«ԴՅՈՒՑԱԶՈՒՆ». ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սեպտեմբերի 3-ին ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ:
«Դյուցազուն» համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր զորամիավորումների ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին եւ սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական ունակություններն ամրապնդելու, մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու եւ մարտունակությունը բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:
Օգոստոսի 20-ին մեկնարկած ստուգատեսի ընթացքում անցկացվել են մրցույթի փուլերով նախատեսված ստուգողական վարժանքներ, ֆիզիկական եւ կրակային պատրաստության մրցույթներ, օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքներ, պարաշյուտային թռիչքներ ու տարբեր արգելագոտիների հաղթահարման փորձություններ:
Եզրափակիչ փուլ անցած զինծառայողներն ուժերն են չափել ուսումնական ձեռնամարտում:
«Դյուցազուն» որակավորման մրցույթի եզրափակիչ փուլի ավարտին լավագույն մասնակիցներին խորհրդանշական սեւ բերետները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դյուցազունները սեւ բերետները կրելու իրավունք կունենան մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ մյուս ստուգատեսը:
Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