«ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՍԵՐ»
Սեպտեմբերի 14-ին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանցի «Հայաստան, իմ սեր» գրքի շնորհանդեսը: Մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, ընթերացասերներ:
Գրքի շնորհանդեսը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Շնորհանդեսի նախաձեռնողը համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն էր:
Ժողովածուի մասին իր խոսքում նա, մասնավորապես, նշեց, որ հեղինակը հայրենիքի նվիրյալ է, մեր ազգային ճակատագրի քաջատեղյակ տարեգիր: Այս գրքի միջոցով նա շատ պարզ բացատրում է, թե որքան կարևոր է ընտանեկան դաստիարակությունը դեռ օրորոցից երեխային հայրենիքի հանդեպ սիրով համակելու գործում:
-«Հայաստան, իմ սեր» գիրքը տարբերվում է շատ ու շատ գրքերից. այստեղ զարմանալի հայի հետագիծն է ուղենշված՝ Մաշտոցից մինչև 21-րդ դար, Այբ-ից մինչև մերօրյա հիշողություններ, իսկ ամեն մի բանաստեղծական տող լույս է ու ջերմություն: Իսկ հեղինակի հետ յուրաքանչյուր հանդիպում լեցուն է հաստատակամությամբ, չընկճվելու վճռականությամբ, վաղվա օրվա հավատով,-Տիգրան Պետրոսյանցի գրքի մասին ասաց մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:
Տիգրան Պետրոսյանցը իր խոսքում նշեց, որ պատանեկության տարիներին ծանոթացել է Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Վազգեն Ա Վեհափառի հետ և նրանցից ժառանգել է հայրենասիրություն, մարդասիրություն ու պատասխանատվություն հայրենիքի հանդեպ: Խոսքն ուղղելով ուսանողներին՝ ասաց. «Կարողացեք հայրենիքը ձեր մեջ տեսնել, գիտելիք կուտակեք. սա ձեր ժամանակն է, ձեր ապագայի ժամանակը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա հավերժական, որ այն ժառանգենք մեր սերունդներին»:
Միջոցառման ավարտին ուսանողներից և դասախոսներից մի քանիսը ասմունքեցին Տիգրան Պետրոսյանցի բանաստեղծություններից, կատարեցին նրա հեղինակած երգերից:
Աննա Մարտիրոսյան
Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Հոգևոր-մշակութային