Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ



ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՍեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող բոհի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտական խորհրդի համատեղ նիստ, որի օրակարգում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012 թթ.)» վերնագրով մենագրության շնորհանդեսը:

Նիստը վարել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա տեղեկացրեց, որ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման: Այս համատեքստում նա բարձր է գնահատել Անդրանիկ Իսրայելյանի հետազոտական աշխատանքը՝ հարևան պետության արտաքին քաղաքականության ուսումնասիրման տեսանկյունից:

Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը ուսումնասիրում է «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսական հիմքերը և վերլուծում գործնական ուղղությունները: Մենագրությունն անդրադառնում է նաև տարբեր ուղղություններով Թուրքիայի արտաքին քաղաքականության ազդեցությանը Հայաստանի Հանրապետության և հայության շահերին: Աշխատանքը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, դիվանագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՊԱՀՀ-ի պետի գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի գիտխորհրդի և 056 մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Նրանք կարևորելով Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը՝ մաղթել են նրան նոր հաջողություններ իր հետագա գիտական աշխատանքում:

Խորագիր՝ Նորություններ


26/09/2016