Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԳնդապետ Գևորգ Գրիգորյանի մասին շատ էի լսել, սակայն հանդիպել չէի կարողանում, չէր ստացվում: Ասում էին` ավելի շատ ընկեր-հրամանատար է, քան` սոսկ հրամանատար, հոգեբան-հրամանատար է, առաջին հայացքից հասկանում է զինվորի հոգեվիճակը, մարդկային ամենաբարձր որակներով օժտված հրամանատար է: Մի խոսքով` զինվորական, որին հարկավոր էր ու պետք էր հանդիպել եւ անմիջականորեն խոսել, ծանոթանալ: Այս մտադրությամբ ճանապարհվեցինք զորամաս, ուր հասանք ուշ երեկոյան: Հրամանատարը տեղում չէր, բարձրացել էր դիրքեր` իր ամենօրյա պարտականությունները կատարելու և նախատեսվող զորավարժանքի նախապատրաստական աշխատանքները հրահանգավորելու համար: Իմացանք, որ առավոտյան տեղի էր ունենալու վաշտային կրակային զորավարժություն:

Գևորգ Գրիգորյանը մի քանի տարի է, ինչ մեր հյուսիսարևելյան սահմանագոտու մի հատվածի պահպանությունն իրականացնող զորամասերից մեկի հրամանատարությունն է ստանձնել: Հրամանատար, որը մշտապես անձնական օրինակով և խիզախությամբ կանգնում է իր զինվորի կողքին՝ անձամբ իր վրա վերցնելով ամենաբարդ և վտանգավոր հանձնարարությունները:

Ժամեր անց հրամանատարի «Պատրիոտ» ամենագնացը հևիհև և փոշեծածկ կանգնեց զորամասի շտաբի առջև. «Զորամա՛ս, զգա՛ստ»՝ հնչեցրեց  հերթապահը և, լսելով կարճ զեկուցումը` ազդարարեց. «Ազա՛տ»:

-Կներե՛ք, տղե՛րք ջան, որ ուշացա: Որոշեցի հենակետում տղերքին հանդիպել, վաղվա մեր զորավարժության կրակային թիրախներն էլ ճիշտ տեղորոշել, նոր  գալ: Առավոտյան պիտի գնանք ու տեսնենք` ոնց են թիրախներ խոցում մեր պայմանագրայինները:

Մի պահ տարօրինակ թվաց հրամանատարի արդարացումը, բայց, եթե զինվորական կարգուկանոնից դուրս հաշվի առնենք քաղաքավարության կանոնները, միանգամայն հասկանալի էր հրամանատարի բարեկրթությունը:

-Օրվա ընթացքում հստակ տեղաշարժ և ժամանակաբաշխում հնարավոր չէ իրականացնել, չգիտես` երբ, որտեղ և որ հատվածում պետք կլինես քո զինվորին: Մեզ մոտ այսպես  է,- ավելացրեց հրամանատարը:

Մի պատառ հաց կիսելով` խոսեցինք հազար ու մի բանից՝ սահմանային իրավիճակից, սահմանային ծառայությունից  և նրա բարդություններից ու վտանգներից: Ամեն վայրկյան զգացվում էր հրամանատարի ինքնավստահությունը այն գործում, որի նվիրյալն էր նա: Զրույցի ընթացքում գրեթե երեք րոպե ընդմիջումներով նրա ծառայողական հեռախոսն ընդհատում էր մեզ: Գնդապետի խաղաղ ու անվրդով դեմքի արտահայտությունից ոչինչ չգուշակեցինք հեռախոսազանգերի բովանդակության մասին: Նա խոսում էր առանց նյարդայնանալու: Հավասարակշռված անձնավորություն է,- մտածեցի:

Վերհիշեցի հրամանատարի քաջ և հերոսական քայլերի մասին պատմությունները: Ասում են` շատ անողոք է թշնամու հանդեպ…

Ահռելի տարբերություն կա քաղաքային խաղաղ պայմաններում ծառայող զինվորականի և առաջնագծում ծառայող զինվորականի միջև: Իհարկե կարող ես ուսադիրներ կրել, ստանալ հերթական զինվորական կոչումները, սակայն եթե գեթ մեկ անգամ չես եղել սահմանում, չես կանգնել սահման պահող զինվորի կողքին և չես սեղմել նրա ձեռքը՝  չես հասկանա, ինչ ասել է հայրենիքի պաշտպանություն: Սահմանապահ զինվորականի կյանքը վտանգված է ամեն վայրկյան. նրանք չունեն լիարժեք հանգիստ թե՛ գիշեր և թե՛ ցերեկ, ինչպես գնդապետ Գրիգորյանը և շատ ու շատ նրա նմանները:

