Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ



ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸՕրերս հայկական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկը` ՀԵՆՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, տոնեց իր ծննդյան 91-ամյակը

 

-Հենրի Ռուբենի, Դուք կենդանի լեգենդ եք` Ձեր 91-ամյա կենսագրությամբ, Ձեր «Նվագախմբի տղաները» ֆիլմով… Մարդ, որ մինչ օրս` 50 տարի ղեկավարում է կինոարվեստի ուսումնական ստուդիան… Ես նույնիսկ չգիտեմ` ինչից սկսեմ զրույցը:

-Ես կսկսեմ: Ես Ձեզ կպատմեմ, թե ինչպիսին էր իմ ծննդավայր Գյումրին իմ մանկության տարիներին: Դա մի տաք, գեղեցիկ, կոկիկ, ազնվական քաղաք էր` կարմիր ու մարմնագույն տուֆերի համադրությամբ, ինքնամեծար ու հպարտ ճարտարապետությամբ…

-Ասում են՝ երկրի ճարտարապետությունը հասարակության մանրանկարն է…

-Եթե այդպես չլիներ, ես չէի անդրադառնա Գյումրիի երբեմնի նկարագրին: Շատ տխրեցի, երբ վերջին անգամ Գյումրի էի գնացել:  Որովհետև քաղաքի գույները դալուկ էին:

-Իսկ Ամերիկայից ինչո՞ւ վերադարձաք: Ձեր աղջիկը այնտեղ է ապրում: Մի առիթով ասացիք, որ Ձեր աղջկա և փեսայի համակուրսեցիները հավաքվել են մի շրջանում և փոքրիկ Հայաստան են ստեղծել Միացյալ Նահանգներում: Ինչո՞ւ հետ եկաք:

-Ոչ ոք չկա, որ բարև ասես: Պարսպից այն կողմ մարդ է` դրկից: Չի նայում, որ բարևես: Մարդը մարդուն չի նկատում: Իմ բերանի մեջ իմ մանկության քաղաքի քաղցրահամն է` շաքարի, մոմպասի: Ամերիկայում բերանդ չի քաղցրանոմ` թեկուզ կիլոներով շաքար ուտես:

…Ասում են` մշեցի պապս շատ գեղեցիկ տղամարդ է եղել, կանայք ախ են քաշել, երբ պապս ձիգ, պինդ, իր ձիուն հեծած անցել է սեփական դաշտերի միջով: Ես տղամարդկային գեղեցկությունը պապիս կերպարով եմ մարմնավորում: Ամերիկայում այդ կերպարը մշուշվում էր, բռնել չէր լինում: Փոքր ժամանակ ես ինքնաթիռներ էի նկարում, հարյուրավոր ինքնաթիռներ` ողորկ, կառուցիկ, անթերի, սլացքի պատրաստ… Ամերիկայում ինչ-որ բան քեզ ներքև էր ձգում:

-Ձեր կենսագրության մեջ գրված էր, որ ընդունվել եք Բաումանի անվան ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը:

-Ես կարդացի այդ բուհի հայտարարությունը և նրանց ուղարկեցի ատեստատս ¥դպրոցը գերազանցով եմ ավարտել): Քիչ անց եկավ պատասխանը, որ ես Բաումանի անվան ինստիտուտի ուսանող եմ: Թելերով կապված ճամպրուկը ուսիս` գնացի Մոսկվա, մտա Բաումանի անվան ինստիտուտ: Ամենատպավորիչը` գեներալի համազգեստով բարձրահասակ, գեղեցկադեմ տղամարդն էր, ասես այլ մոլորակից եկած լիներ, ես երբեք նման շքեղություն չէի տեսել: Իսկ ամենացնցողը մարզվող մերկ աղջիկներն էին:

-Երևի կիսամերկ…

-Գյումրեցի տղայի համար` նրանք մերկ էին, նրանք ուրիշ էին, նրանց խոսքն էլ էր մերկ, պահվածքն էլ: Ես չդիմացա, ես շփոթված էի, ընկճված: Ու վերադարձա Հայաստան:

-Չհասկացա… Իսկապես չհասկացա:

-Ես չգիտեի` ինչպես սիրել նրանց:

-Իսկ Դուք ինչպե՞ս եք սիրել, երբ ամենից շատ եք սիրել:

-Իմ հայերենի ուսուցչուհուն էի սիրում, երբ 12 տարեկան էի: Նա քառասունին մոտ կին էր, Աստվածուհու հայացք ուներ ու գրքերի մասին էր պատմում: Ես երեկոները սպասում էի նրա տան լուսամուտի մոտ, որ մի պահ տեսնեմ նրա ուրվագիծը: Դա միակ սերն էր, որ երբեք չմարեց: …Մի ժպտացեք, սիրո «ռեալիզացիան» ինքը սերն է` այդ աստվածային զգացմունքը, մնացածը, ինչպես ասում են, ուրիշ ֆիլմից է:

-Որտեղի՞ց սկսվեց Ձեզ կինո տանող ճանապարհը:

-Հայտարարություն կարդացի, որ նորաբաց գեղարվեստաթատերական ինստիտուտը ընդունելություն է կատարում: Մի հարցրեք, թե ես ինչ կապ ունեի թատրոնի հետ, որովհետև իմ պատանեկության տարիներին թատրոնը յուրաքանչյուրիս հոգու ու արյան մեջ էր. թատրոնով էր ներծծված օդը, որ մենք շնչում էինք: Միայն «Պիոներ» պալատում 30 գործող խմբակ կար:

…Բուհի մուտքի մոտ մի տղա էր կանգնած: Մոտեցա, հարցրի` արդյոք ինքն էլ է դիմորդ: Պարզվեց` Թիֆլիսից է, անունը Հենրի, ինձ պես ծնվել է 1925-ին, սեպտեմբեր ամսին, ու երկուսս էլ ընդունելության քննությանը Պեպոյի մենախոսությունն էինք ներկայացնելու:

-Մի՞թե Հենրիկ Մալյանն էր…

-Գուշակեցիք…  Ընդունելության հանձնաժողովում այնպիսի դեմքեր էին, որ հիացմունքից մարդ խոսելու ունակությունն էր կորցնում: Դավիթ Մալյան, Վավիկ Վարդանյանը, Վարդան Աճեմյան…

Իմանալով, որ երկուսս էլ Հենրիկ ենք, ու երկուսս էլ Պեպոյի մենախոսությունն ենք պատրաստել, առաջարկեցին, որ կեսը ես ներկայացնեմ, կեսը` Հենրիկ Մալյանը: Չեք պատկերացնի` ինչ կատարվեց, երբ մենք սկսեցինք «խաղալ»:: Բոլորը ծիծաղում էին բարձրաձայն, ծափահարում էին… Երբ փոքր-ինչ հանդարտվեցին, Դավիթ Մալյանն ասաց` կյանքումս այսպիսի այլանդակ Պեպո չէի տեսել: Հետո խոսեց մի մարդ, որն Աստծու տեսք ուներ` Լևոն Քալանթարը: Նա ասաց` երկու Հենրիկներն էլ ինձ դուր եկան, երկուսին էլ ընդունենք… Ես ու Հենրիկ Մալյանն ընդունվեցինք Լևոն Քալանթարի խումբը: Ես Հենրիկին մեր տուն տարա, որովհետև նա թիֆլիսցի էր, Երևանում տուն չուներ: Այդպես սկսվեց: Մի նոր կյանք սկսվեց: Մի ուրիշ, ուրիշ դրախտային աշխարհ:

-Իսկ հիմա եկեք վերջապես խոսենք Ձեր լավագույն աշխատանքի` «Նվագախմբի տղաները» ֆիլմի մասին:

-Խոսենք, բայց դա իմ լավագույն ֆիլմը չէ: Լավագույն «Տերտերին ուխտը» ֆիլմն է:

Ես ու Հենրիկը գնացինք «Հայֆիլմի» տնօրենի մոտ, որ աշխատանքի ընդունվենք: Դավթյանը հենց իմացավ, որ Քալանթարի ուսանողներն ենք, պատրաստակամ ընդառաջեց` վստահ, որ Քալանթարի ուսանողները չեն կարող տաղանդավոր չլինել…

-Չեմ կարող չընդհատել ու չհարցնել` այսօր կարո՞ղ ենք վստահաբար ասել` Մարգարյանի ուսանողները չեն կարող տաղանդավոր չլինել…

-Շատ կարևոր է, թե դու ինչ հումքով ես աշխատում: Իմ տարիքը թույլ է տալիս, որ ես ասեմ այն, ինչ մտածում եմ: Մի քիչ էլ կոպիտ ասեմ. կրթության որակը շատ է նահանջել: Մարդը դպրոցն ավարտում է ու անգրագետ է մնում: Եթե երիտասարդ տղան կամ աղջիկը չեն կարողանում երկու բառ ասել Շիրվանզադեի կամ մեկ ուրիշ դասականի ստեղծագործությունների մասին, ուրեմն անգրագետ են: Այդ ամենով հանդերձ` մենք հնարավորինս բարձր արդյունք ենք ստանում:

-Այդ աստղաբույլը, որ հավաքված է «Նվագախմբի տղաները» ֆիլմում, Դո՞ւք եք ընտրել:

-Նրանք աստղեր չէին այդ ժամանակ: Աստղեր դարձան ֆիլմից հետո: «Հայֆիլմում» ինձ ու Հենրիկ Մալյանին հանձնարարեցին մի ձախողված ֆիլմի փոխարեն 5 ամսվա ընթացքում նոր ֆիլմ նկարել: Մենք օր ու գիշեր գրադարանից գրադարան վազելով, այս ու այն գիրքը կարդալով` սցենար էինք որոնում: Վերջապես գտանք Միքայել Շաթիրյանի վեպը` վառ, գունեղ, հումորային, զրնգուն կերպարներով:

-27 առաջին կարգի դերասան…

-27 դերասան, որ հետո պիտի դառնային առաջին կարգի: Մեր գործի կարևորությունն այն էր, որ մենք նկատեցինք ու բացահայտեցինք այդ դերասաններին: Աշխատեցինք օրուգիշեր: Մի ուրիշ նվիրումով, անմնացորդ: Դուք չեք պատկերացնի` ֆիլմն ինչ հաջողություն ունեցավ: Քնեցինք… ու առավոտյան արթնացանք հռչակավոր դարձած… Ամիսներ շարունակ «Մոսկվա» կինոթատրոնում ասեղ գցելու տեղ չկար: Ես միայն երրորդ օրը կարողացա ադմինիստրատորի օգնությամբ ներս խցկվել:

…Ու սկսվեց` փառք, ծափեր, կոչումներ, փող…

-Այն, ինչ երազում ենք յուրաքանչյուրս: Յուրաքանչյուր ստեղծագործող:  Այսքանից հետո Դուք դեռ ասում եք, որ Ձեր լավագույն ֆիլմը «Տերտերին ո՞ւխտն» էր:

-Հիմա պատմեմ,  լսեք: Դա այն ժամանակահատվածն էր, երբ Խրուշչովը Էռնստ Նեիզվեստնիի ցուցահանդեսում խորհրդային բանվորի կերպարը փնտրել ու չէր գտել: Եվ հրամայել էր խիստ  գրաքննության ենթարկել արվեստի բոլոր գործերը:  Այդ գրաքննության տակ ընկավ նաև իմ հերթական ֆիլմը, ու ճակատիս դաջվեց «հակասովետական» կնիքը: «Տերտերին ուխտը» պիտի մեղսաքավության նման  մի բան լիներ, բայց տողատակում էլի քննադատությունն էր:

-Ինչի՞ մասին էր ֆիլմը:

-Կասեմ: Ֆիլմը  նկարահանված էր Լևոն Բաշալյանի  «Որսկան Հակոբը» պատմվածքի հիման վրա: Երեք ռեժիսորների` ինձ, Հերիկ Մալյանին և Հրաչյա Ղափլանյանին հանձնարարել էին ֆիլմ նկարել, որոնք պետք է ցուցադրվեին մեկ ցիկլով:

Ես փնտրում էի դերասանին, որը պետք է նկարվեր գլխավոր դերում: Մի օր ես ու Հենրիկը, գրպաններս կիսադատարկ, մտանք ճաշարան ու 10 հատ խինկալի պատվիրեցինք: Մեկ էլ տեսանք՝ կողքի սեղանին Գուժ Մանուկյանն ու Վլադիմիր Մսրյանը 100 հատ խինկալի են պատվիրել ու ուտում են: Գուժն այնքան լավ էր ուտում: Ես քարացած նայում էի` ասես իմ ապագա ֆիլմից տեսարան լիներ: Ես գտա դերասանին: Եվ այդպես` Գուժ Մանուկյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը մասնակցեցին փորձնական նկարահանմանը: Ընտրեցինք Գուժ Մանուկյանին: Մոսկվայից խորհրդային կինոյի գիգանտներից մեկի` Գերասիմովի ղեկավարությամբ 20 հոգանոց խումբ ժամանեց Հայաստան, որ դիտի իմ, Հենրիկի ու Հրաչյայի ֆիլմերը: Իմ ֆիլմը ցուցադրության սկզբից մինչև վերջ ուղեկցվեց հոտնկայս ծափերով: Գերասիմովը ելույթ ունեցավ ու ասաց, որ ֆիլմը փայլուն է, դերասանները աննման, ռեժիսորը` տաղանդավոր: Ֆիլմը ներկայացվեց Կաննի փառատոնին, Գերասիմովը Գուժին իր հետ տարավ Մոսկվա…

-Ես գիտեմ, թե ինչի մասին է ֆիլմը, բայց ուզում եմ` մեր ընթերցողը Ձեր շուրթերից լսի մարգարեական պատգամը…

-Փոքրիկ գյուղում տերտերը մահանում է: Համապատասխան թեկնածու չգտնելով` տերտեր են կարգում որսորդ Հակոբին: Մարդը մնում է իր բնության ու իրեն պարտադրված կոչման արանքում: Երբ մարդն իր գործով չի զբաղվում, խեղվում է և՛ նրա ներքին աշխարհը, և տուժում են նրան շրջապատող մարդիկ: Երբ մարդը իր տեղում չէ, դառնում է զավեշտալի ու ողբերգական: Նա կործանում է ամեն ինչ:

-Մի հատկանշական դրվագ կա: Երբ եպիսկոպոսն իմանում է, որ տերտերը որսի է գնում, եղնիկ է սպանում, մի պահ մտահոգվում է: Հետո գտնում է ելքը, ասում է` սպանելուց առաջ խաչ հանիր երեսիդ: Ես ցնցվեցի այդ տեսարանից: Այսօր էլ մարդիկ մեղքի մեջ թաթախված ձեռքերով խաչ են հանում: Բոլորի ձեռքին Աստվածաշունչ կա` որպես գեղեցիկ դեկոր: Եվ ուզում եմ Ձեր հերոսի խոսքերով դիմել Ձեզ` բա ո՞նց անենք, վարպե՛տ…

-Իմ անունը Հենրի է դրել հայրս: Եղեռնից փրկված ու ամերիկյան որբանոցում պատսպարված հայրս իր որդուն  կոչել է որբանոցի տնօրենի անունով:

-Տնօրենը սիրել է նրան հավանաբար…

-Մենք էլ սիրենք: Ահա «ոնց անենքի» պատասխանը: Սիրենք մարդուն, մեր բանակը, մեր քաղաքը… Մեր մշակույթը: Մեր նախնիներին սիրենք` նրանց ստեղծած արժեքները: Մեր պատմությունը սիրենք, մեր անկախությունը սիրենք: Բառերով չէ, գործով սիրենք: Եթե շատ սիրեինք մեր անկախությունը, այսօր ավելի մեծ ձեռքբերումներով կտոնեինք անկախության 25-ամյակը:

-Օրեր առաջ Ձեր ծննդյան 91-ամյակն էր: Վարպե՛տ, թույլ տվեք համբուրել Ձեր բազմավաստակ, բարիք գործած, ազնիվ ձեռքը: Ուրախ եմ, որ այդքան եռանդուն եք, առողջ. միտքը` պայծառ, երիտասարդ: Շատ-շատ երկար ապրեք: Շնորհավոր Ձեր տարեդարձը: Խոստացեք, որ Ձեր 100-ամյակին առաջինը ինձ եք հարցազրույց տալու:

-Տիրոջ կամքով ու օրհնությամբ: Ես էլ մեր երկրի 25-ամյա անկախությունն եմ շնորհավորում: Շատ եմ ուզում, որ մեր երիտասարդ անկախությունը պապիս նման ուժեղ, գեղեցիկ, հպարտ վարգի սեփական դաշտերի վրայով:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Հոգևոր-մշակութային


23/09/2016