ԶՈՐԱՄԱՍԸ ՏՈՆԵՑ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Աշնան առաջին ու ամենաջերմ օրը՝ սեպտեմբերի մեկին, ՀՀ հյուսիսարեւելյան սահմանի պահապան մեր զորամասը տոնում էր կազմավորման 23-րդ տարեդարձը:
Մեր քառորդդարյա պետականության համար 23 տարին պատկառելի տարիք է: Գունդը ստեղծվեց 59 տավուշցիներից կազմված ջոկատի հիմքի վրա: Այն պետք է դառնար ՀՀ հյուսիսարեւելյան սահմանի ապահովության երաշխիքը:
«Զգա՜ստ» լսվեց հրամանատար գնդապետ Գյոզալյանի հրամանը եւ տրվեց ՀՀ հյուսիսարեւելյան սահմանում գտնվող գնդի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառման մեկնարկը: Շարահրապարակ բերվեց մարտական դրոշը, հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Ելույթ ունեցան գնդապետ Արմեն Գյոզալյանը, Բերդի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, շարքայիններ Գեղամ Սանարյանը, Ռազմիկ Մնացականյանը:
Հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ մ-ր Մկրտչյանը ներկայացրեց գնդի կազմավորման կարեւորագույն էջերը և կարդաց հրամանատարի կողմից խրախուսվող զինվորների, սպաների, ինչպես նաեւ գնդի կայացման գործում իրենց ավանդն ունեցող անձանց անունները:
Կրկին «Զգա՜ստ». այս անգամ ամբողջ զորքը երգեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը, եւ տրվեց շարային երթի հրաման:
Ռազմիկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
շարքային
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