ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյա կյանքում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում է փաստում իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:
Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացից և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:
Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով: