Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՄԸ



ԱՐԱՄԸԻր ծննդյան 67-ամյակն է նշում Արամայիս  Առակյանը՝ մեր Արամը: Նա ծնվել է 1949թ. սեպտեմբերի 17-ին Արթիկ քաղաքում, բանվորի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում, հատուկ դեսանտային զորամասում: Շարժման առաջին իսկ օրերից ակտիվ մասնակցություն է ունեցել միտինգներին, զինված ջոկատների կազմավորմանը: Արթիկի «Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպության հիմնադիրն է: 1989թ. զբաղվել է զենքի եւ զինամթերքի տեղափոխմամբ: 1990թ. հունվարից մասնակցել է Ոսկեպարի շրջանի պաշտպանական մարտերին: Ոսկեպարին առաջինն օգնության հասած այս ջոկատը հիմնել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպության Արթիկի մասնաճյուղը: Տարիներ շարունակ Արամայիս  Առակյանը կազմակերպության նախագահն է: Մասնակցել է Շուշի քաղաքի, մերձակայքի եւ Լաչինի շրջանի ազատագրմանը, Մարտակերտի, Մազութլիի շրջանների պաշտպանությանը:

Վերահսկել է Շիրակի տարածաշրջանը եւ արգելել խորհրդային բանակի կողմից ՀՀ տարածքից տեխնիկայի ու զենքի դուրս բերումը: Օգնություն է ցուցաբերել նաեւ տեղահանված մեր հայրենակիցներին:

1993թ. հունվարին զինամթերք տեղափոխելիս ենթարկվել է ավտովթարի:

Նա աշխարհազորային «Ձայն ճշմարտաց» շաբաթաթերթի հիմնադիրն է:

Այսպիսին է Արամայիս  Առակյանի հայրենանվեր կենսագրությունը: Ամենուր եւ միշտ նա դրսեւորել է մարդկային եւ կամային բարձր որակներ, վայելել է շրջապատի սերն ու հարգանքը, արժանացել նրանց դրվատանքին:

Ջերմորեն շնորհավորում եմ լավ բարեկամիս ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ի փառս հայ ժողովրդի եւ Հայաստան աշխարհի…

 

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ

գնդապետ

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Բանակ և հասարակություն


28/09/2016