Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԵՐՋ ԽԱՂԱՂ ԱՐԵՎԱԾԱԳԵՐ…



25 տարի առաջ, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը, չսահմանափակվելով արցախյան ճակատով, ընդգրկեց նաև ՀՀ սահմանները,  նախիջևանյան հատվածում նույնպես լուրջ սպառնալիք առաջացավ: Վտանգված էր նաև 21 կմ-ով ՀՀ մյուս համայնքներից  կտրված  Խաչիկ գյուղը, որի պաշտպանության համար ոտքի ելան գյուղի տղամարդիկ: Զինված որսորդական  հրացաններով՝ նրանք սկսեցին ինքնապաշտպանությունը: Հետագայում նրանց միացան նաև կամավորական ջոկատների ազատամարտիկները ու նորաստեղծ հայկական բանակի զինծառայողները: Միասնական ուժերով հաջողվեց  անառիկ պահել գյուղը:

Այսօր՝ արդեն 25 տարի անց, սահմանապահ Խաչիկ գյուղի պաշտպանությունն իրականացնում է հայկական կանոնավոր բանակը, իսկ նրա շարքերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, ընդգրկված են նաև այն դժվարին տարիներին իրենց հողն ու ջուրը աներեր պաշտպանած կամավորականները: Նրանցից երկուսին, որ այցելությանս օրը հերթափոխում էին, հանդիպեցի մարտական հենակետերում: 

 

ԱՆՎԵՐՋ ԽԱՂԱՂ ԱՐԵՎԱԾԱԳԵՐ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

-Մեր ընտանիքում երկու պայմանագրային զինծառայող կա: Տղաս ժամկետային ծառայությունից հետո անմիջապես անցավ պայմանագրային ծառայության: Երբ զորացրվում էր, ասացի. «Տղա՛ ջան, թե կուզես, գնա, կյանքդ մի ուրիշ տեղ դասավորիր: Պատասխանեց. «Չէ, շատ եմ սիրում իմ գյուղը, կմնամ էստեղ»: Մնաց, ամուսնացավ: Այս տարվա մարտի վերջերին հարս բերեցինք,  հետո ապրիլյան անհանգիստ օրերը եկան: Երևանցի աղջիկ է հարսս, բայց մի պահ անգամ չտրտնջաց, մտքով էլ չանցավ հեռանալ գյուղից:

-Չնայած 25 տարի է անցել առաջին պատերազմից, բայց հիշողությունները երևի դեռևս թարմ են…

-Ղարաբաղյան պատերազմի տարիներին Խաչիկից դուրս չեմ եկել: Զենքը ձեռքիս իմ գյուղի սահմանն եմ պաշտպանել: Անհրաժեշտության դեպքում էլ տրակտորովս պաշտպանության գծի ամրացման աշխատանքներ եմ կատարել:

Հիմա, երբ դիրքերից նայում եմ մեր գյուղին, սիրտս ուրախությամբ ու հպարտությամբ է լցվում. սա հայրենիքդ է, ու դու նրա պաշտպաններից ես:  Գյուղում ապրող երկու աղջիկ, մի տղա ունեմ: Զբաղվում եմ անասնապահությամբ: Երբ այստեղ եմ լինում, տղաս,  կինս, հարսս են անում տնտեսության հետ կապված բոլոր գործերը:

– Դուք, այսպես ասած, հին սերնդի մարդ եք, դժվար չէ՞ նորերի հետ ուս ուսի կանգնելը:

-Տարիքային տարբերությունները չեն զգացվում: Այս պահին հերթապահություն եմ անցկացնում 20 տարեկան զինվորների  հետ: Ինձ իրենց ծնողի տեղն են դնում, ես նրանց՝ իմ որդիների: Երբ կողքիդ կանգնածը ժամկետային զինվոր է, իհարկե ավելի մանրակրկիտ ես հետևում ամեն ինչին՝ հսկում ես, հոգում, բացատրում:

 

ԱՆՎԵՐՋ ԽԱՂԱՂ ԱՐԵՎԱԾԱԳԵՐ...ՀԱՅԿ ՕՀԱՆՅԱՆ

Պայմանագրային զինծառայող

-Առաջինը, որ այն տարիներից միտքս է գալիս, խրամատն է և «Արաբո» ջոկատի մարտական  ընկերներս, նաև դժվարությունները:  Ընտանիքս գյուղում էր, ես՝ դիրքերում:

-Հիմա արդեն որպես անկախ հայկական բանակի զինծառայող, ի՞նչ զգացողություններով եք նույն դիրքերը բարձրանում: 

-Հպարտ եմ, որ հիմնավորապես  պատրաստ բանակ ունենք՝ կայուն ու հզոր, որի մասին այն ժամանակ միայն երազել կարող էինք: Երազեցինք, հասանք դրան, և հիմա էլ կանգնած ենք մեր զորքի շարքերում, մեր գյուղի գլխին, էստեղից ուշի-ուշով հետևում ենք հակառակորդի բոլոր շարժումներին: Հիմա չենք էլ պատկերացնում, թե ոնց էինք առանց համազգեստի, միայն որսորդական հրացաններով կանգնում թշնամու դեմ:

-Լսել եմ՝ Դուք եք եղել Խաչիկից առաջին պայմանագրային զինծառայողը, ճի՞շտ է:

-2008 թվականին, երբ հայտարարվեց պայմանագրային զինծառայության հնարավորության մասին,  ես առաջինը ծառայելու ցանկություն հայտնեցի: Խաչիկից  մեր զորամասի առաջին պայմանագրային զինծառայողն եմ եղել: Ես ստացա գյուղը, մեր երեխաներին, կանանց պաշտպանելու հնարավորություն: Սա ինձ համար ամենակարևորն էր: Իհարկե, կարևոր էր նաև վարձատրությունը, որը, տնտեսությանս հետ միասին, ապրելու հնարավորություն էր տալիս: Գոհ եմ իմ կյանքից: Միջնեկ աղջիկս Խաչիկի պատանի երկրապահների միության անդամ է: Եթե զինվորական դառնալու որոշում կայացնի, կտամ իմ հայրական օրհնությունը (ժպտում է): Երբեմն հեռադիտակով դիրքերից նայում եմ մերոնց, մեր գյուղին: Տեսնում եմ՝ ոնց են չարչարվում. նրանց առօրյան էլ հեշտ չի: Ուզում եմ կողքներին լինել: Բայց ո՞վ է ապահովելու նրանց անվտանգ կյանքը:

-Ապրիլյան օրերին, երբ դեռ չգիտեինք՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում, ի՞նչ էիք մտածում:

-Ես խաղաղության մասին էի մտածում՝ երեկ էլ, այսօր էլ: Մենք, պատերազմի թոհուբոհով անցած լինելով, իհարկե, չէինք ուզենա, որ մեր երեխաներն էլ զգային այդ ամենը… Գիշերները դիրքերում կանգնած՝  նայում եմ մեր գյուղին ու հասկանում եմ, որ պետք է ուժեղ լինենք ու այս խաղաղությունը պաշտպանենք ամեն գնով…

ԱՆՎԵՐՋ ԽԱՂԱՂ ԱՐԵՎԱԾԱԳԵՐ...Գյուղում այցելում եմ Հարություն Պողոսյանի և Հայկ Օհանյանի ընտանիքներին:  Առաջինը մեզ իրենց հարկի տակ դիմավորում են Հարությունի կինը՝ Դավթյան Մարգարիտան, և հարսը՝ Լյոլյան: Հարցնում եմ՝ «Հե՞շտ է ընտանիքում երկու զինվորական ունենալը»:

