ՎԻՐԱՎՈՐ ՀՈՂԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
Տոնական տրամադրություն, զորահանդես, հրավառություն…
Զգացողությունների խառնաշփոթ` հպարտություն, հուզմունք, ուրախություն, թախիծ և արցունք…
Պահեստազորի փոխգնդապետ
Ազատամարտիկ, մանկավարժ, միջազգային կարգի փրկարար: Կռվել է Իջևանում, Բաղանիսում, Ոսկեպարում, Երասխում, Պառավաքարում, Մովսեսում, Լաչինում… 1993թ. ծառայության է անցել պաշտպանության նախարարությունում: Ներկայումս աշխատում է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում:
-Հպարտությունից սիրտս փառավորվել է: Զորահանդեսը զինված ուժերի հաշվետվություն է, ուժի, կարողությունների, հնարավորությունների ցուցադրություն: Հզորանում ենք, և աշխարը ուզի, թե չուզի` մեզ հետ հաշվի պիտի նստի… Զինվորների խրոխտ քայլքը, երկինքը մեր ազգային եռագույնով ներկող օդային շքերթը… Անբացատրելի, աննկարագրելի զգացողություն է… Որքան էլ, որ մեր հայոց լեզվի բառագանձը ճոխ ու շքեղ համարվի, միևնույն է, բառերը չեն հերիքում ապրածս հպարտությունը լիարժեք նկարագրելու… Մարտական ընկերներիս հանդիպեցի, ուրախացանք, հպարտացանք, հիշեցինք մեր զոհված ընկերներին, հիշեցինք էն օրերը… Մարտերից հոգնած՝ իջնում էինք քաղաք, ու մարդիկ մեզ ջերմ հայացքով էին դիմավորում, ամեն մեկն ուզում էր ինչ-որ ձևով օգնել, աջակցել: Անկախության մեջ ամեն մեկն իր մասնաբաժինն ունի… Անգամ էն ծեր տատիկները, որ կռիվ գնացող տղերքի հետևից ջերմեռանդ օրհնում էին ու աղոթում: Հավատացեք, նրանց աղոթքները 1000 զրահի կարծրություն ունեին… Ու օրհնելու հետ միասին հասցնում էին ազատամարտիկ տղաների գրպանները կոնֆետներ խցկել. «Ջեմով կոնֆետ ա, բերաններդ կքաղցրացնեք»… Էհ, էնքան բան կա հիշելու…
Մեր տղերքից մեկը զոհվել էր, եկել էինք Երևան` թաղմանը մասնակցելու:
Հենց այդ ժամանակ էլ իմացա, որ որդի եմ ունեցել, շտապեցինք ծննդատուն: «Հայրենիքի զինվոր է ծնվել»,- ասաց ընկերներիցս մեկը` Ղըժղժ Սամոն ¥Սամվել Խաչատրյանը) ու նորածին զավակիս փոքրիկ-փոքրիկ ափի մեջ մի փամփուշտ դրեց: Գլխավոր բժիշկը բարկացավ. «Այ մարդ, էս ծննդատանը էս էլ որ դեպքն է, որ նորածին են «զինում»: Մեր հողի վրա ծնված երեխան առաջին իսկ օրից զինվոր է: Էն օրերին ծնված երեխեքը չե՞ն, որ այսօր հերոսանում են: Մեր դպրոցի շատ շրջանավարտներ ապրիլյան քառօրյայի մասնակից են: Նրանց արտահերթ արձակուրդ էին տրամադրել, իրենք էլ եկել էին դպրոց: Ասես՝ քուրայի միջից դուրս եկած լինեին` առնական, կոփված:
Դպրոցում ռազմագիտություն եմ դասավանդում ու հաճախ եմ աշակերտներիս ասում. «Կգնաք, կհամբուրեք ձեր ծնողներին. էն մութ, դժվար ու ծանր տարիներին զավակ ունենալը հերոսություն էր, հայրենասիրություն… »:
Շնորհավոր բոլորիս տոնը…
Ոստիկանության պահեստազորի գնդապետ, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ
Մասնակցել է Մարտունու, Մարտակերտի, Լաչինի, Հադրութի համար մղվող մարտերին, Շուշիի ազատագրմանը:
-Զորահանդեսից զորահանդես բանակի հզորությունն ենք արձանագրում: Միայն, ափսոս, որ մեր մարտական ընկերներից շատերը չտեսան մեր հզոր բանակի այսօրվա շքերթը: Դժվարություններով, մաքառումներով և հերոս տղաների արյան գնով կայացավ մեր անկախությունը:
Ամենաուրախ օ՞րս… Շուշիի ազատագրումն էր: Երբ գրավեցինք բերդաքաղաքը, կարծում էինք` պատերազմն արդեն կավարտվի, վերջ… Բայց… Թեև պետք է խոստովանեմ, որ Շուշիի ազատագրումը հոգեբանական լուրջ բեկում մտցրեց մեր մտածողության մեջ:
Շատ մեդալներ եմ ստացել, բայց ամենամեծ պարգևը համարում եմ ազատագրված հողն ու մեր անկախությունը, որոնք տիրոջ սրտացավությամբ ու երկյուղածությամբ պիտի պահենք ու պահպանենք:
Ապրում եմ Արցախում: Տանս դիմաց էլ երևում են այն տարածքները, որտեղով որպես ազատամարտիկ անցել է իմ մարտական ուղու լավագույն հատվածը: Տնամերձ ունեմ, ծառ ու ծաղիկ եմ մշակում: Մեր վիրավոր հողը պիտի ծաղկեցնենք: Մեր վիրավոր հողի վերածնունդն է նաև այս շքերթը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Բանակ և հասարակություն