ԱՆՏԱՌԸ*
Խրամատի հարեւանությամբ ջրի մի տակառ կար։ Ծորակից մեկ-մեկ ջուր էր գետնին կաթում։ Շիկացած հողը ագահաբար ծծում էր կաթիլները։ Արեւն երկնքից կրակ էր թափում։ Խրամատը հողաթմբի ետեւում էր։
Հանկարծ մի ճնճղուկ եկավ նստեց ջրի տակառի վրա ու սկսեց ժիր ծլվլալ։
Քսան օր ոչ մի հարձակում չէր եղել։ Զինվորները սպասելուց հոգնել էին։ Իսկ հարձակումը կարող էր սկսվել ամեն վայրկյան։ Ծանր ու տառապալից լռություն էր տիրում։
Զինվորը նայեց ճնճղուկին. «Իմ ամեն օրվա հյուրն էլի եկավ»։ Թեյի բաժակն առավ, գնաց նստեց տակառի մոտ ու ճնճղուկին դիմելով՝ ասաց. «Էն կողմերում ի՞նչ կա»։ Հետո հայացքը դարձրեց թշնամու դիրքերի կողմը. «Հիմի դու ո՞ւմ լրտեսն ես, մե՞րը, թե՞ նրանցը»։
Ճնճղուկը նստել էր ծորակի վրա ու գլուխը կախ ջուր էր խմում։
Խրամատի միջից մեկը գոռաց. «Երկկողմանի լրտես է. մեզ մոտ ջուր է խմում, նրանց մոտ՝ կուտ ուտում»։
-Երանի՜ նրան, չի հասկանում, թե պատերազմն ինչ է ,- ասաց զինվորը։
-Ի՞նչ իմացար, որ չի հասկանում։
Ճնճղուկը ցատկեց ու թռավ։ Զինվորի հայացքը ճնճղուկի թռիչքի հետագիծը բռնած՝ գնաց հեռո՜ւ-հեռո՜ւ… Թռչունն աչքից կորավ, այլեւս չէր երեւում։ Զինվորն այն կողմում սեւին տվող արմավենիների ստվերներն էր միայն տեսնում։ Մտածեց. «Ճնճղուկը հիմա թշնամու արմավենիներից մեկին նստած՝ հասած արմավ է կտցում»։
-Էլի՞ անտառ գնացիր,- գոռաց ավագ սերժանտը,- քանի՞անգամ ասեմ, որ չի՛ կարելի, թշնամու տեսադաշտում կհայտնվես։
Զինվորը թեյը խմելով, ասաց.
-Ախր ես անտառում եմ ծնվել, ու սիրտս ուզում է, որ այնտեղ էլ մեռնեմ։ Անտառը հիմա խտացել է, ծառերի ճյուղերն ու տերեւներն այնպես են իրար փաթաթվել, որ երկինքն այլեւս չի երեւում։ Երեխա ժամանակ հորս հետ անտառ էի գնում… Հայրիկս անտառապահ էր…
Մի ուրիշ զինվոր էլ, թե.
-Գլխի՞դ է խփել, խելքդ թռցրե՞լ ես… Բա որ հանկարծ ոտքդ ականի առնի… Ախր հաշիվդ տեղում կմաքրի… Դե, հիմի դու գնա ու անտառում քեզ համար ման արի…
Զինվորը ձեռքով զգուշորեն մի կողմ տվեց խրամատի եզրի հողն ու մանր խիճը։ Տակառի ջրի կաթիլներից խոնավացած հողի մեջ նուրբ տերեւներով մի ծիլ էր կանաչել։ Մի քանի օր առաջ՝ լվացվելիս էր նկատել։ Զինվորը ձայն տվեց ընկերներին, կանչեց.
