ԱՄԲՈՂՋԱՑԱՎ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՌԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Բացվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետը
Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից և բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության և մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները:
Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:
Ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման եւ օծման արարողությունից հետո հանրապետության նախագահը եւ արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և համալսարանի պետ, գեներալ-մայոր Ղահրամանյանը կտրում են խորհրդանշական կարմիր ժապավենը. հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը պաշտոնապես բացված է: Նախագահը շրջայց է կատարում նորակառույց շենքում, ծանոթանում կատարված աշխատանքներին եւ ուսումնառության պայմաններին, հարուստ ուսումնանյութական բազային:
Իր ելույթում նախագահը մի քանի կարևոր եզրահանգումներ է անում: Նա, մասնավորապես, ասում է.
-Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը՝ նախազորակոչային պատրաստությունից մինչեւ ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը: Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է:
Սպայակազմը, ըստ էության, պետության ողնաշարն է, եւ հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը:
Բարձրագույն ռազմական կրթության այս հաստատությունը գումարտակ-բրիգադ օղակում մեր հրամանատարներին եւ շտաբային սպաներին կտրամադրի համազորային, համատեղ, համապետական եւ բազմազգ օպերատիվ միջավայրում կողմնորոշվելու, որոշում ընդունելու եւ գործելու իմացություն՝ զուգահեռաբար ապահովելով նրանց որակավորումը որպես ռազմական կառավարման մագիստրոսներ: Համոզված եմ, որ հրամանատարաշտաբային ֆակուլտետը դառնալու է քննադատական, ստեղծագործական եւ համակարգային մտածելակերպով օժտված հայոց զինուժի ավագ սպայակազմի կրթության դարբնոցը:
Դիմելով ֆակուլտետի ունկնդիրներին՝ նախագահը նշում է.
-Հարգելի՛ սպաներ, Դուք եք ձեւավորելու Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական ղեկավարությունը: Իմ ցանկությունն է, որ ձեր կյանքի այս հատվածն ընդունեք որպես պրոֆեսիոնալ սպաների կայացման կարեւորագույն ուղենիշ: Ձեր կողմից ձեռք բերվելիք գիտելիքների եւ հմտությունների հետ մեծ հույսեր են կապում մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր անմիջական հրամանատարներն ու գործընկերները, բայց ամենակարեւորը՝ ձեր ենթակաները:
♦♦♦
Կարելի է փաստել, որ ռազմական կրթությունն անընդհատ կատարելագործվում է: Բուհի պատասխանատուների ներկայացմամբ՝ հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել եւ անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլեւ ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ նախադրյալներ:
Այժմ արդեն գործում է սպաների պատրաստության եռաստիճան համակարգ: Առաջին մակարդակն ապահովում են Հայաստանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը: Նրանք ընդունում են նորեկների, ճանապարհում՝ երիտասարդ սպաների` դասակի հրամանատարների «Մոտոհրաձգային, հրետանային, տանկային, հետախուզական եւ ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ: Չորսամյա կրթական ծրագրերը նախատեսված են հանրակրթական դպրոցներ, վարժարաններ եւ մեկամյա սպայական կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտածների համար:
Երկրորդ փուլը (մագիստրատուրան) վերը նշված ֆակուլտետն է, որի շրջանավարտները լինելու են միավորման և գնդի հրամանատարներ ու տեղակալներ:
Երրորդ մակարդակում սպաներն ուսում են ստանալու վերջերս բացված պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում: Այստեղ նախապատրաստելու են բարձրագույն հրամանատարության օղակի սպաների:
Այս համակարգը սպաներին թույլ կտա զարգացնել օպերատիվ մտածողությունը, արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում և համապատասխան որոշումներ կայացնել:
Ինչպես իր խոսքում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման ուղղությունների մեջ ամենակարևորներից մեկը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է: Այդ ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվել. ձեւավորվել է «ճանապարհային քարտեզ», որով հայոց բանակի պրոֆեսիոնալ զինծառայողը, հայոց բանակի սպան պետք է կրթվի եւ այնուհետեւ նաեւ գործնական ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ամրապնդի, հմտանա, ունենա համապատասխան օպերատիվ մտածելակերպ առօրյա գործունեությունն իրականացնելու համար: «Այսինքն՝ նրանք համապատասխան գիտելիքներ, հմտություններ, ունակություններ են ձեռք բերելու, որպեսզի կարողանան ժամանակակից համազորային օպերացիաներ, մարտական գործողություններ մշակել, արագ կողմնորոշվել ցանկացած իրադրության մեջ եւ իրադրության գնահատման արդյունքում համապատասխան որոշումներ ընդունել, նախապատրաստել զորքը մեր երկրի պաշտպանությունն իրականացնելու համար»,- նշեց նախարարը:
♦♦♦
Հրամանատարաշտաբային ֆակուլտետը նոր է բացվել, սակայն դասընթացների մեկնարկը տրվել է դեռ 2013-2014 ուսումնական տարվանից, եւ զինված ուժերն արդեն համալրվել է 39 սպայով: Աշխարհի հզոր բանակների կրթական ծրագրերը Հայաստանի պայմաններում տեղայնացվել են, համապատասխանեցվել մեր առանձնահատկություններին: Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում ընդգրկված են միջազգային եւ ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները: Իրականացվող դասընթացների տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ունկնդիրներն ուսումնասիրում են միջազգային և ազգային անվտանգության, առաջնորդման և կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում «Ազգային և տարածաշրջանային անվտանգություն», «Օպերատիվ արվեստ», «Ընդհանուր մարտավարություն», «Շտաբների ծառայություն մարտական պայմաններում», «Առաջնորդում և կառավարում» առարկաներին, որոնց հատկացված է ուսումնական ծրագրի ժամաքանակի հիմնական մասը:
Ունկնդիրները ուսումնառության ընթացքում մասնակցում են ԶՈւ ԳՇ պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժություններին, դասընթացներն ավարտում են պետական ավարտական քննություններով և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Կրթական համալիրն օժտված է թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Դասավանդող անձնակազմի մասին Սեյրան Օհանյանը նշեց, որ կադրերը բավարար են: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ նաեւ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն այսօր ունեն փորձառու կադրեր, օտարերկրյա ուսումնական հաստատություններում կրթված սպաներ: Անհրաժեշտության դեպքում դասախոսներ կհրավիրվեն նաև ՌԴ-ից, ՀԱՊԿ երկրներից, արևմտյան պետություններից։
Կանոնակարգված է նաև զինվորական դառնալ ցանկացող կամ տվյալ պաշտոնների համար անհրաժեշտ ուսանողների թիվը: ՊՆ կադրային քաղաքականությունը հստակ է՝ «Մենք ընդունում ենք ճիշտ այնքան սպաների, որոնք հետագայում իրենց ծառայությունը պետք է շարունակեն արդեն զորամասի հրամանատարի տեղակալներ, զորամասի հրամանատարներ եւ զորամիավորման հրամանատարի տեղակալներ օղակներում:
Կարևորելով ֆակուլտետի բացումը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց.
-Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մեր երկրում կարող ենք ապահովել արդի սպայական կազմի պատրաստման լիարժեք շրջափուլը՝ ներառելով նաև նախազորակոչային պատրաստությունը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստությունը, կրտսեր, ավագ և բարձրագույն սպայական կազմի կրթության փուլերը: Հատկապես կարևորում եմ երեք գործոն: Առաջին. ակնկալում եմ, որ նոր ֆակուլտետը կօգնի ավելի բարձր մակարդակի հասցնելու սպայակազմի կողմից միջազգային և ազգային անվտանգության հիմնախնդիրների յուրացումը և դրանց լուծման գիտատեսական մշակումների իրականացման աշխատանքները:
Երկրորդ. թույլ կտա ընդհանրացնել Արցախյան ազատամարտի ու զինադադարի հաստատումից հետո անցած ավելի քան երկու տասնամյակների փորձը և այն համադրել ռազմամասնագիտական առարկաների գիտելիքների հետ՝ էապես բարձրացնելով Հայաստանում զինվորական կրթության ընդհանուր մակարդակը:
Երրորդ. հրամանատարաշտաբային ֆակուլտետին բացառիկ դերակատարություն է վերապահված համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները տեսնելու, նրա նվաճումները յուրացնելու, տեղայնացնելով՝ 21-րդ դարի հայկական ռազմարվեստի հիմունքները շարադրելու գործում:
Մեկնարկում են ոչ թե հերթական դասընթացները, այլ անցում է կատարվում օպերատիվ մակարդակում անհրաժեշտ կրթության կազմակերպմանը, որը նախատեսված է զորամասերի և զորամիավորումների ռազմական կառավարումն իրականացնելու և օպերատիվ արվեստ ուսուցանելու համար:
Հ.Գ. Հենց այս դասընթացների երկրորդ հոսքի շրջանավարտներից էր նաև Արցախի հարավային դարպասները պաշտպանող զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը, որը ապրիլյան ծանր օրերին օգնության հասնելով անհավասար մարտ մղող հենակետի անձնակազմին, զոհվեց նրանց հետ միասին՝ զորամասի պաշտպանության կարևորագույն ուղղություններից մեկում կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում