ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Երևանի տնտեսագիտական համալսարան:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ապրիլյան մարտական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Տնտեսագիտական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ապրիլյան մարտական գործողություններին` Սեյրան Օհանյանը նշել է. «Այսօրվա հերոսները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պայքարը, որ մեր սենդակիցներն են մղել, իզուր չի անցել։
Այդ պայքարում տարել ենք հաղթանակներ, ունեցել ենք հաջողություններ և ամենամեծ ձեռքբերումը, որ ունեցել ենք, մեր անկախությունն է, մեր պետության ազատ, անկախ արարումն ու առաջընթացը»:
Խոսելով բանակ-հասարակություն կապի առավել ամրապնդման անհրաժեշտության մասին, պաշտպանության նախարարը կարևորել է հասարակական տարբեր օղակների ներգրավվածությունը պետության պաշտպանության կազմակերպման գործում, նրանց մասնակցությունը զինված ուժերում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին: «Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Եթե այսօր մեր ժողովուրդը ծնում է հերոսներ ու նրա զավակները` շատ դեպքերում կամավորական սկզբունքով, մեկնում են առաջնագիծ և ծառայում են մեր հայրենիքին ու հերոսանում են, ապա հերոս են նաև այն մայրերը, որ ծնել են նման հերոսներ: Հերոս ժողովրդին արժանի է հերոսական կյանք, հերոսական ապագա»,-ասել է Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կամավորական սկզբունքով ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին տրվող արտոնություններին, զինված ուժերի սպառազինությանը, սահմանագոտում տիրող իրադրությանը:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը խրախուսել է Տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողների և գիտաշխատողների: Հանդիպմանը մասնակցող` Տնտեսագիտական համալսարանում ուսանող ժամկետային երկու զինծառայողների պաշտպանության նախարարի հրամանով հատկացվել է տասնօրյա արձակուրդ: