ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՍՏԱՆԱ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
Հուլիսի 15-ից 16-ը Թուրքիայում մի խումբ զինվորականների կողմից նախաձեռնված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ փոխեց երկրի արտաքին քաղաքական ուղեծիրը: Թուրք-ռուսական հարաբերությունների նոր պայմաններում Անկարան վերանայում է հարաբերությունները Վաշինգտոնի հետ, ինչը չի կարող չփոխել նաև նրա ազգային անվտանգության հայեցակարգը, մասնավորապես՝ անմիջական հարևանների հարցում: Միաժամանակ, Սիրիայում հաստատված նոր զինադադարը ուժերի նոր վերաբաշխում է նախատեսում այդ երկրում:
Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի իշխող վերնախավը հակաթուրքական քաղաքականության, ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրեց Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի քաղաքական որոշ շրջանակներին: Միաժամանակ, առաջին օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անսպասելի աջակցություն ստացավ տարածաշրջանային վաղեմի մրցակից Թեհրանից՝ ի դեմս արտգործնախարար Ջաֆար Զարիֆի: Վերջինս հայտարարեց, թե հեղաշրջման փորձին իր մասնակցությունն ունի Սաուդյան Արաբիան: Ըստ Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ այս եզրահանգման նա եկել է Էր-Ռիադից հնչած այն հայտարարություններից հետո, որոնք ուղղված էին «Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությանը»: «Ապստամբության» անկազմակերպ լինելը վկայում է, որ այն նախաձեռնվել է շատ հապճեպ ու ժամանակավրեպ էր: Դա կարող է փաստել, որ Էրդողանի հեռացմամբ պետք է լուծվեին խիստ կարևոր ինչ-ինչ ռազմաքաղաքական և այլ հարցեր, որոնք մինչ օրս բացահայտված չեն:
Թուրք-ամերիկյան հարաբերությունները 2016 թվականի ընթացքում չի կարելի բնութագրել որպես շիտակ, պարզ և անկաշկանդ: Սիրիայի հարցում Էրդողանի սկզբնական երկիմաստ դիրքորոշումը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սատարելը, Եվրամիության հետ փախստականների հարցում շանտաժի լեզվով խոսելը բավական լարել էին Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները դեռ այս տարվա գարնանը: Ամերիկյան լրատվամիջոցների վերջին վերլուծականները վկայում են, որ Վաշինգտոնում դժգոհությունը Էրդողանի քաղաքականությունից օրըստօրե մեծանում է, և դրա մասին արտահայտվել է նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Դրան գումարվեց նաև ռուսական Սու-24 ինքնաթիռի համար ՌԴ նախագահ Վ. Պուտինին հասցեագրված Էրդողանի երկիմաստ նամակը: Այն բացահայտ տհաճությամբ էր ընդունվել Սպիտակ տանը, Անկարայից նույնիսկ բացատրություններ պահանջեցին որպես ՆԱՏՕ-ի անդամ-դաշնակից: Հեղաշրջման փորձի անկազմակերպ ու հապճեպ լինելը վկայում է, որ այն Վաշինգտոնում չէր կազմակերպվել, բայց ոչ առանց Վաշինգտոնի թույլտվության:
Անհիմն չէ նաև Իրանի արտգործնախարարի հայտարարությունը, քանի որ Սաուդյան Արաբիան է այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգների միակ դերակատարը տարածաշրջանում: Իսրայելը չէր գնա այդ քայլին, քանի որ շուրջ 3 տարվա դադարից հետո նոր է բարելավում հարաբերությունները Թուրքիայի հետ:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացմանը զուգահեռ Անկարայից հնչեցին ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին հայտարարություններ: Արդեն իսկ խոսվում էր թուրքական Ինջիրլիկ ռազմական բազայից գերմանական զինվորականների դուրսբերման մասին, իսկ Նիսի ահաբեկչությունից հետո՝ նաև ֆրանսիական: Թուրքական լրատվամիջոցները գրեցին, թե Ինջիրլիկի բազան կարող է տրամադրվել Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների նպատակով: Թեև այդ տեղեկատվությունը հերքվեց ԱԳՆ մակարդակով, սակայն իր դերակատարումը ևս ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման գործում: Երբ հուլիսի 17-ին թուրքական իշխանությունները արգելեցին Ինջիրլիկից ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղաշարժը, Միացյալ Նահանգները շտապեցին այնտեղ գտնվող միջուկային մարտագլխիկները տեղափոխել Ռումինիա:
Ռազմակայանի պարալիզացումը խափանեց ամերիկյան զորքերի հակաահաբեկչական գործողությունները «Իսլամական պետության» դեմ Սիրիայում, և ժամեր անց կոշտ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին: Անկասկած, Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն չեն ների Անկարայի նման երկդիմի պահելաձևը, իրենց հետ արդեն բացահայտ սպառնալիքներով խոսելը: Թուրքիայի նախագահը կարողացավ ապահովել բարձր վարկանիշը թուրք ազգաբնակչության շրջանում` ապահովելով քիչ թե շատ կայունություն: Այլ է քրդական հարցը. թուրք վերնախավին այդպես էլ չհաջողվեց լեզու գտնել քրդական առաջնորդների հետ, և փաստացի, Թուրքիայում ընթանում է քրդական պետության ստեղծման գործընթացը, որին այս պահին միացել են Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները:
Այս պարագայում Թուրքիայի տարածքային ամբողջականության հետևում ակամա կանգնել են Ռուսաստանն ու Իրանը: Մոսկվային ձեռնտու չէ, որ Մերձավոր Արևելքում հանդես գա նոր ռազմաքաղաքական ուժ, որը կարող է հայտնվել Վաշինգտոնի քաղաքական ուղեծրի շրջանակներում: Կրեմլին ձեռնտու է պահպանել Անկարայի հետ ձևավորված ավանդական հարաբերությունները, տարածաշրջանային գործող ստատուս քվոն: Բնական է, որ նոր պետական կազմավորումը կարող է դառնալ նաև Իսրայելի շահերի ներկայացնողը, ինչը ձեռնտու չէ նաև Իրանին: Էրդողանը, հաշվի առնելով նոր մարտահրավերը, ակամա միացավ Մոսկվա-Թեհրան առանցքին` միաժամանակ փոխելով իր վերաբերմունքը նաև Սիրիայի գործող իշխանությունների հանդեպ:
Օգոստոսի կեսերին Թուրքիայի ներխուժումը Սիրիա փաստացի արտաքին բոլոր դերակատարների հետ նախապես համաձայնեցված սցենար էր: Ավելին, ներխուժմանը դեմ չէին նաև հենց սիրիական իշխանությունները, քանի որ այն ուղղված էր «Իսլամական պետության» դեմ: Սակայն իրականում Անկարան լուծում է մեկ այլ խնդիր՝ չեզոքացնում է սիրիական քրդերի գործոնը: Ակնհայտ է, որ թուրքական զինուժը նախևառաջ հարված է հասցնում սիրիական քրդերին, հետո նոր` «Իսլամական պետությանը», և դա նյարդայնացնում է Վաշինգտոնին:
Կարելի է փաստել, որ Թուրքիայի ներխուժմամբ Սիրիան մասնատվեց մի կողմից ԱՄՆ-ի և նրա գործընկերների, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի միջև: Դեռ իր ճամբարը չի հստակեցրել Թուրքիան, բայց իրեն էլ բաժին կհասնի այդ երկրում: Իսկ Սիրիայում այս օրերին հայտարարված զինադադարը կարծես ամրագրում է նոր իրավիճակը:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավ.լեյտենանտ
Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Տարածաշրջան