ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողական և պրոֆեսադասախոսական կազմի հետ:
Կարևորելով ուսանողների հետ նմանատիպ հանդիպումները, Սեյրան Օհանյանը կարևոր և ոգևորիչ է համարել ուսումնական հաստատություններում արիության դասերի, զինված ուժերի և զինծառայության հետ կապված քննարկումների, մեծարման և հիշատակի միջոցառումների անցկացումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդության գաղափարական ու հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման առումով: Խոսելով բուհերի հետ պաշտպանական գերատեսչության համագործակցության առանձնահատկությունների մասին, Սեյրան Օհանյանը ընդգծել է այն հանգամանքը, որ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունում, և ուսումնառության ավարտից հետո նրանցից շատերը ցանկություն են հայտնում իրենց գիտելիքները ծառայեցնել ՀՀ զինված ուժերի զարգացմանն ու հզորացմանը: Երևանի պետական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքը արդյունավետ է գնահատել նաև ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ներկայացնելով ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ պետության անվտանգության ապահովման և զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն էլ հայրենասիրական դաստիարակությունն է։ Ապրիլյան մարտական գործողություններն ապացուցեցին, որ հատկապես երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ու հայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա է: «Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում բազմաթիվ երիտասարդներ հերոսությամբ աչքի ընկան: Այդ հերոսներից շատերն այսօր այս դահլիճում նստած են, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց: Նրանք այն հերոսներն են, որ բանակում իրենց ծառայությունն անցնելուց հետո՝ լինելով ֆիզիկական դժվար վիճակում, շարունակում են սովորել, կրթվել, քանի որ մենք մեր ապագան տեսնում ենք ոչ թե բռնի ուժի կիրառմամբ, այլ մեր երկրի անվտանգությունը խելացի պաշտպանությամբ ապահովելու մեջ»,- նշել է Սեյրան Օհանյանը: Խոսելով քառօրյա մարտական գործողությունների դասերի մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ կատարվել են համապատասխան վերլուծություններ, ուսումնասիրություններ, վերհանվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև խրախուսել է համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների: Սեյրան Օհանյանի կարգադրությամբ ԵՊՀ-ում ուսանող և ներկա դրությամբ պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող երեք զինծառայողներ խրախուսվել են 10-օրյա արձակուրդով: