ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԻՉԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ…
Վերջերս Երևանում լույս տեսավ հայտնի թուրք պատմաբան, ցեղասպանագետ, դոկտոր, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» վերնագրով գիրքը, որը 2014 թվականին թուրքերենով հրատարակվել էր Ստամբուլում: Այժմ գիրքը հասանելի է նաև հայ ընթերցողին` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակիցների ջանքերի շնորհիվ և «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ: Գրքի թարգմանիչն է թուրքագետ, պ.գ.թ. Մելինե Անումյանը, իսկ խմբագիրը` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բ.գ. թ. Հայկազուն Ալվրցյանը: Մելինե Անումյանի հետ զրուցեցինք գրքում բարձրացված հարցադրումների և խնդիրների մասին:
– Թաներ Աքչամի գիրքը վերնագրված է «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում»: Հեղինակն այն վերնագրել է ըստ գրքի երեք գլուխների բովանդակության: Խնդրում եմ, ընդհանուր գծերով ներկայացրեք դրանցում ամրագրված կարևոր մտքերը:
-Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ Թաներ Աքչամն այս մենագրության մեջ անդրադառնում է ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության ազդեցությանը թուրք հասարակության և, հատկապես, վերջինիս` իրեն առաջադեմ համարող հատվածի վրա: Առաջին գլխում խոսում է այն մեծ դժվարությունների մասին, որոնց հետ, հատկապես Հրանտ Դինքի սպանությանը նախորդող ժամանակաշրջանում, Թուրքիայում բախվում էր Հայոց ցեղասպանության հարցի անաչառ ուսումնասիրությամբ զբաղվել փորձող յուրաքանչյուր մտավորական: «Մի միայնության պատմություն կամ բորոտի պես շրջել սեփական երկրում». այսպես է նա բնորոշել իր վիճակը իր իսկ երկրում ցեղասպանության հարցով զբաղվել սկսելուց հետո: Նա փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ թուրք մտավորականները չէին ցանկանում անդրադառնալ Հայկական հարցին, և ընդգծում, որ «լռություն պահպանելու մասին լուռ պայմանագրի» այդ ժամանակաշրջանում Մեծ եղեռնի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները ենթարկվում էին ոչ միայն ազգայնամոլների և պետության սպառնալիքներին, այլև` իրենց առաջադեմ և ժողովրդավար համարող զանգվածի բացասական և անգամ՝ թշնամական վերաբերմունքին: Աքչամը գրքում շեշտում է, որ «Հրանտ Դինքին սպանողները պատճառ դարձան, որ հազարավոր լռություններ ճիչի վերածվեն…»:
Գրքի երկրորդ մասում, որպես առաջին գլխի տրամաբանական շարունակություն, Թաներ Աքչամը ներկայացնում է այն քննարկումները, որ մի քանի տարի առաջ ընթացան Թուրքիայում, երբ այստեղ տպագրվեցին օսմանյան բանակում ծառայած հայ կապիտան Սարգիս Թորոսյանի հուշերը: Վերջինիս գոյության փաստը բնականաբար չէր կարող ընդունելի լինել թուրք հասարակության համար, քանի որ պաշտոնական պատմագրությունը օսմանահպատակ հայերին միշտ ներկայացրել է որպես «դավաճանների, որոնք պատերազմի բովում հարվածել են թիկունքից»: Այնինչ Սարգիս Թորոսյանի օրինակից երևում է, որ հայերը ոչ միայն ծառայել են օսմանյան բանակում, այլև սխրագործություններ են կատարել և արժանացել պատվոգրերի: Այսուհանդերձ, Թորոսյանի ընտանիքը ևս աքսորվել և սպանվել է, թեև, ըստ օրենքի, բանակում ծառայող հայ զինվորականների ընտանիքները ենթակա չէին տեղահանության: Ինչպես շեշտում է Աքչամը, Սարգիս Թորոսյանի վերաբերյալ Թուրքիայում ծավալված քննարկումների ամբողջ ընթացքում ոչ միայն ժխտվում էր հայ կապիտանի գոյության փաստն ընդհանրապես, այլ նաև անտեսվում էր նրա ապրած ողբերգությունը:
Ամենածավալուն՝ երրորդ գլխում, հեղինակը, հիմնվելով գրեթե բացառապես օսմանյան աղբյուրների և հատկապես կառավարության կողմից շրջաններ հղված հեռագրերի վրա, անդրադառնում է Հայոց ցեղասպանության հետևանքներից մեկը հանդիսացող կրոնափոխ հայության հիմնահարցին:
-Գրքում նշվում է, որ ՄԱԿ-ի` Ցեղասպանության մասին կոնվենցիայի քննարկումների առաջին փուլում Լեմկինը պնդել էր, որ «մշակութային ցեղասպանություն» տերմինն ամրագրվի կոնվենցիայում, սակայն վերջնական տարբերակում այս եզրույթը հանվել է:
