Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ



ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄՍեպտեմբերի 1-ին ԵՊՀ «Վարդանանք» ակումբի անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն. անցկացվեց ամենամյա «Գիտելիքի եւ խաղաղության օր Եռաբլուրում» միջոցառումը:

 

Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ աշնան առաջին օրը վարդանանքցիները պետք է լինեն այս հուշահամալիր-պանթեոնում. չէ՞ որ այստեղ են գտնվում Արցախյան ազատամարտում փառահեղ հաղթանակ բերած տղաների շիրիմները: Այս տարի ակումբականներից, համալսարանական ազատամարտիկների հարազատներից զատ, ծրագրին միացել էին նաեւ մերօրյա հերոսներ Ազատ Ասոյանի, Արմեն Հովհաննիսյանի եւ Պարույր Մելքոնյանի ծնողները:

Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի այցելելուց հետո վարդանանքցիները պանթեոնում պտտեցրին 100 մետր երկարությամբ դրոշը՝ ի երախտիք այն բանի, որ տղաներն իրենց կյանքի գնով են ազատագրել հայրենիքը, հերոսացել ու օրինակ դարձել եկող սերունդների համար: Այնուհետեւ համալսարանական (եւ ոչ միայն) ազատամարտիկների շիրիմներին դրվեցին ծաղիկներ:

«Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս փորձում ենք տղաների մասին նոր բացահայտումներ անել: Այս հարցում մեզ օգնում են մեր հերոսների հարազատները: Թեեւ Արցախյան ազատամարտը խլեց նրանց կյանքը, այնուամենայնիվ, նրանք իրենց տեսակով, գործով ու հերոսական քայլերով ցույց տվեցին, թե ինչ է հայրենիքը, եւ թե ինչու էր պետք կյանքը դնել զոհասեղանին: Ահա այս նպատակն է հետապնդում այս ծրագիրը, որը տարեցտարի իր շուրջն է համախմբում հարյուրավոր երիտասարդների»,- ասաց «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄՀարցին, թե ինչու է ընտրվել հենց սեպտեմբերի 1-ը, տիկին Աբրահամյանը պատասխանեց. «Արցախյան գոյապայքարում տղաներից շատերն իրենց ուսումը կիսատ թողեցին, մեկնեցին ռազմաճակատ՝ չվայելելով սեպտեմբերմեկյան գեղեցիկ օրվա խորհուրդը: Չվերադարձան, եւ ուսումն էլ անավարտ մնաց: Այս գիտակցմամբ առաջնորդվելիս շատ կարեւոր է առաջին դասը Եռաբլուրում անցկացնելը, որովհետեւ մեր երիտասարդները պետք է լծվեն հայրենասիրությամբ՝ միաժամանակ վարակելով իրենց շուրջը գտնվող մարդկանց»:

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետ ընդունված Իրինա Գեորգիյանը կուրսընկերների հետ սեպտեմբերի մեկը նշելու փոխարեն նախընտրել էր մասնակիցը դառնալ այս միջոցառման: Իրինայի հորեղբայրը համալսարանական ազատամարտիկ Ֆուրման Գեորգիյանն է, ում մասին այսուհետ լսելու է ոչ միայն ընտանիքում, այլեւ համալսարանում, որտեղ պարբերաբար կազմակերպվում են ազատամարտիկներին նվիրված հուշ-ցերեկույթներ: Ապագա տնտեսագետն իր առաջին դասն անցկացրել է հենց հորեղբոր անունը կրող լսարանում:

Հայրենասիրական երգեր, ընթերցումներ ու Արցախյան ազատամարտի այս կամ այն դրվագից ներկայացում. ահա այսպես ավարտվեց Գիտելիքի եւ դպրության տոնը Եռաբլուրում:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուս.՝ Լիլիթ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Բանակ և հասարակություն


07/09/2016