Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒՑՈՒՄ



ՊԱՏՄՎԱԾՔ

 

ՀԱՏՈՒՑՈՒՄԵղբոր մարմինը (այն, ինչ մնացել էր նրանից) հողին հանձնելուց հետո՝ այգալացի հաջորդ օրը, Զելիմխանը վերադարձավ զորամաս։ Հարազատ եզերքից ինքնակամ օտարված աքսորականի նման դադարեց այլևս երազել… Առանց արյունակից, սիրելի եղբոր հայրենի լեռները անարձագանք թվացին, գյուղակը՝ ամայի։ Սալմանը զոհվել էր «ինտերնացիոնալ պարտքը» կատարելիս։

Գումարտակի հրամանատարությունը քննության առավ սերժանտ Իսաևի խնդրանքը եւ համաձայնեց երկու տարով երկարաձգել ծառայության ժամկետը։ Զորամասը մի նոր, աղետալի շրջան էր թևակոխում։

Եռամսյա շուտափույթ համալրումից և վերազինումից հետո հատուկ նշանակության գումարտակը տեղափոխվելու էր Միջին Արևելք՝ մարտական գործողություններ ծավալելու։ Ու թեև «Արեւելք» բառի վերծանումը զինվորներից գաղտնի էր պահվում, սակայն խորաթափանց խելք ունենալն ամենևին էլ պարտադիր չէր, որպեսզի շրջասույթով պարտակված «Աֆղանստանը» ի հայտ գար։ Սերժանտ Իսաևը գումարտակի միակ կամավորն էր և որդիների կայծակ-կանչերով ժամանած ծնողների զարմանքի «խամաճիկը»։

– Ասում են՝ դուշմանները նրա եղբորը էն կողմերում սպանել են, նա էլ որոշել է վրեժ լուծել,- պարզաբանեց բեղ-մորուսով մի ավարցի։

– Սպանողին ի՞նչ գիտի, որ մուռն էլ հանի,- հանդիմանեց մի խախոլ…

Խորհրդային բազմազգ Միության գյուղերից ու քաղաքներից հարեհասի եկած հայրերը քոռ ու փոշման տուն դարձան. գեներալները «անկաշառ» էին եղել։ Նրանցից ոմանք զավակի կորուստ էին ողբալու, ոմանք էլ հողին էին հանձնելու անճանաչ որդու այլանդակված մարմինը և վերերկրյա, անմռունչ մի տառապանքով չէին դադարելու փայփայել կարծեցյալ հայտնության նվիրական միտքը, որ գուցե շփոթմունք է, գուցե առաքել են այլազգի մեկի դին, մինչդեռ իրենց որդին ողջ է՝ թերևս գերության մեջ, և անկասկած գալու է մի օր։ Ու կանցնի ժամանակ, բայց այդպես էլ ոչ մի տարանցիկ օտարական կամ սևազգեստ, տարաբախտ տիկին չի բախի դուռը վաղորդայնին, չի պատռի կուրծքը՝ աղաղակելով. «Վե՛ր առ երկրիդ հողը զավակիս վրայից, որ կարծում էիր քոնն է…»։ Եվ հույսը կդառնա զինվորի մասին հուշ, հուշն էլ հիշատակի քարե կերպ կառնի՝ իբրև անդառնալիության մի հատկանիշ։

Ծննդյան տոներն էին։ Գումարտակը կազմ-պատրաստ շարվել էր վճռական ստուգատեսի։ Իսաևի «անձնուրաց վարմունքը» բազմիցս արժանացավ բարձրաստիճան դիտորդների դրվատանքին, բայց և այնպես, անհաղորդ մնաց պարզ հոգիներին։ «Մեկ ուրիշը նրա փոխարեն վաղուց ազատության մեջ քեֆ կքաշեր, իսկ սա սրբերի շարքն է ուզում դասվել,- զորասյան վերջում ցածրաձայն զրուցում էին երկու զինվոր։- Օրինակելի ապո՛ւշ, տեսնես՝ ինչ է մտքին դրել… երևի նպատակ ունի ժամկետից շուտ ցեղապետ կարգվել. ինչ կա որ, գլուխ գալու գործ է։ Նա արդեն մեծավորների աչքի լույսն է, էնտեղ էլ, ոնց որ պետքն է, իրեն կդրսևորի, կանցկացնեն հարազատ կուսակցության շարքերը, և որոշ ժամանակ անց, իմացա՛ր, լեռնային աուլներից մեկում առաջնորդ կկարգեն՝ «հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար»։ Պատկերացնո՞ւմ ես, Էլդարա՛, պարտիական ցեղապետ, հրաշքի հավասար բան է։ Բայց հո Աստված չի՞, թե՞ իրեն անմահ է կարծում»։ Ընկերական դատն ընդհատվեց։

Գումարտակի անձնակազմը քար լռության մեջ անշարժացավ. հրապարակ էր եկել կարմրադրոշ Անդրկովկասյան օկրուգի հրամանատարը՝ տրիբունի կեցվածք ընդունած կենսախինդ, կարմրաթուշ զինվորական մի այր։ Զանգվածեղ գեներալը, որ հացերեցի պերճախոսությամբ արբեցնում էր մարտիկներին՝ ջանալով բոցավառել իմացյալ զոհաբերումի նրանց պատրաստակամությունը, եթե դույզն-ինչ շրջահայաց լիներ, ապա առջևի շարքում կանգնած Զելիմխանի արտաքուստ ծերունական անտարբերությունից թերևս հետևություն աներ, թե իր յոթը պորտը սպառնում են խառնիճաղանջել… Զորատեսն ավարտվեց։

Մեկնումի օրերին գումարտակում ասես արտոնված թողտվություն էր տիրում։ Զինվորները իրենց «անհոգ» կյանքի այս փութանցիկ վայրկյաններից հափռում էին հնարավոր ամեն ինչ, որովհետև հատուցելու էին շատ ավելիով՝ ապիրատ աշխարհի սահմանած վաշխով… Սպայական դասի և ստորադրյալների միջև (խամ աչքի համար աննկատ) թաքուն խմորվող համերաշխություն էր նկատվում՝ բնազդական, չգիտակցված միաբանություն, որ մոտալուտ աղետի զգացողությունն է ողորկում։ Մինչդեռ գիրուկ գնդապետներն ու գլխավոր ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ գործուղված այլևայլ խորհրդականները, զորականների հետ իբրև թե մտերմավարի զրույցի բռնվելիս, հոժարում էին հոգալ նրանց ընտանեկան կարիքները, հաշվի առնել ամենաաննշան թվացող բողոք-տրտունջները. մեկը հավկուրությամբ էր տառապում, մյուսին թութքն ու հարթաթաթությունը հանգիստ չէին տալիս…

– Վատն է այն զինվորը, որ չի ձգտում գեներալ դառնալ, զավակնե՛րս,- շողոմաբար փնչացնում էր պատկառազդու զորապետը։

Զորաշարժի գիշերն էր, վաշտը քնած էր տագնապալի քնով։ Սերժանտ Իսաևը արթուն էր. երկարատև արշավներից մնացած սովորություն էր քնավեր ժամերին սափրվելը։ Ածելին, որ եղբոր՝ Սալմանի նվերն էր իր չափահասության տարեդարձին, կտրեց քունքը, և թխմած արյան շիթը արագորեն տարածվեց կիսադեմին։ Ու հիմա հայելու փայլարացոլ շրջանակից նրան էր նայում արնոտ դեմքով իր ցոլացումը. կարճ խուզած մազերը վաղաժամ սպիտակ ցան էին արձակել, բարձր ճակատը ուղղաձիգ հատում էր մի տռուզ երակ, որ ջղագարության պահերին ուռչում և սկսում էր հիվանդագին թփթփալ, իսկ կապտածիր աչքերը, մի տեսակ, դիվային-խելագար վճռականությամբ էին փայլում։ «Սալմա՛ն, Սալմա՛ն…»,- հեղձուկը կոկորդում շշնջաց անդրադարձումի խուլ ականջին։

… «Ծերուկ» Իսաևը դարանակալ խմբի հետ լեռներում էր, երբ նրա գերժամկետ ծառայության երկրորդ տարին բոլորեց։ Նա զինակիցներից առանձնացած՝ նստել էր լեռան լերկ լանջին և դաշույնով քչփորում էր կարիճի բույնը։ Բնավեր միջատը կատաղի հապճեպությամբ դուրս սողաց ապառաժի տակից և, թունավոր խայթը մեջքի վրա կեռած, փորձեց պահ մի դիմագրավել օրհասին, սակայն պողպատյա շեղբը նրան զվարճալիքի պես սեղմեց գետնին, ճզմեց մարմինը։

