինչ հզոր տեխնիկա է, ասեմ, որ  1000 մետրի վրա սավառնող թռչուն էլ ենք նկատում: Կարող ենք խոշորացնել մեզ հետաքրքրող պատկերը, ինչպես նաեւ ներմուծել կոորդինատներն ու դիտարկել պահանջվող կետը»,- ասում է դիրքապահ Էդգար Սարգսյանը: Զինվորները ցույց են տալիս նաեւ զենքերի նոր նշանոցները: Դրանք անփոխարինելի են գիշերային հերթապահության ժամանակ:

Բացի դիտարկման համակարգերից, առաջնագծում գործարկվել է նաեւ կապի նոր համակարգ: Պաշտպանության բանակի կապի պատասխանատուն` գնդապետ Արա Բախշյանը, նշում է. «Մեծածավալ աշխատանք ենք կատարել անխափան կապ ապահովելու համար: Ստեղծել ենք պահուստային կապուղիներ, ձեռք ենք բերել ռադիոկապի արդիական միջոցներ: Շուտով վերադաս հրամանատարությունը հնարավորություն կունենա առանց գաղտնալսվելու վտանգի կապ հաստատել յուրաքանչյուր դիրքի հետ»:

Թե՛ դիտարկման, թե՛ կապի միջոցները շահագործվում են մարտկոցներով: Էլեկտրական հոսանքի բացակայության պայմաններում լիցքավորումն իրականացվում է այլ միջոցներով: Սակայն այսօր արդեն մեկնարկել են հրամանատարական կետերը մշտական էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքները:

Ջուրը կյանք է

Մարտական հերթապահություն իրականացնող վաշտի սանհրահանգիչ Լեւոն Սահակյանն ուղեկցում է դեպի ջրի մետաղական  տակառները: Դրանց մեջ է պահվում խմելու ջուրը, որն ամեն առավոտ թարմացվում է: Լեւոնը ջրի բաժակը ինձ է մեկնում, բայց եւ զգուշացնում է` «Սառը չէ»: Դրսում +42- +45 աստիճան շոգ է: Սակայն մեր այցելությունից օրեր անց գործարկվեց բարերար Մնացական Առաքելյանի միջոցներով անցկացված ջրագիծը: Այսուհետ տասնյակ դիրքերում զինվորը կարող է բացել  ծորակն ու սառը ջուր ըմպել: Որոշ կետերում տեղադրվել են ջրատաքացուցիչներ. մարտական հերթապահությունից հետո դիրքապահը կարող է լոգանք ընդունել, լվանալ համազգեստը:

Հրամանատարները վստահ են` խմելու ջուրը մեծապես կնպաստի ինչպես զինվորի տրամադրության, այնպես էլ նրա մարտունակության բարձրացմանը:

Հ. Գ. Առաջնագծից հեռանալիս մտածում էի, որ հակառակորդի լռությանն այստեղ չեն վստահում. նախապատրաստվում են, անընդհատ ամրանում:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/08/2016