-Տղե՛րք, եկեք տեսեք, անտառ է։
-Չէ՜ մի, զբոսայգի…
-Դե ասեք՝ ի՛նչ է։
-Լոբի՛։
-Բրի՛նձ։
-Ո՛սպ։
-Ցորե՛ն։
-Գարի՛։
Ամեն մեկը մի բան էր ասում։
-Ի՞նչ իմանաս, այս սերմը որտեղի՞ց է եկել այստեղ ընկել. ախր այս խանձված հողում փուշ անգամ չի աճի։
-Սա հենց ինքը կյանքն է, որ կա։ Իսկ կյանքը կարող է ամեն տեղ լինել։ Սա հենց ինքը սերն ու բարեկամությունն է, որ կարող է ամեն տեղ ծլել-ծաղկել…
-Էլի սկսեցիր փիլիսոփայե՞լ. քի՛չ գիրք կարդա։
-Շատ հնարավոր է՝ այս սերմը թշնամու դիրքերից է ճնճղուկը բերել հասցրել։
-Չգիտեմ, բոլոր դեպքերում, ես դրա անունը Անտառ կդնեմ։
Ամեն օր՝ երեկոները, զինվորները գալիս նստում էին նորելուկ Անտառի մոտ, հիացմունքով նայում էին, զրուցում, թեյ էին խմում։
…Զինվորն էլի անտառ էր գնում, թափառում էր խոտերի ու վայրի ծաղիկների մեջ, քնքշորեն շոյում էր ծառերի բների փափուկ ու զով մամուռը… Ականջը թռչունների դայլայլին՝ զամբյուղով մեկ վայրի թուզ էր հավաքում մոր համար… Հայրիկն ապրում էր անտառի տնակում… Այն ժամանակ ութ տարեկան էր…
Արեւը մայր էր մտնում։ Երկնքում լողում էր թափանցիկ ու նուրբ ամպի մի ծվեն… Արեւի վերջին շողերն ընկել էին ամպի վրա, ու ամպն ասես բռնկվել, վառվում էր…
♦♦♦
Գիշերը զինվորները դուրս սողացին իրենց խրամատներից։ Սկսվեց գրոհը։ Լուսածիր գնդակները սուրալով ճեղքում էին անթափանց խավարն ու շրջակայքը ողողում պայծառ լույսով։ Զինվորները ցրիվ եկան դաշտով մեկ։ Առջեւում թշնամու դիրքերն էին։ Կրակե հեղեղ էր թափվում։ Ամենուր նռնակներ, ականներ էին պայթում, ճարճատում էին գնդակները, ահասարսուռ հռնդում էին օդանավերի շարժիչները… Ցավի ու տառապանքի աղաղակներն ու տնքոցները մինչեւ երկինք էին բարձրանում… Օդը հագեցած էր վառոդի, հողի, արյան, խանձված մսի ու այրված ոսկորի հոտով…
Գրոհի ելած զինվորները սկսեցին նահանջել։ Ոմանք` քաջերը, դեռ շարունակում էին դիմադրել։ Լույսը բացվում էր, բայց կռիվը չէր դադարել։ Գնդակների տարափը, նռնակների, արկերի հեղեղը ակոսում էին դաշտը, պատառոտում էին հողի կուրծքը, եւ զինվորները գալարվում էին հողերի մեջ ու սեփական արյան ծովում…
Անտառին սիրահարված զինվորը նահանջելով հասավ իր ծանոթ խրամատին։ Տեսավ՝ ջրի տակառը մի կողմ է գլորվել՝ հազար տեղից ծակծկված։ Մոտեցավ իր Անտառին, որ թաքնվել էր քարերի մեջ։ …Արկը պայթեց զինվորին շատ մոտ… Նա ճչաց ու Անտառի կողքին գետին տապալվեց …
Ընկերները գտան զինվորին, մտան թեւերի տակ ու քաշելով դուրս բերեցին կռվի դաշտից…
♦♦♦
Վիրավոր զինվորը փայտե հենակներով շրջում էր հոսպիտալի բակում։ Այգեպանը ծաղիկ էր ջրում։
Հայրն ու մայրը իրենց որդուն տեսության էին եկել։
♦♦♦
Ճնճղուկը կտրեց անցավ այրված-մոխրացած արմավենիների, արյունով ներկված դաշտի, քանդված խրամատների, զինվորական պատառոտված ճտքավոր կոշիկների, քրքրված համազգեստների, ջարդված, լքված ռազմական մեքենաների վրայով, եկավ նստեց գնդակներից ծակծկված տակառի վրա։
Զինվորները չկային։
Տակառը դատարկ էր։ Կանչեց՝ ճի՛կ-ճի՛կ։ Տեսավ հողը դեռ խոնավ է։ Տեսավ Անտառը արմատները խորը մխրճել է հողի մեջ ու հիմա փոքրիկ գլխով, ոսկեգանգուր հասկ է դարձել։
Իսկ միայնակ, ծարավ Անտառը իր ոսկե գլխիկը հակել էր պապակ հողին ու փակ աչքերով պատերազմի ու մահվան մղձավանջն էր տեսնում, տեսնում էր, սարսափում էր ու դողում։
Ճնճղուկը թռավ նստեց Անտառի կողքին։
Կամացուկ կտցեց, արթնացրեց նրան։
Անտառը աչքերը բացեց. տեսավ՝ պատերազմն ավարտվել է։
Ճնճղուկը կտցեց, հասկից մի հատիկ պոկեց։
Մեղմ ու զով քամի էր փչում։ Ամպամած երկնքից անձրեւ մաղեց։ Անտառը շորորաց, անձրեւի տակ ասես պար եկավ…
Ճնճղուկը հատիկը բերանին թռավ անցավ սահմանային փշալարերի վրայով եւ նստեց արմավենու ամենաբարձր ճյուղին։
* Իրանցի անվանի գրող Հուշանգ Մորադի Քերմանիի այս պատմվածքը հրատարակված է Նյու Յորքում լույս տեսած «Խաղաղության թեւերով» ժողովածուում, որտեղ զետեղված են աշխարհի ժողովուրդների հակապատերազմական թեմաներով ստեղծագործող գրողների լավագույն գործերը։
ՀՈՒՇԱՆԳ ՄՈՐԱԴԻ ՔԵՐՄԱՆԻ
Բնագրից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
մայոր