Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԴԻԶԱԿԻ ՄԵԼԻՔԱՆԻՍՏՈՒՄ



ԳԻՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԴԻԶԱԿԻ ՄԵԼԻՔԱՆԻՍՏՈՒՄԱրդեն երկրորդ տարին է, ինչ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում անցկացվում է Արցախյան գինու փառատոն: Սեպտեմբերի 17-ին Դիզակի մելիքների պատմական ապարանքի տարածքում տեղադրված տասնյակ սպիտակ տաղավարներում Արցախի և Հայաստանի գինեգործական ընկերություններ ու անհատներ ներկայացրել էին իրենց արտադրանքը: Որոշ տաղավարներում ժինգյալով հացն էր թխվում, որոշներում` այլ սննդատեսակ: Փառատոնին ներկայացվել էին նաև մշակութային գործեր` Արցախի տարբեր շրջանների արվեստի դպրոցների սաների և անհատ ստեղծագործողների, այլոց աշխատանքներ: Տող գյուղի և մոտակա համայնքների ներգրավմամբ կազմակերպվել էր արցախյան բարիքների տոնավաճառ, ուր ներկայացված էր հայ գյուղի բերքն ու բարիքը: Արդեն ավանդույթ դարձած միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, էկոնոմիկայի, մշակույթի և երիտասարդության հարցերի(ՄԵ), կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարներ Անդրանիկ Խաչատրյանը, Նարինե Աղաբալյանը, Սլավա Ասրյանը, կառավարության ու Ազգային ժողովի անդամներ, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԼՂՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, զբոսաշրջիկներ, տարածքի բնակիչներ:

Մինչև փառատոնի հանդիսավոր բացումը շրջեցի փառատոնի տարածքում, զրուցեցի գինի և այլ ոգելից խմիչքներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տարածքի բնակիչների (ովքեր նույնպես իրենց արտադրանքն էին բերել վաճառքի) հետ: Յակով Ալթունյանը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ է: Նա Արցախյան գոյամարտում կորցրել է ոտքերը: Կնոջ և 3 զավակների հետ ցուցադրության ու վաճառքի էր բերել իրենց արտադրած գինին, դոշաբը, մուրաբաներ, չիր: Գոհ էր ազատամարտիկն օրվա վաճառքից: Թող խաղաղություն տիրի Հայոց աշխարհին, թեկուզ հաշմանդամ՝ բարիք շատ կստեղծի որդու ու դուստրերի, կնոջ հետ:

ԳԻՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԴԻԶԱԿԻ ՄԵԼԻՔԱՆԻՍՏՈՒՄՍտեփանակերտի կոնյակի գործարանը ներկայացրել էր «Մադաթով» կոնյակը, ինչպես նաև՝ «Բերդաշեն» գինի: Գլխ. տնօրենի օգնական Սուրեն Առուշանյանը տեղեկացրեց, որ խմիչք արտադրում են հիմնականում Մարտունու շրջանում արտադրվող խաղողից ու նուռից: Արտադրանքն արտահանվում է ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Բելգիա: Որակից դեռ դժգոհություն չի եղել, ընդհակառակը՝ ավելանում են գնորդները: «Մադաթով» կոնյակներն ունեն 3-15 տարվա հնեցում: Ասկերանի «Արցախ Բրենդի Կոմպանի» գործարանը ներկայացրել էր «Հաղթանակ» «Խնդողնի» և այլ տեսակի գինիներ, ոգելից խմիչքներ:  Օգտագործվող հումքը, բացի Արարատյան դաշտի ծիրանից, մնացածը տեղական է: ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Էդ. Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենց արտադրանքն արտահանվում է տարբեր երկրներ: Ընկերությունը հիմնադրվել է Ասկերանի գինու կոմբինատի հիման վրա` շարունակելով 1922թ. հիմնած խմիչքի արտադրության ավանդույթները: Գործարանը զբաղեցնում է 3 հա տարածք, ունի իր սեփական թթի, նռան, հոնի և խաղողի այգիները:

