ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Սեպտեմբերի 2-ն է, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը: Մարդաշատ է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը: Երիտասարդները պարզել են «Արցախը տարածք չէ, այլ` հայրենիք», «Սա Հայաստան է, եւ վերջ», «Լավագույն խաղարարները մեր զինվորներն են» (այս մեկը ռուսերեն), «Անկախությունը պարգեւ չէ, այլ նվաճում», «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» պաստառներ: Եվ ապրիլյան պատերազմից ամիսներ անց այս բառերն ավելի քան խոսուն են:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, արտերկրից ժամանած հյուրերը եւս Վերածննդի հրապարակում են: Ժամը 10:30-ին հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Իսկ անկախության սերնդակիցները տանում են 25 տարվա մեջ երբեւէ կարված ամենաերկար դրոշը:
Երթի շարքերում ապրիլյան պատերազմի ժամանակ աչքի ընկած ծանոթ հրամանատարների եմ նկատում: Քայլերս հավասարեցնում եմ գնդապետ Գրիգորի Սահակյանին. նա ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է: Փորձում եմ զրույցի բռնվել, բայց ինձ հերթ չի հասնում. նրան շրջապատել են դպրոցականները, մեծահասակները ակնածանքով ձեռքն են սեղմում: Եվ վերջապես հրամանատարն ասում է.
-Մարտերին զուգահեռ մենք թշնամու աչքի առաջ հզոր, գերամուր կրակակետեր էինք կառուցում: Սա ուղերձ էր` մենք կռվելու ենք, չենք նահանջելու, զիջելու ոչինչ չունենք: Հպարտ եմ զորամասիս համար, զինծառայողներիս համար: Հպարտ եմ, որ արդարացրինք ժողովրդի, ղեկավարության, մեր ընտանիքների հույսերը: Այն, որ արցախցին ապագայի ծրագրեր է կազմում, տունն է վերանորոգում, ամուսնանում է, երեխայի ձեռքը բռնած առաջին դասարան է տանում կամ պատշգամբում վայելում է առավոտյան թեյը, մեզ` զինվորականներիս համար ամենամեծ պարգեւն է: Մենք այստեղ ապրելու ենք, մենք այստեղ տոնելու ենք մեր մեծ ու փոքր հաղթանակները, եւ ոչ մի թշնամի չի կարողանա կոտրել մեր այս վճռականությունը,- եզրափակում է հրամանատարը:
ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանու պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանի տոնական համազգեստին նկատում եմ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը: Վերջերս է պարգեւատրվել: Ապրիլի 2-5-ը ՊԲ պաշտպանության գոտում հենց նրա ղեկավարությամբ է հայկական հրետանին ոչնչացրել հակառակորդի ականանետային, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերը, կազմալուծել թշնամու ղեկավարման համակարգը և, ի վերջո, ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը:
-Ես խոսել չեմ սիրում, միայն լավ հաշվարկ եմ կարողանում կատարել (ժպտում է): Առաջին պատերազմի ժամանակ մենք ձեռք էինք բերել անկախ ապրելու մեր իրավունքը, իսկ ապրիլյան մարտերում ամրագրել ենք այն: Մենք չենք կարող լինել օտարի տիրապետության տակ եւ չենք լինելու: Ես այստեղից` Վերածննդի հրապարակից, ասում եմ հակառակորդին՝ ինքներդ ձեզ մի՛ խաբեք. այլեւս հետդարձ չկա: Արցախը եղել է, կա ու կլինի հայի հայրենիքը: Ժամանակն է ճիշտ եւ սթափ գնահատելու իրավիճակը: Իսկ մեր ժողովրդին վստահեցնում եմ, որ հայկական բանակը պաշտպանելու է Արցախի խաղաղությունը, ամրապնդելու է նրա անվտանգությունը, որպեսզի հայն այստեղ ապրի ազատ ու ապահով:
Եվ ահա երթը հասնում է հուշահամալիր: Զույգ հայկական պետությունների նախագահների անունից ծաղկեպսակներ են դրվում, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվում նահատակների հիշատակին: Զինվորականները հանդիսավոր շարանցում են կատարում:
Հուշահամալիրի հարևանությամբ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատունն է: ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը ծաղիկներ է խոնարհում մարտական ընկերների շիրիմներին.
-Մեզ պարտադրվեց պատերազմ, բռնություն, ավեր, իսկ մենք նահանջողը չէինք, մենք ընտրեցինք պայքարի ուղին: Ցավոք, կորցրինք մեր լավագույն ընկերներից շատերին, բայց Արցախը փրկեցինք: Միգուցե պատերազմի վետերաններս մի քիչ թերահավատորեն էինք տրամադրված` արդյոք անկախության սերունդը կկարողանա՞ հարկ եղած դեպքում նույնքան վճռական լինել: Բայց ապրիլյան առճակատումն ու հակառակորդի` վերջին տարիների ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձերը ցրիվ տվեցին բոլոր կասկածները: Մեզ փոխարինելու են գալիս հզոր տղաներ: Երեկ դիրքերում էինք, շնորհավորում էինք միմյանց: Բարեմաղթում էինք զգոնություն, ամրություն: Մենք դեռ չենք կարող խոսել խաղաղության մասին, թեպետ երազում ենք: Բոլորս էլ հասկանում ենք, որ պաշտպանության բանակը պարտադրված է ամեն օր ու ժամ պատրաստ լինել պատերազմի: Այսօր ոչ մի ուժ, ինչքան էլ այն հզոր լինի, չի կարող ընկճել այս ժողովրդին, չի կարող հաղթել:
Ահա և հավասարվում եմ Շուշիի ուսումնական հաստատությունների ուսանողների համար կառուցված հանրակացարանային համալիրի բացմանը շտապող գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին: Նա էլ հաղթելու իր բանաձեւն է առաջարկում.
-Ազատ Արցախը յուրաքանչյուր հայի հպարտությունն է: Եվ ամենեւին էլ կապ չունի, թե ով որտեղ է ծնվել, որտեղ` մեծացել: Արցախը բոլորիս տվեց ուժ, հզորություն, հպարտություն, հավատ, որ մենք կարող ենք փոխել իրավիճակներ, կարող ենք հաղթել: Պարզապես ղեկավարությունը պետք է ազնիվ, հայրենասեր ու հեռատես լինի: Ամեն օր, կրկնում եմ` ամեն օր մի փոքրիկ քայլ պետք է արվի դեպի բարգավաճում: Այլ ճանապարհ չկա: Ամեն օր մի փոքր գործ սկսենք հաղթելու համար: Ես վստահում եմ մեր բանակին, մեր երիտասարդներին, գիտեմ` ամեն ինչ կանեն այնպես, ինչպես պետք է: Բայց փորձենք նաև հաղթանակը կերտել առանց կռվի:
Տոնական միջոցառումները ավարտվել են, բայց տոնը շարունակվում է:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական