ՀԱՐԱՏԵՎ ՃԱԽՐԱՆՔ
Մեկ անգամ տրվող կյանքը թանկ գին ունի: Ընտրյալների համար այն ավելին` հայրենիք արժե: «Վասն հայրենյաց, վասն հավատի» համար պատերազմները, սկսած 5-րդ դարում մղված «Վարդանանց պատերազմից» ցայսօր` 21-րդ դարի սկզբի Քառօրյան, չեն փոխել իրենց պատճառն ու իմաստը:
Օդաչուի կյանքում ամեն թռիչք որոշիչ է, ինչը լավ գիտեր ՄԻ-8 ուղղաթիռի երեսունմեկամյա օդաչու-հրամանատար Հրայր Կիրակոսյանը: Սակայն 1992 թվականի սեպտեմբերի 29-ի կարևոր թռիչքը, նախախնամության կամոք, ցավոք, վերջինը պիտի լիներ: Իր Աշխատանքային գրքույկում նա այլևս չէր գրանցելու այդ պատասխանատու թռիչքի տարեթիվը, ինչը սովորաբար անում էր: Ընդամենը չորս օր առաջ, սեպտեմբերի 24-ին, Հրայրի ծննդյան առթիվ ուրախ սեղան բացող քույրը` տողերիս հեղինակը միայն, իր նույն ձեռքով պիտի արձանագրեր այդ տարեթիվը՝ որպես միակ եղբոր հերոսության պատմական առհավատչյա:
Իսկ ամեն ինչ սկսվել էր մանկությունից, որ լեցուն էր սիրով և ձգտումով դեպի երկինքը: Հաճախ էր փոքրիկ Հրայրը վայր ընկնում երկնքում թոչող ինքնաթիռի հետևից վազելիս: Իսկ մայրը` Քնարիկը, ի զարմանս բոլորի, չէր սաստում որդու չարաճճիությունները: Միայն նա էր մայրաբար զգում ու նաև գիտակցում, որ այդ «վայրէջքները» մի օր ճախրանքի էին վերածվելու: Իսկ հոր` Մեսրոպի շրջապատում փոքրիկ Հրայրին մի տեսակ մեծավարի էին վերաբերվում: Երևի պատճառն արդարացված էր: Մորեղբայրը նորածնին, որը տան միակ արու զավակն էր, Դժոխք Հրայրի անունն էր տվել:
Սերը թռիչքի նկատմամբ նրա հետ հասունանում էր՝ վերածվելով նպատակի: Երևանի թիվ 127 դպրոցի աշակերտը՝ միևնույն ժամանակ ԴՕՍԱԱՖ-ի դպրոցի սան լինելով, տասնհինգ պարաշյուտային թռիչք էր կատարել:
Հրայր Կիրակոսյանի զինծառայության երկու տարիներն անցան նախկին ԳԴՀ-ի Լեյպցիգ քաղաքի «Հակաօդային զորամասում», որտեղից նա վերադարձավ պատվոգրերով: Իրապես «արծվի տեսողություն» ունեցող երիտասարդին առաջարկել էին մնալ Գերմանիայում, բայց ինքը մերժել էր այդ առաջարկությունը: Այս որոշումը զարմացրել էր շատերին, բայց ոչ տնեցիներին: Սա Հրայրն էր՝ որոշակի և իր անելիքն իմացող:
Հոգեբանորեն պատրաստ երիտասարդն այնուհետև գերազանց ավարտելով Կիևի Կրեմենչուգ քաղաքի ավիացիայի ուսումնարանը, նշանակում ստանալով Ռուսաստանի Սալեխարդ քաղաքում, հաստատվում է այնտեղ: Ժամկետն ավարտվելուց հետո երիցս փորձում է վերադառնալ Հայաստան, սակայն մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող երիտասարդ օդաչուին ամեն անգամ համոզում և ազատման հրաման չէին տալիս: Հրայր Կիրակոսյանը, որին ռուս օդաչու գործընկերները մտերմորեն Գենա էին ասում, լավագույն օդաչուի համբավ ուներ: Կարգապահ, ազնիվ, ճշտապահ և ճշմարտախոս հային վստահում էին ցանկացած հարցում, խորհուրդներ ակնկալում նրանից: Իսկ Հրայրի համար օդաչու և ընկեր բառերը նույնիմաստ էին ու անբաժան: Ճիշտ խոսք է, թե՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Նա յուրօրինակ հումորի տեր էր, գեղեցիկ ու համոզիչ խոսել գիտեր, ինչը հաստատում էր նաև սլացիկ, թիկնեղ կեցվածքը: Կարողանում էր նվագել փողային գործիքներ` շեփոր և տրոմբոն, իսկ շախմատ խաղալու հմտության նրա համբավը հայտնի էր բոլորին:
Հրայրի առաջին երկարաժամկետ այցը Հայաստան 1988թ.-ի դեկտեմբերին էր: Երկրորդն արդեն վերադարձ էր` հայրենյաց ու արյան կանչ: Այս կանչն Արցախ աշխարհինն էր: Իսկ Արցախը հող չէր սոսկ, այլ պատմական հայրենիք: Ինչ սիրտ պիտի ունենար այն հայը, որ չմիանար իր նախնիների հայրենիքն օտարի լծից ազատել ցանկացող մի ողջ ժողովրդի արդար պայքարին:
Բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալևան նրան նվիրված իր՝ «Երկնքի անվեհեր բազեն» վավերագրական կինոնկարում սիրով ու արժանավայել է ներկայացրել հերոս օդաչու-հրամանատարի անձնվեր սխրանքը, որը վերջին մի ճիգով ջանացել է փրկել իր ընկերների կյանքը:
Հայաստան վերադարձից հետո Մի-8 ուղղաթիռի հրամանատարի համար սկսվեց ոչ թե կյանքի նոր փուլ, այլ կենսագրության կերտման կարճ, բայց և վճռական շրջան: 1990-1992 թվականներն անմնացորդ նվիրումի, հայրենասիրության և անձնազոհության մի ժամանակահատված էին: Հրայր Կիրակոսյանի թռիչքների սահմաններն այդ ժամանակ ընդգրկում էին Հայաստանի ու Արցախի համարյա բոլոր շրջանները, գյուղերն ու քաղաքները` Երևանից Ստեփանակերտ, Շուշի, Շահումյան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Հոռաթաղ, Մոխրաթաղ, Քարվաճառ (Քելբաջար), Գորիս, Մեղրի, Ղափան, Վարդենիս, Գյուլիստան…
…1992թ.-ի սեպտեմբերի 29-ի թռիչքն անհամեմատ վտանգավոր էր: Շահումյանը պաշտպանող ազատամարտիկներին շտապ զենք ու զինամթերք հասցնելու անհրաժեշտությունից բացի, այդ թռիչքը ռազմավարական լուրջ նշանակություն ուներ: Թռիչքից առաջ քաջ գիտակցելով, որ պահը ճակատագրական է, նա իր մեքենայի բանալիները տալով օդաչու ընկերներից մեկին, ասում է.
-Մեքենաս տուն կտանես…
Ճախրանքի սովոր օդաչուի հերթական թռիչքն այդ օրն ընդհատվեց Գյուլիստանի (ԼՂՀ, Շահումյանի շրջան) երկնքում: Իսկ տանը դեռ երեք օր սպասում էին նրա վերադարձին…
Այդ օրը օդաչու-հրամանատար Հրայր Կիրակոսյանի հետ Արցախի երկնքում անմահացան անձնակազմի անդամներ` Էդիկ Խաչիկյանը, Գառնիկ Դանիելյանը, Ստեփանակերտի օդակայանի պետ Մաքսիմ Բաղամյանը, ազատամարտիկներ Ժորա Սարգսյանը, Մայիս Առուստամյանը, Ֆուրման Գյորգյանը և Ռուսլան Հովհաննիսյանը: Այս տղաների անձնվեր հոգիներն անմահացան երկնքում, իսկ մարմինները հանգրվանեցին Եռաբլուրում: Նրանց և նրանց նման հազարների շնորհիվ սովորական բլուրն այս սրբանալով՝ դարձավ յուրօրինակ աղոթատեղի:
Մաջարի օդաչուն հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, Արիության և Երկրապահ մեդալներով:
Սեպտեմբերի 24-ը հերոս օդաչու եղբորս ծննդյան օրն է: Որպես կանոն այդ օրը մեր տանը եռուզեռ էր լինում: Բայց հիմա Եռաբլուրում ենք ութսունհինգամյա հայրիկիս հետ: Իսկ մորս նուրբ հոգին արդեն թևածում է երկնքում՝ ընկերակցելով իր սիրասուն զավակին: Հրայրի սիրած ծաղիկներն ենք խոնարհել շիրիմին, իսկ շնորհավորանքը մեր հոգիների փոթորիկն է ու լռությունը…
Անուշ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ճակատագրեր