Իրենց արտադրանքը՝ գինի, մուրաբաներ, թթու և այլն, ներկայացրել էին ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները: Բուհի տնօրեն Վահրամ Հովսեփյանը տեղեկացրեց, որ անցած տարի ևս մասնակցել են փառատոնին: Այս տարի մասնակցում էր մոտ 30 ուսանող՝ ծնունդով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններից: ՀՀ Արմավիրի  մարզի Արևադարձ համայնքում գործող «Կարաս» գինու գործարանը, որ փառատոնի հովանավորներից է, ունի 2300 հա այգի: Գործարանի ներկայացուցիչ Վլ. Խաչատրյանն ասաց, որ 450 հեկտարի վրա խաղող են մշակում, որից էլ արտադրում են կարմիր, սպիտակ և խաղուն(փրփրագինի-շամպայն) գինիներ: Արտադրանքը վաճառվում է հայրենիքում և նրա սահմաններից դուրս: Փառատոնին իրենց սաների աշխատանքներն էին  ներկայացել Հադրութի, Տողի, Բերձորի արվեստների դպրոցները, անհատ արվեստագետներ: Բերձորի արվեստի դպրոցի դիզայնի բաժնի ուսուցչուհի Տաթև Բաբայանն ասաց, որ երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին, սակայն ցավով նշեց, որ արվեստի գործերը քիչ են գնվում: Գինու երկրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցի ձեռամբ կատարված խաղողօրհնեքի արարողությամբ: Այնուհետև  սկսվեց Արցախի 5 շրջաններից բերված խաղողի ճզմման ծիսակատարությունն ու նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցումը: Այս տարի խաղողի ճզմման պատիվը տրվեց հայ շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջը` Արիանա Կաոիլինին: Ներկաների ծափողջույնների, հանրապետության տարբեր երաժշտական խմբերի կատարած երգերի ու պարեղանակների հնչյունների տակ ճզմվեց խաղողը: Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ուղեկիցների հետ  շրջեց փառատոնի տարածքում, ծանոթացավ ներկայացված տեսականիներին, օգտվեց հյուրասիրությունից: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ գինու փառատոնի անցկացումը դարձել է ավանդական և արդեն իսկ ակնհայտ դրական ազդեցություն ունի տեղական արտադրանքի խթանման վրա:

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, կարևորելով տարբեր փառատոների կայացումը ԼՂՀ-ում, ասաց. «Բացի գինու տոնավաճառից, միջոցառումը նպատակ էր հետապնդում մեկ անգամ ևս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաև զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը: Տողը դրա  առանցքային բնակավայրերից մեկն է, և անհրաժեշտ է տարբեր միջոցներով զբոսաշրջիկներ ներգրավել դեպի բնակավայր: Բացի այդ, նպատակ ունենք նաև Արցախում խթանել գինեգործության զարգացումը»: Միջոցառումն ուղեկցվում էր Արցախի ճանաչված մշակութային համույթների, անհատ կատարողների ելույթներով, ազգագրական պարերով ու խաղերով, խաղարկությամբ և աճուրդով: Ստեփանակերտում յուրաքանչյուր տարի կազմակերպվող Բերքի տոնին ամենաշատ բարիք ներկայացնում են քաշաթաղցիները; Գինու փառատոնին շրջանը ներկայացավ 2 գյուղական(Երիցվանք, Տիգրանավան) և Որոտանի քաղաքային համայնքներով: Ներկա էին նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը: Ազգագրական ու ռազմահայրենասիրական երգերով հանդես եկավ Կովսականի «Թաթուլ» երգի-պարի խումբը Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Միջոցառումից հետո Քաշաթաղի պատվիրակությունն այցելեց Ամարասի վանք:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Բանակ և հասարակություն


28/09/2016