ՓՉՈՎԻ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐՈՎ» ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՈՉ ԿՎԱԽԵՑՆԵՍ, ՈՉ ԷԼ ԿԽԱԲԵՍ
Վերջին շրջանում լուրջ քննարկումների առարկա է դարձել ՌԴ զինված ուժերի կողմից տանկերի և ինքնաթիռների փչովի մակետներ ձեռք բերելու խնդիրը, որի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը սակայն, լրջորեն վիճարկում են բազմաթիվ փորձագետներ:
ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության պնդմամբ` մարտական տեխնիկայի պնևմատիկ մակետներն անհրաժեշտ են համազորային ստորաբաժանումների պաշտպանության շրջանների կեղծ դիրքերի կահավորման, տանկերը երկաթուղային շարժակազմերով և ծանր քարշակներով տեղափոխելու նմանակում (իմիտացիա) ստեղծելու, նաև զինվորական ավիացիայի կենտրոնացման կեղծ շրջաններ (օդանավակայաններ) ստեղծելու համար, ինչը հակառակորդի ուշադրությունը շեղելու է իրական օդանավակայաններում կատարվող վերաբազավորումից: Ըստ այդմ, որոշվել է ռուսական բանակն ամեն տարի համալրել մարտական տեխնիկայի 100 պնևմատիկ մակետներով:
Մակետ ստեղծողները պնդում են, որ դրանք ռադիոլոկացիոն, ջերմային ու ինֆրակարմիր տիրույթներում վերարտադրում են իրական տեխնիկայի ճառագայթմանը նման ճառագայթում, և այժմ աշխատանքներ են տարվում ռադիոտեխնիկական տիրույթում ևս ճառագայթում ապահովելու համար:
Որոշ փորձագետներ սակայն, մատնացույց են անում այն հանգամանքը, որ ռետինե մակետը չի կարող վերարտադրել իրական մարտական մեքենայի բոլոր հատկությունները, իսկ դիտարկման ժամանակակից միջոցները մետաղը հեշտությամբ տարբերում են ռետինից և այլ նյութերից: Մակետները կարող են վերարտադրել մետաղյա առարկայի բազմաթիվ հատկություններ, սակայն միայն համապատասխան սարքերի և հատուկ նյութերի օգնությամբ, որոնք բավական թանկ են:
Շատերի կարծիքով, ծանր տեխնիկայի պնևմատիկ մակետները թեև արտաքուստ բավական տպավորիչ են, սակայն իրական մարտական իրավիճակում նրանց կիրառումը կապված է բազմաթիվ բարդություների հետ:
Ընդիմախոսների հիմնական փաստարկներից մեկն այն է, որ հակառակորդի հետախուզությունն իսկույն գլխի կընկնի, որ վերատեղակայվում են ամենևին էլ ոչ մարտական ինքնաթիռներ ու տանկեր, քանի որ երկաթուղով տեղափոխվող տանկը… քամուց երբեք չի ճոճվում, իսկ ռադիոլոկացիոն հայտնաբերման ժամանակակից միջոցները թույլ են տալիս մի քանի հազար կիլոմետրից հետևել մարտական ինքնաթիռների թռիչքին, և ռադարների կողմից չգրանցված մեծաքանակ մարտական ինքնաթիռների մեկեն հայտնվելը նույն շրջանում իսկույն հուշելու է դրանց «խաղալիք» լինելը:
Եվ բացի դրանից, օրինակ` տանկային գումարտակը, որպես կանոն, մարտական գործողություններում ներառվում է նվազագույնը մոտոհրաձգային վաշտի և հրետանային ու զենթիահրթիռային մարտկոցների օժանդակությամբ, իսկ դրանց մարտական տեխնիկայի մակետներ դեռ կարծես թե չկան:
Անհամեմատ բարդ է մարտական տեխնիկայի պնևմատիկ մակետները իրական մարտական իրավիճակում կիրառելու հարցը: Սրա կողմնակիցները մատնացույց են անում Հարավսլավիայի օրինակը, որտեղ սովորական խորամանկությունների միջոցով երբեմն ապշեցուցիչ ձեռքբերումներ գրանվեցին, երբ հակառակորդը միկրոալիքային վառարանների ազդանշանները շփոթում էր ռադիոլոկացիոն կայանքի հետ, փչովի տանկերը` մարտական մեքենաների հետ, իսկ խորհրդային արտադրության դյուրակիր հին զենիթահրթիռային կայանքով «անտեսանելի» ինքնաթիռ էր խփվում:
Սակայն, դիտարկման ու հայտնաբերման ժամանակակից միջոցներն արդեն ինքնաթիռի արձակած ջերմային խաբող հրթիռի հետքը տարբերում են բուն ինքնաթիռի արձակած ջերմությունից: Մի խոսքով` ռազմական բոլոր խորամանկությունները գործում են ժամանակի մի կարճ հատվածում:
Պնևմատիկ մակետների կիրառման ընդդիմախոսները նաև հարցնում են. հավանական մարտական գործողությունների ո՞ր թատերաբեմում պիտի օգտագործվեն մակետները, եթե տեխնոլոգիապես հետամնաց պետությունների դեմ դրանք կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, իսկ զարգացածներն էլ արագորեն գլխի են ընկնելու ամեն ինչ, այսինքն` Աֆղանստան կամ Չեչնիա դրանք պետք չէ տանել, իսկ Արևմուտքին էլ փչովի տանկով չես խաբի: Ի վերջո, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ցամաքային զորքերում գումարտակի սպառազինության մեջ կան մի քանի ռադիոլոկացիոն կայանքներ, դիտարկման սարքեր ու նաև ջերմատեսիլային կայանքներ:
Փորձագետների զգալի մասը կարծում է, որ 800 փչովի մակետները, որոնք առաջիկա տարիներին ձեռք է բերելու ռուսական բանակը, տեղային պատերազմի համար անչափ շատ են, իսկ խոշոր պատերազմի համար` չափազանց քիչ: Շատերի զարմանքն է հարուցել նաև մակետների թանկությունը, քննարկումները, հաճախ շեղվելով մակետների մարտական կիրառման թեմայից, ավարտվում են կոռուպցիայի և «մեծ փողերի» յուրացման մասին խոսակցություններով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական