Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՀԱՄԱՐՁԱԿՈՐԵՆ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՀԱՄԱՐՁԱԿՈՐԵՆ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԹուրքիայում հեղաշրջման փորձից երկու օր առաջ՝ հուլիսի 13-ին, Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը պատասխանեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսպանիայի խոշորագույն «Էլ Պաիս» թերթի բարձրացրած վեց գրավոր հարցերի: Եվ երբ «Էլ Պաիսը» չհրապարակեց նրա պատասխանները, դոկտ. Բերքթայը որոշեց օգոստոսի 15-ին իր հարցազրույցը տեղադրել թուրքական «Սերբեսթիյեթ» կայքում՝ «Ցեղասպանությունը եղել և մնում է ցեղասպանություն՝ հեղաշրջմամբ կամ առանց դրա» վերնագրով:

Թուրք մտավորական պրոֆ. Բերքթայը «Էլ Պաիս» թերթին ասաց, որ ինքը բազմիցս Հայոց ցեղասպանությունը  բնութագրել է որպես «օսմանյան հայերի գրեթե ամբողջական բնաջնջում և ոչնչացում»: Դոկտ. Բերքթայը խոստովանեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր անկեղծ հայացքների համար, «մանավանդ 2002 թ. առաջ և նույնիսկ դրանից հետո (թեև այլևս ոչ կառավարության կողմից), իր նման մարդկանց նկատմամբ ահռելի անօրինական ճնշում՝ շանտաժ, խարդավանք ու սպառնալիքներ կամ այլ տեսակի հոգեբանական ահաբեկություն է կիրառվել, որին ես և մյուսները ստիպված էինք դիմակայել»:

Պատասխանելով «Էլ Պաիսի» հարցին, թե «ինչո՞ւ է Թուրքիան հրաժարվում վերանայել անցյալը», դոկտ. Բերքթայը պատասխանեց. «Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915 թվականին, դիտարկվում էր որպես սև բիծ թուրք ազգայնականության համար: Բացի այդ, քանի որ այն չէր իրագործվել քեմալական հանրապետության հովանու ներքո, եւ քանի որ հանրապետությունը ժառանգել էր էթնիկ զտումներով հայերից ազատված տարածքի պատասխանատվությունը, այն իր բնույթով անթույլատրելի խարան էր քեմալական հեղափոխության «բաղձալի, անբասիր» օրինականության համար: Ուստի տաբու դրվեց, եւ այն դարձավ արգելված և անքննելի:  Միայն այս ու այնտեղ, հիմնականում արտերկրում ապրող և աշխատող մի քանի մտավորականներ խոսեցին դրա մասին. ձայն բարբառո հանապատի»: Պրոֆ. Բերքթայը հավելեց՝ 2000-ից «ամեն ինչ սկսեց փոխվել». Հայոց ցեղասպանության մասին խոսող թուրք մտավորականների թիվը սկսեց աճել:

Դոկտ. Բերքթայի հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածն այն է, որում նա նշում է հիմնական պատճառը, թե ինչու թուրքական կառավարությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Թուրքիայի կառավարությունը չգիտի, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք ասեն, որ, այո՛, կատարվածը ցեղասպանություն էր: Ի՞նչ կանի Հայաստանը: Արդյոք չի՞ պահանջի նյութական փոխհատուցում կամ նույնիսկ հողերը: Իհարկե, վերջինը անհնարին է: Ուստի շատ հավանական է, որ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ նրանք կցանկանան իմանալ Հայաստանի մտադրությունների մասին: Մյուս կողմից՝ քանի դեռ Հայաստանը շարունակում է չբացել իր խաղաքարտերը, կոտորածների՝ որպես ցեղասպանության ճանաչումը դեռ երկար կձգձգվի»:

Ինչ խոսք, պրոֆեսորի վերոնշյալ հայտարարությունից երեւում է, որ նա եւս հողերի վերադարձը Հայաստանին հնարավոր չի տեսնում, սակայն չի բացառում փոխհատուցումը:

Պրոֆ. Բերքթայը մեծ ռիսկի է դիմել՝ հրապարակելով Հայոց ցեղասպանության շուրջ իր պատասխանները համացանցում՝ հատկապես հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի պայմաններում, երբ տասնյակ հազարավոր անմեղ թուրք քաղաքացիներ ձերբակալվել և նետվել են բանտերը…

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Տարածաշրջան


07/09/2016