Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎՈ՛Վ ՆԵՐԿԱՅԱՑԱՆՔ



ՊԱՏՎՈ՛Վ ՆԵՐԿԱՅԱՑԱՆՔԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Գեներալ-մայոր

 

Զորահանդեսն ինքնատիպ խորհուրդ ուներ՝ մենք ազգովի նշեցինք մեր ազգային արժանապատվության օրը: Դա լիովին ըմբռնելու համար պետք է մեր պատմությունը ուսումնասիրել, հասկանալ: Աշխարհի հզոր տերություններից մեկն ենք եղել: Կորցրել ենք չորս թագավորություն, երկու հանրապետություն, և այսօր երրորդ հանրապետության անկախության օրն է: Երկար դարեր պետականություն չունենալուց հետո այժմ արժանապատիվ կյանքով ենք ապրում, ստիպում ենք ճանաչել մեզ որպես հզոր ազգ: Ապրում ենք մեր հայրենիքում և ուրիշ տեղ չունենք գնալու: Եվ մեր այս ազատ ու անկախ կյանքը, երկիրը պաշտպանելու միակ երաշխավորը մեր հզոր բանակն է:

Զորահանդեսի այս խորհուրդը մենք տեսանք Հանրապետության հրապարակում:

Ջանացինք այս զորահանդեսը՝ 25-րդը, ավելի գեղեցիկ անցկացնել, փոփոխություներ կատարեցինք ծիսակատարությունների ընթացքի մեջ: Նորամուծություն էր ՀՀ պետական դրոշի, զինված ուժերի մարտական դրոշի և Աշոտ Երկաթ թագավորի Պահապան խաչի համատեղ ներս բերելը: Առաջին անգամ զորահանդեսից առաջ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես սրբազան Աբրահամյանը կարդաց «Տերունական աղոթքը»: Մնացածը կատարվեց շարային կանոնադրության և ավանդույթների համաձայն:

Ցուցադրվեց այն տեխնիկան, որը մեր զորքերն օգտագործում են առօրյա ծառայության ընթացքում: Մեր ժողովուրդը տեսավ նաև իր բանակի ռազմական նոր համալրումները, որոնք էապես կմեծացնեն երկրի պաշտպանվածությունը, կբարձրացնեն մեր զինված ուժերի մարտական հնարավորությունները: Ընդգծեմ սակայն, որ սա պարզապես «մկանների» ցուցադրություն չէր, այլ այն պարզ փաստի արձանագրումը, որ մեր զորքը ուսուցանված է և տիրապետում է նշված բոլոր զինատեսակներին:

Զորահանդեսի նախապատրաստական պարապմունքներն սկսելուց առաջ ընտրվել են շարային պատրաստության լավագույն զինծառայողները: Նրանք, ովքեր շարային ձիգ կեցվածք ունեն, ֆիզիկապես առողջ են, կարող են դիմանալ շարային պատրաստության ծանր վարժանքներին, հատկապես եղանակային շոգ պայմաններին:

Հենց առաջին օրը ես նրանց ասել եմ. սիրելի՛ զինվորներ, ձեզ մեծ պատիվ է բաժին հասել՝ մասնակցելու այս զորահանդեսին, դուք ներկայացնում եք մեր պետությունը, նաև ձեր ընկերներին, ովքեր ձեր փոխարեն այժմ խրամատում կանգնած մարտական հերթապահություն են իրականացնում: Հավատացնում եմ, այս խոսքերից հետո նրանք կրկնակի ոգևորությամբ էին պատրաստվում. դա էլ նրանց մարտական դիրքն էր:

Որպես զորահանդեսի հրամանատար, գոհ եմ մասնակից զինծառայողների անցումից: Նրանք պատվով ներկայացրին ՀՀ զինված ուժերը:

Շնորհակալություն մեր զինվորներին եւ սպաներին:

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ազգային բանակ


23/09/2016