-Ե՛վ լավ է, և՛ դժվար,- ասում է Մարգարիտան:- Գյուղ տեղ է, միշտ էլ գործը շատ է. անասուններին, հողամասը նայել է պետք: Դժվարություններ շատ կան, բայց հաղթահարում ենք: Հարությունի այսօր պահած դիրքն այստեղից երևում է: Բայց մոտիկ, թե հեռու, տարբերություն չկա, վտանգը նույնն է: Ուրիշ հնար չկա, պետք է պահեն:

-Լյոլյա, իսկ հե՞շտ է խաչիկցի հարս լինելը:

– Մենակ ես չէ, քույրիկս էլ շուտով կամուսնանա Խաչիկում,- ժպտում է աղջիկը:- Շատերը կարծում են, թե ես եմ նրան համոզել, բայց իրականում քույրս պատահաբար է հանդիպել ամուսնուն: Երևանում եմ ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Հունաստան: Երեք տարի համացանցով էինք շփվում Մարտիրոսի հետ:

-Հետո հանդիպեցին Խաչիկում,- ավելացնում է Մարգարիտան,- առաջին անգամ եկավ մեզ հյուր, գարին հավաքելու ժամանակն էր: Պատկերացրեք՝  երկու-երեք տոննա գարին լցրեց պարկերը:  Աղջիկս հարցնում է. «Լյոլյա՛ ջան, բա արժի՞, որ Հունաստանից ելնես-գաս, որ գարին պարկերը լցնես»: Հարսս էլ պատասխանեց. «Որ սիրես՝ ամեն ինչ էլ կանես»: Սերը տեսեք՝ ուր բերեց-հասցրեց  մեր աղջկան… Բա՜:

Հայկ Օհանյանի ընտանիքում մեզ արդեն սպասում էին:

-Հայկը սիրում է զինվորական գործը,- ասում է Արմինե Ենոքյանը՝ կինը:- Ահա ինչու որոշեց որպես պայմանագրային ծառայել մեր բանակում:

ԱՆՎԵՐՋ ԽԱՂԱՂ ԱՐԵՎԱԾԱԳԵՐ...-Հայկն ասաց, որ ձեր աղջիկն էլ է ցանկանում զինվորական դառնալ:

-Աղջիկս, իրոք, մտածում է զինվորական դառնալու մասին, ասում է. «Զինվորական համազգեստի մեջ ինձ ավելի լավ եմ զգում»: Պատանի երկրապահների միության անդամ է: Վերջին անգամ՝ օգոստոս ամսին, Արցախ էին մեկնել՝ ուխտագնացության:  Հիացած էր, անընդհատ իր ճամփորդությունից էր պատմում:

– Որպես սահմանամերձ գյուղի բնակիչ՝ ինչպե՞ս եք գնահատում կանոնավոր բանակի՝ սահմանին կանգնած լինելու փաստը: 

-Վստահ ենք, որ չորս կողմից մերոնք վերահսկում են սահմանը:  Ապահովության զգացում կա. կարող ենք հանգիստ  աշխատել դաշտում: Բոլորին էլ ճանաչում ենք, գիտենք՝ լավ տղաներ են: Իրենց գյուղի, իրենց հայրենիքի սահմաններն են պաշտպանում ու դրանով արդեն մեծ հարգանքի են արժանի: Շնորհակալություն բոլորին ու բարի ծառայություն:

Օրը վերջանում էր: Արևն այդ օրը մայր էր մտնում ճիշտ Արարատի երկու գագաթների մեջտեղում. փառավո՜ր տեսարան էր: Զմայլված նայում եմ ու մտածում. «Որքա՜ն խաղաղություն, վստահություն կա այստեղ՝ այս մարդկանց մեջ, սահմանագոտում: Ուրեմն, հաստատ՝ այս մայրամուտին հաջորդելու են անվերջ խաղաղ արևածագեր…»:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ազգային բանակ


23/09/2016