– Գարշելի՛ զեռուն…,- սևեռուն մտքով կլանված՝ մռնչաց սերժանտը։

Հայեցողության պարապ ժամերը հետզհետե խելահեղ ընթացք էին առնում, և Իսաևը զգում էր՝ ինչպես են վերջույթները կցմում ինչ-որ անիմանալի-սրտակեղեք ապրումից։ Նա հիմա, առավել քան երբևէ, անհամբեր էր. «Հեռանալ, ազատվել խենթացնող վրեժխնդրությունից, ամենուր թևածող տոթաշունչ մշուշից, որում խառնիխռիվ գոյակցում էին մահվան խորհուրդն ու հոգու առեղծվածը, ուր ամեն արարում վայրագ էր, կործանարար»։ Իսաևը չեզոք հայացքը հառեց անապագա հեռուն և նորից տեսավ անապատի կուրացնող ավազը՝ իր անսասան հանգստությամբ, հուսահատեցնող համրությամբ։ Աչքերը, գնալով, մթնեցին, գաղջ մթնշաղը խարդախ թմրությամբ էր համակում մարմինն ու հոգին…

Եվ հանկարծ կիսանիրհ-կիսաերազում, կարծես մշուշից հունցված, իր դիմաց հայտնվեց ուղտերի համրաքայլ քարավանը։

Անապատական մի կին, ստեպ-ստեպ վեր քաշելով զգեստի երկար փեշը, առաջնորդ ուղտի երասանը բռնած, դժվարաքայլ շարժվում էր ավազուտներով։ Նրան կրնկակոխ հետևում էր մանկահասակ մի տղա, որ ջանադիր դիմադրում էր պարանոցից կախ արած տափաշշի տարուբերումին։ Քիչ անց անծանոթ կինը ձեռքի մի նշանով սաստեց ուղտերի երթը և արձակելով երեսքողը՝ զգուշավոր նայեց շուրջը՝ կամենալով աներևույթ մնալ։ Իսաևին մի պահ այնքան մոտ թվաց հանկարծահայտ կնոջ արևառ կերպարանքը, որ նրա առաջ, ինչպես կտավի վրա, պարզորոշ գծագրվեց անծանոթուհու այնքա՜ն ծանոթ դեմքը՝ սևսաթ, նշաձև աչքերը ողբերգական գեղեցկությամբ էին շողում փոշոտ կոպերի միջից, պապակ շուրթերը խորշակներից սմքել, ճաքճքել էին, և զգացվում էր՝ սաստիկ ծարավից թուքը չորանում է։ Բայց նա միայն մանկան ծարավը հագեցրեց, շոյեց առաջնորդ ուղտի բաշը և շարունակելով քարավանի ընթացքը՝ անհետացավ հորիզոնի բոսոր անհունում։ Անապատի ՑՆՈՐՔԸ ցնդեց։ «Դժբա՜խտ Լեյլա…»,- վշտալի հառաչեց Իսաևը։

Հարսի պատկերն ուներ սևազգեստ կինը…

Դարանակալ խումբը հեռացավ լեռնանցքից։

Հրամանատարական մեքենայի զրահաշտարակին թիկնած՝ Իսաևը ծխում էր և մերթ ընդ մերթ ջղային թքում, որովհետև իր մեջ, իրենից բացի, ինչ-որ մեկն էլ կար, որ անընդհատ քռքռում, քչփչում էր ականջին, խելքահան անում. «Խեղճացե՞լ ես, հա՞, չլինի՝ մեջդ գութ է արթնացել, տեղն է, տեղն է քեզ, ա՛յ թշվառական, բայց իմացիր՝ հաշվետու ես լինելու ամեն մի չարածիդ համար, պատասխան ես տալու աբրեկների խստագույն օրենքների, ավագների ահեղ դատաստանի առաջ, եթե խելքիդ փչի հանկարծ երդումդ դրժել, թե որ շարունակես կնկա պես նվնվալ, դժգոհել բախտից, քանի դեռ երկինքը հանդուրժում է քեզ պես թուլամորթին։ Ո՜ւր, ո՛ւր պիտի փախչես նզովքից հայրական. մի՞թե մոռացել ես՝ ով ես դու, ինչ ծնողից ես ծնունդ առել՝ որ սերում ես վրեժխնդիր նախնիներիդ պատվելի զարմից, ովքեր երդվեցին լինել անկշռադատ, լինել անողորմ թշնամու նկատմամբ… Եթե իմանայի՜ր, թե ինչ հիացմունքով էի հետևում քեզ, երբ ջախջախում էիր այն խաշնարած աֆղանցու գլուխը։ Հապա ձիավոր, ջահել բութան, որին հովազի ճարպկությամբ տապալեցիր թամբից և դաշույնի մի հարվածով զրկեցիր առագաստ ունենալու պատվից… Իսկ թուխ աղջի՞կը՝ նորահարս գեղեցկուհին, ո՜նց էր գալարվում, ճանկռոտում երեսդ էգ վագրի նման, բայց դու պատռեցիր մատղաշ կուրծքը, սեղմեցիր կրծքիդ, և նա հալվեց գրկիդ մեջ, ձուլվեց հուժկու շնչիդ. ի՜նչ հունար էիր բանեցնում՝ իսկը լազա՛թ։ Ու հիմա նվաղել, ուզում ես պատիվդ պղծե՞լ խարանով վախկոտի։ Ուշքի եկ, Զելիմխա՛ն, հերիք նվնվաս, լսիր՝ քեզ է կանչում հարազատ եղբայրդ՝ Սալմանը, որ սպանվեց անհավատի դավադիր գնդակից։ Արիացիր, ո՛վ քաջ լեռնական, և հիշիր՝ դու ընտրյալ ես, ընտրյա՛լ, ամենազոր Բարձրյալն է քեզ պահապան, որպեսզի կատարես պատգամը պապերիդ, որպես սրբազան պատվիրան՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման…»։

