Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՃՌՈՐՈՇ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ



ՎՃՌՈՐՈՇ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐՍեպտեմբերի 2-4-ը Երևանում անցկացվեց եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության արդի խնդիրներին: Այն կազմակերպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ: Դասընթացներին մասնակցեցին  քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբույժներ և վնասվածքաբաններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից: Փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների միջոցով մասնակիցներն անդրադարձան հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, անզգայացման, արտակարգ իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման և այլ խնդիրների:

Դասընթացը վարեցին ԿԽՄԿ-ի փորձառու վիրաբույժներ Մարտին Հերմանը (Գերմանիա) և Մարկո Պինա Պինտորը (Իտալիա): Նրանք երկար տարիներ աշխատել են տարբեր երկրներում գործող ԿԽՄԿ հիվանդանոցներում և հանդես եկել նմանաբնույթ դասընթացներով:

Բարձր գնահատելով ԿԽՄԿ-ի և ՀՀ ՊՆ  միջև համագործակցությունը` ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը «Հայ զինվորին» տված հարցազրույցում մասնավորապես նշեց. «ԿԽՄԿ-ի և ՀՀ ՊՆ  միջև համագործակցությունը արդեն երկար տարիների պատմություն ունի: Մենք փոխգործակցել ենք տարաբնույթ աշխատանքների շրջանակներում, ունեցել ենք երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն: Դրա օրինակներից մեկն էլ այս սեմինարն է:

ՎՃՌՈՐՈՇ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐՔսան տարուց ավելի է, ինչ մենք ռազմադաշտային վիրաբուժության թեմայի շուրջ դասընթացներ ենք կազմակերպում հակամարտություններից տուժած տարբեր տարածաշրջաններում:  Ես անչափ ուրախ եմ, որ այսքան մեծ թվով ռազմական բժիշկներ հնարավորություն ստացան այս օրերին մասնակցելու մեր վիրաբուժական սեմինարին: Կարծում եմ՝ մտքերի և փորձի փոխանակումը ստացվեց: Դոկտորներ Մարկոյի և Մարտինի դասախոսությունները վերաբերում էին հատկապես ռազմական իրավիճակում սահմանափակ ռեսուրսների պայմաններում աշխատանքի առանձնահատկություններին: Մեր փորձից ելնելով՝ փաստեմ, որ նման սահմանափակումներ հաճախ են հանդիպում ռազմական գործողությունների ժամանակ: Սա հաշվի առնելով` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վիրաբույժների թիմը մշակել է համապատասխան մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել նաև հայաստանյան  ռազմական վիրաբույժների համար: Մեր այս օրերի աշխատանքը դասընթաց համարելը այնքան էլ ճիշտ չէ,  քանի որ սա իրականում առավելապես փորձի փոխանակում էր»:

Մյուս մասնակիցների կարծիքով այս սեմինարը լավ առիթ էր միջազգային ասպարեզում կիրառվող փորձն ու մոտեցումները ուսումնասիրելու և մեր հանրապետությունում առկա ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով:

Բարձր գնահատելով դասընթացը` ՀՀ ՊՆ Զանգեզուրի  կայազորային հոսպիտալի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Դանիել Մկրտչյանը մասնավորապես նկատեց. «Միանշանակ դրական եմ գնահատում այսօրինակ միջոցառման անցկացումը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վիրաբույժները ներկայացրին այս ոլորտում իրենց կուտակած փորձը: Մենք էլ, համեմատելով մեր փորձն ու ներկայացված տեղեկությունները, այսպես ասած, «ոսկե միջինը» ընտրելու հնարավորություն ստացանք»:

ՎՃՌՈՐՈՇ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԴասախոսներից Մարկո Պինա Պինտորն էլ իր հերթին նկատեց, որ լսարանը իրազեկ էր, պատրաստված, և մասնակիցները բոլորն էլ իրենց սեփական փորձառությունն ունեին: «Այս տեսանկյունից,- նշեց փորձագետը,- կարող եմ ասել, որ շատ արդյունավետ և հետաքրքիր սեմինար կայացավ: Մենք մեր փորձը փոխանցելուն զուգընթաց`  նաև ինքներս շատ բան սովորելու հնարավորություն ունեցանք»:

Նշենք նաև, որ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ ռազմադաշտային վիրաբուժության նման դասընթաց Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում: Դրա ավարտին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մասնակիցներին շնորհվեցին շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ և մասնակցության հավաստագրեր:

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Բանակ և հասարակություն


07/09/2016