ԵՍ ՎԱՀԱՆՆ ԵՄ
Ո՛չ պատերազմին եւ բռնությանը` լուսանկարով, երգով ու ժպիտով
Կրտսեր սերժանտ Վահան Կիրակոսյանը ծառայում է սահմանային զորամասերից մեկում: Ծառայում է առանձնակի նվիրումով: Արցախյան պատերազմը խոր ու անջնջելի հետք է թողել նրա մարդկային ու ստեղծագործական նկարագրի վրա (մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է մորեղբայրը` օդաչու-հրամանատար Հրայր Կիրակոսյանը):
Վահանը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսից է զորակոչվել, լեզուների հանդեպ մեծ սեր ունի` տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին: Բազմաշնորհ երիտասարդը նաեւ ստեղծագործում է, շուտով լույս կտեսնի նրա «Ծարավը հիշելով» գրքույկը: Այս ամենից զատ` հրաշալի լուսանկարիչ է: Նրա աշխատանքները սոսկ լուսանկարներ չեն. ամեն պատկերի մեջ զգում ես նուրբ հոգու տեր մարդու դիտողականություն, սուր աչք, պահը որսալու բացառիկ ունակություն:
Վահանի լուսանկարներից մեկը 2014թ. նոյեմբերին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդի եւ No hate speech («Ո՛չ ատելությանը») շարժման համատեղ կազմակերպած կրոնական անհանդուրժողականության թեմայով լուսանկարչական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Օժտված երիտասարդին հրավիրել են Ստրասբուրգ՝ հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցելու մարդու իրավունքներին նվիրված ԵԽ գիտաժողովին: Երիտասարդ լուսանկարչին միջազգային ճանաչում բերած լուսանկարում կապված ձեռքերը քանդում, արձակում են մեկ այլ ձեռքեր: Այն խորհրդանշում է մարդու ազատագրումը բռնությունից, կապանքներից, կաղապարներից, ստորացումից: Լուսանկարում գթասրտության, բարության, մարդկայնությունը չկորցնելու, մարդ մնալու ազնիվ քարոզն ու գաղափարն է:
Վահան Կիրակոսյանը նաեւ երիտասարդության շրջանում սիրված եւ ճանաչված «Դետք» խմբի երգիչներից է: «Դետքը» պաշտպանության նախարարության աջակցությամբ վերջերս տեսահոլովակ է նկարահանել «Toy Guns» վերնագրով` նվիրված 2016թ. ապրիլին ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինվորներին: Գեղեցիկ, հուզիչ, անկեղծ եւ պարզ երգ է ¥երաժշտության հեղինակ` Արման Պետրոսյան, ռեժիսոր` Արման Մելքոնյան, օպերատոր` Կարեն Գալստյան, բառերի հեղինակ՝ Վահան Կիրակոսյան): Երգը անգլերեն է` նախատեսված մեծ լսարանի համար, աշխարհի համար, այն մի յուրօրինակ խաղաղության կոչ-հորդոր է՝ ուղղված մարդկությանը, ամեն մեկիս:
«Դետք» խումբը օրերս բարեգործական համերգներով հանդես եկավ Արցախում:
Ահա՛ մեր զինվորը, ահա՛ մեր Վահանը:
«Հայ զինվորը» դեռ կգրի այս երաժշտական խմբի եւ խմբի առայժմ միակ զինվորի՝ Վահան Կիրակոսյանի հաջողությունների մասին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Ազգային բանակ