ԶՈՐԱԿՈՉ
Էդգար Խաչատրյանը՝ իմ թոռը, զորահավաքի առաջին զորակոչիկն էր, որ կենտրոնական հավաքակայանից դուրս եկավ պատվո պահակով՝ զինվորական ոստիկանության երկու ուղեկցորդներով եւ հպարտ-հպարտ մեկնեց զորամաս… Նա այդ առանձնահատուկ պատվին արժանացել էր որպես զոհված ազատամարտիկի որդի… Զոհված որդուցս հետո ես այդպիսի երջանիկ պահ դեռ չէի ապրել այս տասնյոթ տարիների ընթացքում…
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այդպիսի ջերմ, անմոռաց զգացումներ պարգեւեցին ինձ։ Ի՜նչ հրաշալի մտահղացում էր՝ զոհված ազատամարտիկի որդուն որպես զորահավաքի առաջին զինվոր պատվով ծառայության ուղեկցելը…
Շնորհակալ եմ բոլոր-բոլոր նրանց, ովքեր այդ հիանալի տոնը պարգեւեցին իմ վիրավոր սրտին՝ պաշտպանության նախարարից սկսած մինչեւ այն զինվորը, որ կարգ էր պահպանում զորահավաքակայանում։
Ես իմ մայրական օրհնանքն եմ ուզում տալ հայրենիքի պաշտպան որդիներիս. թող աշխարհը խաղաղ լինի, թող իմ երկիրը պատերազմ այլեւս չտեսնի, թող իմ զավակները ծառայեն խաղաղության մեջ եւ թող այնքան զգոն ու ուշադիր լինեն, որ հանկարծ անփութորեն մայրական արցունքների պատճառ չդառնան։
Եթե կա Աստված, թող այնպես անի, որ ես աշխարհի վերջին լացող մայրը լինեմ։
Արաքսյա մայրիկ՝
զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայրը