Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՍեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։

Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել մարտական հերթապահության և զինծառայության կազմակերպման ընթացքը:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Պատասխանատու կառույցների և կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացված  աշխատանքները և հավաստել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են համաձայն նախանշված ժամանակացույցի։

Այցելության շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների` Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի և Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներում: Սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նրանց զավակների սխրանքն ու անձնազոհությունը նորովի է արժևորվում և այսուհետ օրինակ է հանդիսանում երիտասարդության համար։

Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առողջական և սոցիալ-կենցաղային խնդիրներով, նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցելու նրանց խնդիրների լուծմանը։

Շնորհակալություն հայտնելով Սեյրան Օհանյանին այցելության համար՝ զոհված զինծառայողների հարազատներն իրենց հերթին նշել են, որ նմանաբնույթ այցելությունները, իրենց  զավակների  հիշատակի հանդեպ ուշադրության և գնահատանքի դրսևորումներն ամենից թանկն ու արժեքավորն են։

Խորագիր՝ Նորություններ


26/09/2016