Բորբոք միտքը տարերքվում, հորձանք էր տալիս անդարձ հեռացած օրերի շնչից, տեսիլներից խառնակ ու դիվական… Ու հանկարծ սովոր ուրվականի նման Իսաեւի տենդահար հայացքի առաջ հառնում էր հայրը՝ յափնջիով մռայլադեմ մի աժդահա, ում կիսադեմն անգամ սարսուռ էր ազդում, ինչպես մոնումենտալ նախատինք։ Աչքին էր գալիս մայրը՝ սև պարեգոտ հագած մոլեռանդ մի կին՝ մաքառող վշտի մարմնացում, որ եղբոր որբացած առաջնեկին՝ փոքրիկ Շամիլին գրկած, լեռնային կածանով իջնում էր ավագ որդու դամբանից, որտեղ՝ մեկուսի մի վայրում, ամուսնու շիրիմի վրա թևատարած լալիս էր հերարձակ, գեղեցկուհի Լեյլան, ողբագին ոգեկոչելով. «Սալմա՜ն, Սալմա՜ն…»։

Եվ այնժամ մաղձաթափության թունոտ կիրքը ավելի ու ավելի էր ահագնանում, սողանցք պահանջում։

Հասնելով «Սատանի» կոչվող կամրջին՝ շարասյունը դեմ առավ վթարված մի «Վիլիսի»։ Տերը՝ ոմն թասակավոր աֆղանցի, մեղավոր մոտեցավ զորքի գլխավորին։

– Ովքե՞ր եք, ո՞ւր եք գնում,- հարցրեց հրամանատարը ֆարսի լեզվով։

– Խաղաղներ ենք, ընկե՛ր մայոր,- վախվորած պատասխանեց աֆղանցին,- ձեր թույլտվությամբ հրավիրված ենք հարսանքահանդեսի, բայց էս զահրումարը խարաբ է, ուշացնում է…

– Ո՞ւմ հետ ես, ո՞վ կա մեքենայի մեջ,- հետաքրքրվեց մայոր Գրոմիլոն։

– Մեքենայի մե՞ջ…- անհանգստացավ աֆղանցին,- կինս է՝ Ֆաթիման։

– Հետի՞նն ով է, ո՞վ կա ուրիշ։

Աֆղանցին ոտ ու ձեռ ընկավ։

– Որդիս է՝ Նազիմը, ձե՛րդ հրամանքը…

«Ստուգե՛լ… զեկուցե՛լ արագ…»,- հրաման արձակեց մայոր Գրոմիլոն:

Թունդ բռնեցին լեռնցու անզուսպ-քինախնդիր միտքն ու հոգին կույր վրեժի մոլուցքից, և հլու կործանելու մարդկային բիրտ բնազդին՝ Իսաևը դանդաղ ցած իջավ զրահամեքենայի աշտարակից՝ հագուրդ տալու խենթացնող տենչին, որ մղում էր «հատուցման»…

Սերժանտ Իսաևը զորացրվեց կամավորի ծառայությունից։ Նա տուն եկավ վրեժից հոգնած, վաստակած, այցի գնաց եղբոր գերեզմանին, սակայն Սալմանի հետ զրույցը չստացվեց։ Մարող քենն այլևս սպառել էր ասելիքը։ Իր բացակայության տարիներին գերեզմանատան տիրույթներն ընդարձակվել էին. եղբոր կողքին այժմ մի մեծ շիրմաքար էր փռվել։ Զելիմխանը կռացավ, հուշագրի վրայից մաքրեց ձյան վերջին, խխմած ծածկույթը, և… սիրտը սարսափից տնքաց… «Աստ հանգչեն մայր և որդի՝ Նազիմը և Ֆաթիման…»։

 

ԳԱԳԻԿ  ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Հոգևոր-մշակութային


14/09/2016