Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ, ՆՈՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ



Ղեկավարման համակարգը կատարելագործելու համար ապրիլյան առճակատումից հետո Արցախի զինված ուժերում տեղի են ունեցել նոր նշանակումներ, վերատեղաբաշխումներ: Կադրային փոփոխությունները չեն շրջանցել նաեւ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանը: Այստեղ նորանշանակ  է ոչ միայն հրամանատարը, այլեւ ղեկավար կազմի հիմնական կորիզը:

 

ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ, ՆՈՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎՓոխգնդապետ Արգամ Գեւորգյանի հետ ծանոթացել էի դեռ ապրիլին` մարտական գործողություններից հետո հաստատված հրադադարի ժամանակ: Քիչ բան գիտեի նրա մասին, միայն` որ կիսատ է թողել ռազմական ինստիտուտում ընթացող ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացներն ու շտապել առաջնագիծ: Քառօրյա պատերազմից հետո նա ստանձնել է հրամանատարի տեղակալի պաշտոնը: Զինվորական ուղին սկսել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանից: Այնուհետեւ ուսումը շարունակել է արտերկրի ռազմական ակադեմիայում, որն էլ ավարտել է 2002 թվականին. «Ծառայությունս սկսել եմ  որպես դասակի հրամանատար,  9 տարի էլ վաշտի հրամանատար եմ եղել: Տեղափոխվել եմ այս պաշտպանական շրջան, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, ստանձնել` մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատարությունը: Անցած տարի նորից նստեցի ուսանողական նստարանին: Անսովոր էր, բայց եւ հասկանում էի` ամուր եւ ուժեղ բանակի հիմքում կայուն ու հիմնարար գիտելիքներ ունեցող սպան է: Այս առումով Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը լավ հարթակ էր ուսումնառությունը շարունակելու համար: Առաջնագծում ծառայող սպաներս ինքնակրթվելու հնարավորություն չունենք. մարտական հերթապահության կազմակերպումը խլում է ամբողջ ժամանակդ: Ձեռք բերեցի զինված ուժերի համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնցից թերեւս ամենից կարեւորը կառավարման գիտությունը եւ ղեկավարման արվեստն է: Միշտ զգացել եմ թե՛ դասախոսական կազմի, թե՛ հրամանատարության հարգանքը առաջնագծում ծառայող սպաներիս նկատմամբ, բայց եւ` օրինաչափ խստությունն ու պահանջկոտությունը: Ես, օրինակ, վերաքննություն եմ հանձնել. պարապել եմ, կարդացել, սովորել  եւ նոր միայն ստացել գնահատականս»:

Փոխգնդապետ Գեւորգյանը ցույց  է տալիս կապույտ հաստափոր նոթատետրը.  կարեւոր գրառումներ են, նշումներ, քաղվածքներ դասախոսություններից. «Թերթում եմ, վերհիշում: Անընդհատ պետք է գալիս, ձեռքիս տակ է: Մենք պիտի շատ աշխատենք, որ հարավարեւելյան զորամասը բարի համբավ ձեռք բերի: Այսօր պաշտպանական շրջանն, անշուշտ, ավելի լավ վիճակում է, քան երեկ էր: Տարբերությունը կտեսնեք ամենուր` թե՛ մարտական պատրաստությունում, թե՛ դիրքերի կահավորվածությունում, թե՛ զորքի տրամադրությունում: Իհարկե, մեզ համար առաջնայինը զինվորի անվտանգության ապահովումն էր, կենցաղային պայմանների բարելավումը, մարտ վարելու համար անհրաժեշտ կարողությունների բազմապատկումը: Եվ այս առումով էլ մենք ամրապնդվել ենք»:

Ներս եմ մտնում օպերատիվ բաժանմունքի նորանշանակ պետ, մայոր Ֆելիքս Ենգիբարյանի աշխատասենյակ: Առաջնագծից ստացված թարմ տվյալներն է վերլուծում: Հետաքրքրվում եմ` ինչպիսի՞ն է իրավիճակը. «Լարվածությունն անհամեմատ թուլացել է: Բայց դա էլ պայմանական է. յուրաքանչյուր պահի էլ հակառակորդը կարող է սադրանքի դիմել: Շուրջօրյա դիտարկումները ցույց են տալիս, որ թշնամին  իր նվաճողական մտադրություններից չի հրաժարվել: Լայնածավալ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ամրանում է իր դիրքերում, անցել է խորը պաշտպանության: Հաճախակի է օգտագործում անօդաչու թռչող սարքեր. փորձում է  ակտիվ  հետախուզել մեր տարածքը: Ինչն այսօր այդքան էլ հեշտ չէ անել, քանի որ կատարել ենք ծավալուն քողարկման աշխատանքներ` ունեցած ուժերն ու միջոցները պատսպարելու համար: Մեր նոր  սարքավորումների շնորհիվ անհամեմատ ավելի շատ տվյալներ ենք կարողանում հավաքագրել: Խոշորացույցի տակ ենք առել հակառակորդի շարժերն ու գործունեությունը»:

ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ, ՆՈՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎՄայոր Ենգիբարյանը մի քանի ամիս առաջ է ստանձնել պաշտոնն ու նոր պարտականությունները. «Ապրիլյան պատերազմից առաջ ես  զեկուցագիր էի գրել եւ խնդրել, որ ինձ  տեղափոխեն այս զորամաս: Կռիվներից  հետո ինձ հարց ուղղեցին՝ արդյոք  դեռ ուժի մե՞ջ է ցանկությունս: Որոշումս վերջնական էր: Չնայած երկար տարիներ ծառայել եմ պաշտպանության բանակում, բայց հարավարեւելյան զորամասում ուժերս ներդնելը իմ նպատակն էր:  Եկել եմ այստեղ, որ ապացուցեմ ինքս ինձ ու բոլոր թերահավատներին` առաջին կարգի զորամասում էլ կարելի է անթերի ծառայություն կազմակերպել եւ հասնել գերազանց արդյունքի»:

Ականատես լինելով ծավալված ահռելի աշխատանքներին, ծանոթանալով հրամանատարական նոր կազմին` ուզում եմ հավատալ, որ մոտ ապագայում հարավարեւելյան զորամասը կարժանանա լավագույնի կոչմանը:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/09/2016