ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՈՒԺԸ
Մայրաքաղաքի գլխավոր հրապարակին հարակից փողոցներում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները: Համահավաք նվագախումբը շարային քայլերգի կատարմամբ զբաղեցնում է իր տեղը Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Զինվորական նվագախմբի նվագի ներքո սկսվում է զորահանդեսի շարասյուների մուտքը դեպի Հանրապետության հրապարակում նախատեսված տեղերը։ Համապետական նշանակության հանդիսությունը դիտելու են եկել մեր երկրի հազարավոր քաղաքացիներ, հայրենակիցներ Արցախից և սփյուռքից, օտարերկրյա հյուրեր:
Սեպտեմբերի 21-ը մեր նորանկախ պետականության տոնացույցի, հիրավի, ամենանշանակալից տոնն է, որն իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի վերջին 25-ամյա պատմության հաղթանակներն ու ձեռքբերումները, դժվարություններն ու փորձությունները, նաև անցյալն ու ներկան իրար շաղկապող՝ ապագային միտված հզոր գաղափարը:
Տրիբունայում են Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:
Հանրապետության հրապարակ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական դրոշը և Աշոտ Երկաթ քաջարի թագավորի պահապան Սուրբ Խաչը, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով հռչակվել է Հայոց բանակի պահապան: Դրոշակակիր խումբը գլխավորում է գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը:
Մինչև զորահանդեսն սկսվելը ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Տերունական աղոթքն» է կարդում:
Զորահանդեսի հրամանատարն է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
Զորահանդեսն ընդունում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի և «Տիգրան Մեծ» շքանշանների ասպետ Սեյրան Օհանյանը։
Ուղիղ 11:00-ին հնչում է խրոխտ զեկույցը. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարոն նախարար, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են: Զորահանդեսի հրամանատար՝ գեներալ-մայոր Մակարյան»:
Սկսվում է զորահանդեսին մասնակից զորքերի շարանցումը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունում և շնորհավորում է անձնակազմին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ելույթ է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա խոսում է անցած 25 տարիների անշրջելի իրողությունների, առաջիկա անելիքների մասին: Եվ անում ամենակարևոր եզրահանգումները.
-Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է:
Այսօր՝ 21-րդ դարում, զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ: Վկան այս զորահանդեսն է:
Զորահանդեսին մասնակից ստորաբաժանումների երթն սկսված է: Զորահանդեսի հրամանատարի գլխավորությամբ առաջ են ընթանում դրոշակակիրները: Նրանց հետևում է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թմբկահարների խումբը: Ապա հրապարակով անցնում են «Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազունները: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրթահամալիրի նախկին սան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը հերոսաբար զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, հետմահու պարգևատրվել «Արիության» մեդալով:
Պատանի երկրապահներից հետո Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արա Գրիգորյանի գլխավորությամբ հրապարակով հպարտ քայլերով անցնում են ազատամարտի փառապանծ մարտիկները, ովքեր 1992 թվականից ի վեր կանգնած են եղել մեր նոր պետականության կայացման ակունքներում և այսօր էլ բանակի կողքին են՝ զորավիգ լինելով հայ զինվորին:
Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի առաջնորդությամբ և օրհնությամբ հրապարակով անցնում են հայոց բանակի գնդերեցները: Նշենք, որ այժմ հայոց բանակում իրենց ծառայությունն են իրականացնում շուրջ 70 հոգևորականներ:
Հրապարակով հաջորդաբար անցնում են հայկական բանակի սպայական կազմի հիմնական դարբնոցի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի սպաներն ու կուրսանտները: Դրանք կրթօջախներ են, որ մեր փառապանծ բանակի սպայակազմի շարքերը համալրած հազարավոր մասնագետներ են պատրաստել:
Այնուհետև շարային խրոխտ քայլով անցնում են ԼՂՀ պաշտպանության բանակի, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ բանակային զորամիավորումների ստորաբաժանումները, որոնք հուսալիորեն պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, խաղաղ ու արարող ժողովրդի անվտանգությունը:
Առանձնակի ոգևորություն է առաջացնում «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, առանձին հատուկ նշանակության բրիգադի զինվորների անցումը: Այս զորամասի զինծառայողները առավել բարդ և պատասխանատու մարտական առաջադրանքներ են կատարում:
Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ անցնում է խաղաղապահ ուժերի բրիգադի շարասյունը: Բրիգադի զինծառայողները խաղաղարար առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր թեժ կետերում՝ բարձր պահելով հայ զինվորականի պատիվը:
Հանդիսավոր երթով անցնում են ռազմական ոստիկանության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանության զորքերի, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները: Այնուհետև սկսվում է զորահանդեսի թերևս ամենահետաքրքիր ու սպասված մասը՝ ռազմական տեխնիկայի անցումը: Օդում Սու-25, Միգ-29 ինքնաթիռներն են, ՄԻ-24, ՄԻ-8 ուղղաթիռները: Գրոհային ինքնաթիռների խումբը երկինքը ներկում է հայոց եռագույնի գույներով՝ անասելի ոգևորություն առաջացնելով հանդիսատեսների շրջանում:
Իրենց տեխնիկական հագեցվածությունն են ցուցադրում հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Գերժամանակակից սպառազինությամբ, կապի արդիական միջոցներով զինված և հատուկ պատրաստություն անցած այդ ստորաբաժանումներն ունակ են կատարելու զանազան մարտական խնդիրներ նաև հակառակորդի խոր թիկունքում:
Ներկայացվում է ՀՀ զինված ուժերի ժամանակակից ռազմական զինանոցը՝ տանկեր, զրահամեքենաներ, հակատանկային ինքնագնաց կայանքներ, հրետանային, հրթիռային միավորներ, անօդաչու թռչող սարքեր և այլն: Տպավորիչ են զինված ուժերի նոր ձեռքբերումները՝ ՌԷՊ «Ինֆաունա» համալիր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, «ԲՈՒԿ» զենիթային հրթիռային համալիր և, հատկապես, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական նշանակության հրթիռային համալիր: Նախորդ զորահանդեսից հետո սա, անշուշտ, մեր զինված ուժերի ամենանշանակալի և գերժամանակակից համալրումն է: Այս համալիրները թույլ են տալիս հաղթահարելու հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը և գերճշգրիտ, կետային հարվածներ հասցնելու ու ոչնչացնելու 300 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտները:
Զորահանդեսի ավարտին պատվո պահակային վաշտի զինծառայողները ցուցադրում են իրենց բարձր պատրաստվածությունը, կատարում մարտական զենքով բարդ հնարքներ և շարանցում:
Զորահանդեսը «Էրեբունի-Երևան» քայլերգի ներքո եզրափակում է զինվորական համահավաք փողային նվագախումբը՝ զինված ուժերի գլխավոր զինվորական դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, գնդապետ Արմեն Պողոսյանի ղեկավարությամբ։
Զորահանդեսը, իրոք, տպավորիչ էր: Մասնագետները դեռ կտան իրենց գնահատականը մեր նոր ձեռքբերումների, պատրաստվածության մասին: Սակայն, փաստ է, որ ևս մեկ անգամ հաստատվեց՝ Հայաստանի անկախության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, անկախության և դրա շարունակականության հզոր երաշխավորը: Բոլորը տեսան, որ զինված ուժերի զարգացման ծրագրերի շնորհիվ մեր բանակն այսօր դարձել է մշտապես կատարելագործվող կառույց՝ պատրաստ որակական գերազանցությամբ կանխելու և չեզոքացնելու պետության ռազմական անվտանգությանն ուղղված սպառնալիքները:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում