ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ:
Նիստի մեկնարկին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ ներկաները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների վառ հիշատակը:
Հանդես գալով շնորհավորական ելույթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փաստեց, որ անկախությունը 21-րդ դարում Հայաստանի զարգացման ու առաջընթացի ճանապարհն ինքնուրույն որոշելու, սեփական ապագան տնօրինելու և միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու իրավունք ընձեռեց: Սակայն այդ իրավունքներն ու հնարավորությունները պաշտպանության կարիք ունեին: «Եվ ահա անկախության հռչակման տոնականությունն ու Հայաստանի միջազգային ճանաչման ուրախությունը իրենց տեղը զիջեցին ռազմաճակատային ամփոփագրերի առաջ բերած մտահոգությանը, կորուստների վշտին ու ցավին, բայց միևնույն ժամանակ կատարած ընտրությունն ու արցախահայության ազատ ապրելու իրավունքը չզիջելու հաստատակամությանը: Այս պարագայում միակ ճանապարհը դարձավ հայկական բանակի ստեղծումը: Այդ տարիներին զինված ուժեր էին կազմավորում բոլոր նորանկախ պետությունները: Բայց մեզ վիճակված էր ստեղծել ոչ միայն պետականության պարտադիր խորհրդանիշներից մեկը ներկայացնող, այլև հայ ժողովրդի անվտանգությունը և վտանգված հայրենիքի տարածքային ամբողջականությունը ռազմաճակատում պաշտպանելու ունակ բանակ: Եվ ահա, ավելի քան 22 տարի, առանց այլոց ներկայության, միայն հայկական բանակի ուժերով փաստացի պահպանվում է խաղաղությունը: Ավելին, անկախ ու պաշտպանված Հայաստանի Հանրապետությունը փրկության ափ դարձավ քաղաքացիական պատերազմի ճիրաններում հայտնված մերձարևելյան պետությունների մեր բազմաթիվ հայրենակիցների համար: Իսկ հակառակորդի հետ պետական սահմանի ողջ երկայնքով պաշտպանական կուռ համակարգի ստեղծումը վկայեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա: Եվ ավելի քան երկու տասնամյակների այդ քրտնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքները ողջ աշխարհը տեսավ այս տարվա ապրիլին, երբ անկախ Հայաստանում ծնված 19-20 տարեկան պատանիները պաշտպանեցին իրենց ավագ եղբայրների ու հայրերի անօրինակ մաքառումներով գծված հայրենիքի սահմանները»:
Այնուհետև, դիմելով նիստի մասնակիցներին, Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 20-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին զինվորական կանոնավոր ստորաբաժանման՝ «Հատուկ գնդի» կազմավորման օրն է: Նա այս առիթով շնորհավորեց այն բոլոր զինծառայողներին, ովքեր կանգնած են եղել «Հատուկ գնդի» կազմավորման ակունքներում:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ մեր նորօրյա պատմության 25 տարիները թույլ են տվել մեր ամբողջ ներուժն օգտագործել՝ ստեղծելու երկու հայկական պետություններ՝ իրենց իշխանության բոլոր թևերով, որոնց շնորհիվ Հայաստանն ու Արցախն այսօր հաստատուն քայլերով գնում են առաջ: Սեյրան Օհանյանը այս առումով հատկապես արժևորեց անվտանգության համակարգի ձևավորումը, որը թույլ է տվել զսպման համապատասխան իրավիճակ ստեղծել մեր ժողովրդի խաղաղ արարումն ապահովելու համար: Նա նկատեց նաև, որ անվտանգության միջավայրում լոկոմոտիվի դերակատարությունն անկասկած հայկական բանակինն է՝ իր ողջ անձնակազմով: «Կարծում եմ, որ ոչ մի մեդալ, ոչ մի շքանշան այնքան մեծ փառքի չի արժանացնում մեր հայկական բանակի յուրաքանչյուր զինծառայողի, որքան ժողովրդի սերն է իր ծոցից ծնված հայկական բանակի, նրա զինծառայողների նկատմամբ: Եվ այդ առումով մենք պարտական ենք մեր ժողովրդին. մեր գերխնդիրն է ժողովրդի անվտանգության ապահովումը: Իրականում հերոսներ են ոչ միայն անհատները, հերոս է նաև մեր ամբողջ ժողովուրդը, որի միասնության շնորհիվ է, որ հասնում ենք հաջողությունների: Չենք կարող, իհարկե, այստեղ այս պահին մեր բանակի բոլոր արժանավոր զինծառայողներին, մեր բոլոր մարտական ընկերներին խրախուսել, բայց պարզ շնորհակալությունը, ժողովրդի շնորհակալության հետ միասին, այն բարձր գնահատականն է մեր ծառայակից և մարտական ընկերներին, որոնք իրենց առջև կարևոր խնդիր են դրել հայրենիքին ծառայելը: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ անձնուրաց ծառայության համար»:
Հանդիսավոր նիստը եզրափակվեց պարգևատրման արարողությամբ: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար մի շարք զինծառայողներ խրախուսվեցին պետական և գերատեսչական պարգևներով:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ազգային բանակ