ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ
Բանակի խնդիրը համայն հայության խնդիրն է
«Յուրաքանչյուրը որպես տղամարդ պետք է կայանա բանակում»:
Հովհաննես Փոթալյան
կրտսեր սերժանտ
2016 թ. սեպտեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ (նախագահ Գեղամ Հարությունյան)՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և այլ հաստատությունների գիտաշխատողները և դասախոսները ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության շրջանակում եղան Ստեփանակերտում, որտեղ նրանց ընդունեց ԼՂՀ պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ողջունելով Հասարակական խորհրդի կողմից կազմակերպված այցը՝ գեներալը նշեց, որ նման այցելությունները խիստ անհրաժեշտ են և կարծում է, որ պետք է ավելի հաճախակի այցելել զորամասեր: Նա մանրամասն ներկայացրեց պաշտպանության բանակում կատարվող բարեփոխումները՝ հընթացս անդրադարձ կատարելով նաև ապրիլյան քառօրյա պատերազմին:
Նախարարն ընդգծեց Հասարակական խորհրդի կողմից կազմակերպվող դասախոսությունների կարևորությունը, քանի որ դրանով ապահովվում է բանակ-հասարակություն կապը: Նա միաժամանակ նշեց, որ հասարակական կազմակերպությունների և մտավորականության կողմից ՊԲ այցելությունները հատկապես ակտիվ էին ապրիլ-մայիս ամիսներին, որից հետո դրանք որոշ չափով պակասեցին:
Լ. Մնացականյանն իր ելույթում խոսեց հրամանատարության կողմից իրականացվող այն միջոցառումների մասին, որոնք առաջին հերթին ուղղված են մարտական հերթապահության բարելավմանը: Առաջնագիծը հագեցրել ենք համապատասխան տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա առաջնագծում նվազեցնել մարդկային գործոնը: Բանակն ապահովվում է նորագույն զինատեսակներով: Այս աշխատանքները լինելու են շարունակական:
Հրամանատարը ներկայացրեց բանակի սպառազինության հետ կապված որակական փոփոխությունները: Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ Լ. Մնացականյանը փաստերով ներկայացրեց հակառակորդի ունեցած մեծ կորուստները:
Ապրիլյան կռիվներում հստակորեն երևաց հայ զինվորի ոգին, և հասարակությունը հաճելիորեն զարմացավ այդ ամենը տեսնելով: Մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած 11 զինծառայողի շնորհվել է լեյտենանտի կոչում: Նրանք ՊԲ-ում ծառայելու են որպես դասակի հրամանատարներ:
Գեներալ-լեյտենանտը նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր տեսակի անօդաչու սարքերի ստեղծման ուղղությամբ, և փաստեց, որ արդեն զգալի առաջընթաց ունենք: Ներկաներին ցուցադրեց նոր տեսակի անօդաչու սարքերի լուսանկարները և նշեց, որ ներկայացված նմուշներն ամբողջությամբ հայրենական արտադրանք են: Միաժամանակ շարունակվում են պաշտպանական շրջանները համապատասխան տեխնիկական սարքերով հագեցնելու աշխատանքները, որոնք հնարավորություն կտան դիտարկելու հակառակորդի գործողությունները օրվա բոլոր ժամերին՝ անկախ եղանակային և կլիմայական պայմաններից:
Գեներալը խոսեց նաև այլ զինատեսակներով բանակը սպառազինելու մասին.
-Դրանք սպառազինության մեջ են, և անձնակազմի հետ սկսվել են համապատասխան ուսուցողական աշխատանքները,- ասաց նա:
Բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները: Հատկապես կարևոր է ջրով դիրքերի ապահովված լինելը: Միաժամանակ պաշտպանական շրջանները և դիրքերն ապահովվում են արևային մարտկոցներով,- նշեց Լ. Մնացականյանը:
Շարունակվում են լուծվել մարտական հերթափոխի հետ կապված մի շարք հիմնախնդիրներ: Կրճատվելու են մարտական հերթապահության ժամկետները, ինչը հնարավորություն կտա բարելավելու սանիտարահիգիենիկ իրավիճակը զորքում: Սննդի հետ կապված հիմնախնդիրները նմանապես հրամանատարության ուշադրության կենտրոնում են: Մատակարարների հետ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Եղել են դեպքեր, երբ անորակ սնունդը չի ընդունվել, իսկ մատակարարը տուգանվել է:
ՊԲ բանակի հրամանատարը կողմ է, որ բանակի ստորաբաժանումներ այցելեն տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հետաքրքիրն այն է, որ գեներալը հնարավոր է համարում, որ նրանք լինեն ոչ միայն զորամասերում, այլև առաջնագծում, որպեսզի մոտիկից ծանոթանան զինծառայողների առօրյային: Ինչպես փաստեց Լ. Մնացականյանը, արդեն նման մի այցելություն եղել է: Այցելությունների ժամանակ հրամանատարությունը հնարավորություն է տալիս առանձին զրուցելու ոչ միայն սպայական, այլև շարքային անձնակազմի հետ: Սպաներին և զինվորներին հատկապես ոգևորեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Հոգևոր խորհրդի անդամների այցը, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան զրուցելու զինվորների հետ, տեսնելու, թե ինչպես են նրանք ապրում և մարտական ծառայություն կատարում: Նման այցերը զգալիորեն նպաստում են զինվորների մարտական ոգու բարձրացմանը: Ինչպես ասաց Լ. Մնացականյանը. «Նրանց գալը օգնում է մեր ծառայությանը: Նրանք իրենց այցելություններով օժանդակում են բանակին: Մենք միշտ ուրախ ենք նրանց մեզ մոտ տեսնելու»:
Վերջում գեներալը սպառիչ պատասխաններ տվեց ներկաների հարցերին:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց գեներալ Լ. Մնացականյանին, որ վերջինս ժամանակ գտավ նման հանդիպման համար, ապա տեղեկացրեց, որ Հասարակական խորհուրդը պարբերաբար այցելություններ է կատարում ՊԲ, այս դասախոսություններն իրականացվում են 2010 թ. սկսած, և Հասարակական խորհուրդը մշտապես կապի մեջ է ՊԲ հրամանատարության հետ:
Գ. Հարությունյանը նույնպես կարևորեց տարբեր հասարակական կազմակերպությունների և դասախոսական խմբերի կողմից ՊԲ-ի զորամասեր այցելությունները, որոնք որոշակի դրական ազդեցություն են ունենում զինվորների վրա և օժանդակում բանակում տարվող հայրենասիրական և դաստիարակչական աշխատանքներին: Դրա վառ վկայությունն է ապրիլյան քառօրյա պատերազմը, որը ցույց տվեց, որ հայ զինվորն ու սպան բարձր հայրենասիրական ոգի ունեն, և նրանք հավատարիմ են հայրենիքի պաշտպանության համար տված զինվորական երդումին: Գ. Հարությունյանի կարծիքով, նման ոգու դրսևորմանը նպաստել են Հասարակական խորհրդի կողմից կազմակերպված և պարբերաբար իրականացվող դասախոսությունները, որոնք որոշակի դեր են ունեցել զինվորների շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման գործում: Բանախոսը նշեց, որ Հասարակական խորհրդի անդամները սույն թվականի օգոստոսի 1-ից 6-ը եղել են ՊԲ տարբեր զորամասերում և առաջնագծում:
-Անձամբ տեսել ենք առաջնագծում տեղի ունեցած և ընթացող վերափոխումները, տեխնիկական միջոցների առկայությունը, որոնք միտված են առաջնագծում ծառայության բարելավմանը՝ այն դարձնելով ավելի ապահով,- նշեց Գ. Հարությունյանը:
-Բանակի խնդիրը պետք է լինի ոչ միայն իշխանության, այլև համայն հայության խնդիրը,- իր խոսքը ավարտեց ՀՀ ՊՆ Հասարակական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը:
Սեպտեմբերի 11-ին դասախոսներն ուղղվեցին տարբեր զորամասեր: Ես և պ. գ. թ., դոցենտ Կարեն Հայրապետյանը այցելեցինք պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Զորամասում հանդիպեցինք հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հետ: Կարճատև զրույցից հետո կարդացինք դասախոսություններ, որոնք նվիրված էին ԼՂՀ անկախության 25-ամյակին: Զորամասում հանդիպեցինք նաև բանակ զորակոչված մեր մի քանի ուսանողների հետ:
Դասախոսությունից հետո զրույց ունեցանք զորամասի մի քանի զինվորների հետ:
Սերժանտական խորհրդի նախագահ, կրտսեր սերժանտ Հովհաննես Փոթալյանը ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է: Զորակոչվել է 2014 թ.: Նրա խոստովանությամբ սկզբնապես ծառայությունը դժվար է եղել, չի հարմարվել, սակայն ժամանակի ընթացքում այդ ամենը հաղթահարվեց, և շուտով աչքի ընկավ որպես լավագույն զինվոր, որի համար խրախուսվեց: Հովհաննեսի համար պարզ դարձավ, որ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է ծառայել բանակում: Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուրը որպես տղամարդ պետք է կայանա բանակում: 2016 թ. մայիսին հրամանատարությունը գնահատելով զինվորի ծառայությունը` նրան շնորհում է կրտսեր սերժանտի կոչում, և նշանակվում է զորամասի սերժանտական խորհրդի նախագահ:
Հաջորդ զրուցակիցս՝ շարքային Սեդրակ Հովհաննիսյանը, զորակոչվել է 2016 թ. հուլիսին և սովորել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսում: Նա դեռ նոր է սկսել իր ծառայությունը և անկեղծորեն խոստովանեց, որ սկզբում իր համար նույնպես դժվար է եղել, սակայն ներկայումս այդ դժվարությունների զգալի մասը հաղթահարված են: Դժվարությունը ծնողների և հարազատների կարոտն է և կանոնագրքի այբուբենով ծառայելը:
-Ինձ համար այժմ ամենակարևորն ու առաջնահերթը զինվորական մասնագիտության յուրացումն ու դրա գերազանց տիրապետումն է:
Շարքային Կարեն Մակարյանը ծնունդով երևանցի է: Զորակոչվել է 2016 թ. հուլիսին: Բոլորի նման ծառայության սկզբում որոշ խնդիրներ ծագել են, սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ կարգավորվում է:
-Դժվարությունների հաղթահարման գործում մեծ է սպայական կազմի օգնությունը,- նշեց:
Ցանկանանք մեր տղաներին բարի ծառայություն:
Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
Լուսանկարը` հեղինակի
Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Բանակ և հասարակություն