Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԶԱՐԿ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ



ՀԱՄԱԶԱՐԿ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄԱնցած տարվա ամառային զորակոչի ժամանակ զինկոմիսարիատում ծանոթացա Քաշաթաղի նորակոչիկների հետ: Այսօր նրանք իրենց սրբազան պարտքն են կատարում: Քաշաթաղի շրջանի Մարգիս գյուղում նոր էր բնակություն հաստատել Սամվել Օրդուբեկյանի բազմազավակ ընտանիքը: Նրա ավագ որդին՝ Արայիկը, նույնպես զորակոչիկների շարքում էր: Ժպտերես ու համեստ պատանին իմ հարցին՝ ինչպիսի՞ տրամադրությամբ է բանակ մեկնում, պատասխանեց. «Մարտական եմ տրամադրված: Պարտքս հայրենիքի հանդեպ կկատարեմ իսկական զինվորի պես»: Ասաց, որ ցանկանում է սահմանում ծառայել: Մեր զրույցի պահին Արայիկի մայրը՝ Ժենյան, լրացնում էր պաշտպանության բանակի կողմից զորակոչիկների ծնողներին տրված հարցաթերթիկը. «Որդուս հայոց բանակ եմ ուղարկում ուրախ տրամադրությամբ»: Մեկ տարի երկու ամիս Արայիկը ծառայեց Արցախի զորամասերից մեկում: Դիրքապահ էր, գնդացրորդ: Ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ առաջնագծում էր: Այդ օրերին հայրը՝ Սամվելը, ոտքով հասավ առաջնագիծ՝ դառնալով թիկունք որդուն ու նրա մարտական ընկերներին:

Արցախի անկախության հռչակման 25-ամյակի հաջորդ օրը Քաշաթաղի շրջանում դարձյալ տոնական էր. Աղավնո գյուղում կառուցված նոր թաղամասի տները հանձնվեցին տերերին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը, վարչապետը, ՀՀ և ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաև՝ նոր թաղամասը կառուցող «ԱՐԻ» ծրագրի ներկայացուցիչներ Լիբանանից, Սփյուռքի այլ վայրերից:

…Սակայն առավոտյան տխրեցինք՝ լսելով հակառակորդի կողմից Արայիկի մահացու հրազենային վիրավորում ստանալու լուրը: Նրա զոհվելուց մեկ օր հետո ծնվեց ընտանիքի 8-րդ զավակը՝ Անին. Արայիկն էր ցանկացել, որ  երրորդ քրոջը կոչեն Անի:

Սեպտեմբերի 6-ին Եռաբլուրում տեղի ունեցավ Արայիկի հուղարկավորությունը: Ներկա էին ՀՀ ՊՆ,  ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչներ, զորամասի հրամանատարությունը, Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սևակ Հայրապետյանը ներկայացրեց հերոսին. «Պարտաճանաչ, պատասխանատվության մեծ զգացում ունեցող զինվոր էր Արայիկը, ստեղծագործական մոտեցում էր ցուցաբերում ծառայության նկատմամբ, մշտապես աշխատում էր իր մասնագիտական գիտելիքների, ունակությունների բարձրացման ուղղությամբ: Գնդացրորդ-զինվորը ֆիզիկապես զարգացած էր, գաղափարապես՝ կայուն»: Փոխհրամանատարը տեղեկացրեց նաև, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պարգևը հերոսի շիրիմի մոտ հանձնեց ծնողներին: Հնչեց կրակահերթ:

Հիշում եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի խոսքը Աղավնոյում. «Պատմական հողի վրա ապրելը, այն շենացնելը երկիր պահել է նշանակում: Այս տոնական օրը, մենք ևս մեկ զոհ ունեցանք՝ Արայիկը: Սա է մեր ճակատագիրը՝ Հայրենիք պահել նշանակում է արյուն տալ, մատաղ տալ: Սակայն մենք վճռական ենք, մեր ճամփան անշեղ է»:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ճակատագրեր


14/09/2016