-Արմատներով Մուշից ենք, ծառայում եմ հայրենիքիս այս հատվածում մի քանի տարի, այստեղ եմ ընտանիքով, որդիներս էլ են զինվորագրված, և այս ամենը իմ կյանքն է: Այսքանը կարող եմ ասել իմ մասին,- ասում է նա և հասկացնում, որ ծառայական և կենսագրական հարցեր այլևս չտամ:

-Ես շատ խոսել չեմ սիրում, բայց, կցանկանայի ասել, որ այսօր մեզ վստահված պահպանության տեղամասը անառիկ է՝ շնորհիվ մեր պայմանագրային տղաների, որոնց ձեռքը անվրեպ է և դիպուկ: Վառ ապացույցը ապրիլյան վերջին զարգացումներն էին, երբ թշնամին մեր զինվորների բազկի ուժը զգաց սեփական մաշկի վրա:

 

Զորավարժանքը

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԱռավոտյան հրամանատարի հետ մեկնեցինք հրաձգարան, ուր նախատեսված էր ստորաբաժանումներից մեկի կրակային զորավարժանքը: Ոլորապտույտ ճանապարհին հանդիպելով ծառայություն իրականացնող ենթակա զինվորականների՝ նա յուրաքանչյուրի հետ զրուցում էր, հարցուփորձ անում և հետաքրքրվում ծառայության բարդություններից:

Հաջողությամբ իրականացնելով կրակային խոցումները՝ հրաձգային վաշտի անձնակազմը, համաձայն զորավարժանքի սցենարի, պետք է կասեցներ պայմանական հակառակորդի հանկարծակի գրոհը և վերականգներ սահմանային բնագիծը: Անձնակազմը հակատանկային համակարգը դիպուկ կրակով խոցեց և կասեցրեց պայմանական հակառակորդի գրոհող տանկերի ընթացքը, այնուհետև ականանետային, ապա հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներից հուժկու կրակով ոչնչացրեց թշնամու մարդկային և սպառազինության միջոցները և ետ շպրտեց հակառակորդի արկածախնդիր հարձակումը:

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ-Ապրիլյան իրադարձություններից հետո մենք վերանայել ենք մի շարք մարտավարական հնարքներ և հնարավորինս մոտ դարձրել մեր կրակային պարապմունքները իրականին և այս տեսանկյունից ավելի հագեցրել մեր ուսումնական վարժանքները: Բոլորին է հայտնի, որ անվրեպ խոցումն ու կրակի ճշգրիտ կառավարումը միակ երաշխիքն է մարտադաշտում հաջողության հասնելու և թշնամուն կասեցնելու համար: Դիպուկ կրակը կանխորոշում է մարտի ելքը, իսկ մարտի խելացի կառավարումը՝ հաղթանակը: Սակայն այս ամենին հասնելու ու մարտունակ լինելու  և մնալու համար հարկավոր է զօրուգիշեր աշխատել և ինքնապատրաստվել թե՛ տեսական և թե՛ գործնական պարապմունքների միջոցով, ինչը քաջ գիտակցում է մեր զորամասի պայմանագրային անձնակազմը,- նշում է հրամանատարը:

Զորավարժանքին ներկա էր նաև զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Հարությունյանը, որը որպես զորավարժության գնահատող հանձնաժողովի նախագահ, ուշիուշով հետևում էր վաշտի գործողություններին:

– Հարկ եմ համարում նշել, որ գումարտակի հրաձգային վաշտի տղաները փորձառու են և հմուտ կրակային խոցման գործում: Նրանք լավ գիտեն իրենց գործը, քանի որ նրանցից շատերը Արցախյան ազատամարտի մասնակիցներ են և կոփված զինվորական գործում: Որպես գնահատող հանձնաժողովի նախագահ, պետք է ասել, որ, իհարկե, որոշակի բացթողումներ կան, սակայն դրանք արագ վերացվող թերություններ են, և կարծում եմ` շատ կարճ ժամանակահատվածում կշտկվեն,- ավելացրեց գնդապետ Ա. Հարությունյանը:

Ռոբերտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ազգային բանակ


23/09/2016