-Ինչպես Թ. Աքչամն է նշում, այնպիսի թյուր պատկերացում կա, թե իբր ցեղասպանությունն իրականացվում է զուտ ֆիզիկական ոչնչացմամբ: Այնինչ իրականում, ինչպես դա շեշտել է նաև գենոցիդ (ցեղասպանություն) եզրույթը շրջանառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինը, ցեղասպանությունը մի որևէ էթնիկ կամ այլ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացումն է: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ բնաջնջումն իրականացվի միայն ֆիզիկապես: Ըստ Լեմկինի` ցեղասպանություն նշանակում է մի խմբի բնաջնջմանն ուղղված ֆիզիկական, կենսաբանական և մշակութային ոչնչացման տեխնիկաների կիրառում: Մշակութային ցեղասպանությունը կարող է նախաքայլ համարվել ֆիզիկական բնաջնջումից առաջ: Ինչպես նշում է Աքչամը, Լեմկինի այս առաջարկը հանվել էր Ցեղասպանության մասին կոնվենցիայի վերջնական տարբերակից, քանի որ մեծ տերությունները մտավախություն են ունեցել, թե կարող է մշակութային ցեղասպանություն համարվել նաև գաղութներում իրենց վարած քաղաքականությունը:
-Գրքում շեշտվում է նաև «բռնի ուծացում» և «բնական ուծացում» տերմինների տարբերակման կարևորությունը: Ինչի՞ն է հատկապես, ըստ Ձեզ, ընթերցողի ուշադրությունը ուզում ուղղել թուրք պատմաբանը:
-Բռնի ուծացումը մշակութային ցեղասպանության մի մասն է, քանի որ վերջինս ընդգրկում է նաև տվյալ խմբի հոգեմտավոր արժեքների` կրոնական ու կրթական հաստատությունների, և ամբողջ մշակութային ժառանգության ոչնչացումը: Աքչամն ընդգծում է, որ պետք է տարբերակում դնել նաև բնական ուծացման և բռնի ուծացման միջև, քանի որ բնական ասիմիլյացիան կարող է լինել երկարատև գործընթացի բնական հետևանք, իսկ բռնի ուծացումը կատարվում է կարճ ժամանակահատվածում և միտումնավոր կերպով:
Գրքի երրորդ գլխում հեղինակը շեշտում է, որ մինչ այժմ Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրած գիտնականներն առավելապես կենտրոնացել են ֆիզիկական բնաջնջման վրա, քանի որ ընդհանրապես ցեղասպանագիտության մեջ ընդունված է որպես ցեղասպանության դասական օրինակ համարել Հոլոքոստը, որի ժամանակ բռնի ուծացում գրեթե չի կիրառվել: Այնինչ, ինչպես նշում է ցեղասպանագետը, անգամ Լեմկինը շեշտել է ցեղասպանության գլխավոր տարրերից մեկի` բռնի ասիմիլյացիայի մասին: Այսպիսով, Աքչամը հայերի կրոնափոխությունը և ուծացումը դիտում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարր` միաժամանակ ընդգծելով, որ Մեծ եղեռնն իրագործվել է նաև մեծամասշտաբ ֆիզիկական բնաջնջմամբ:
– Ինչպիսի՞ արժեք և նշանակություն կարող է ունենալ Թաներ Աքչամի այս գիրքը` Հայ դատի հետապնդման տեսանկյունից: Այսինքն` գրքում ներկայացված փաստերն ինչպե՞ս կարող են նպաստել հայկական հարցի արդարացի լուծմանը:
-Այս գիրքը կազմված է գրեթե բացառապես օսմանյան աղբյուրների, հատկապես այն հեռագրերի հիման վրա, որ Ցեղասպանության ամբողջ ընթացքում կենտրոնական կառավարությունը հղել էր Օսմանյան կայսրության շրջաններ և ստացել պատասխանները: Այս առումով, մենագրությունը խիստ արժեքավոր փաստաթղթեր է պարունակում, որոնք բացահայտում են Հայոց ցեղասպանության և հայերի բռնի ուծացման համակարգված բնույթը: Ինչպես նշում է Աքչամը, մասնագիտական գրականության մեջ կարծիք է եղել, թե կրոնափոխությունը չի խրախուսվել և չի վերահսկվել կենտրոնական իշխանությունների կողմից, այլ միայն կատարվել է տվյալ շրջանի կառավարչի քմահաճույքով կամ նրա «բարեհաճությամբ»: Այնինչ, սույն հեռագրերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ երիտթուրք իշխանավորները և հատկապես Թալեաթը լիովին վերահսկել են կրոնափոխության ամբողջ գործընթացը` ժամանակ առ ժամանակ թույլ չտալով, որ կրոնափոխ հայերը մնան իրենց բնակավայրերում, քանի որ իթթիհադականների նպատակը եղել է հայերի որպես ժողովուրդ իսպառ ոչնչացումը: Աքչամն առանձին ենթագլխում անդրադառնում է նաև հայ երեխաների և կանանց բռնի ուծացման քաղաքականությանը` ընդգծելով, որ երիտթուրքերը հեռագրերում նշել են, որ այդ մանուկները ծնողազուրկ են դառնալու, և հարկ է նրանց ցրել որբանոցներում կամ մահմեդականների տներում` դաստիարակելով ըստ իսլամաթուրքական մշակույթի: Հեղինակը շեշտում է այս հարցում առկա և ցեղասպանագիտության համար խիստ էական դիտավորության փաստը, այսինքն` երիտթուրքերը փաստորեն շատ լավ գիտեին, որ հայերին ստույգ մահվան են ուղարկում: Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը բռնի ուծացումը և կրոնափոխության դեպքերը համարում է Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրերից մեկը և իսլամացումը բացարձակապես չի դիտում որպես «փրկություն»: Նա նաև ընդգծում է, որ բռնի ուծացման ենթարկված հայ կանայք ու երեխաները ևս ոչնչացվել են` որպես էթնոս, և եթե փրկվել էլ են, ապա` զուտ ֆիզիկապես…
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում