26-ԱՄՅԱ ՈՒՂԻ` ՄԱՔԱՌՈՒՄԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՄԲ
Դյուրին չէր մեր ժողովրդի անցած ճանապարհը: 25 տարի առաջ հաղթահարեցինք պատմական մեկ փորձություն ևս. շրջափակման ու պատերազմի պայմաններում ստեղծելով անկախ պետություն` իր հզոր բանակով:
Գիտեինք ուժը թշնամու, բայց, ինչ խոսք, մերն էլ գիտեինք: Գիտեինք, որ հակառակորդը մեզանից եռակի անգամ ավելի մեծ զորք ունի, որի շարքերում կռվում են օտարերկրյա վարձկան ահաբեկիչներ: Սակայն չէինք մոռացել, որ երբ թշնամին իր զորքով հանդիպում է հրով մկրտված նաիրյան ոգուն, ջախջախվում է: Մեր ժողովրդի անցյալի ծալքերում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Պատմությունը կրկնվեց, և մենք նորից հաղթեցինք:
Այս օրերին, երբ մենք նշում ենք հայոց նորանկախ պետականության 25-ամյակը, ՀՀ ԶՈՒ Հրաձգային գնդում կրկնակի տոն է: Սեպտեմբերի 20-ին գունդը տոնական միջոցառմամբ նշանավորեց իր կազմավորման 26-րդ տարեդարձը: Ողջույնի խոսքով հանդես եկավ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, որը, կարևորելով գնդի անցած փառավոր ուղին, ասաց.
-Գունդը հիմքն է հաղթանակած հայոց բանակի, ինչո՞ւ չէ, նաև հայոց անկախ պետականության կայացման: Չէ՞ որ Արցախյան պատերազմը ի վերջո անկախության և ազատության պայքար է:
Մենք հիշում ու պարտավորվում ենք սերունդներին փոխանցել այն հերոսական ավանդույթները, որ մեզ թողել են գնդի ավագ եղբայրները: Մի ամբողջ սերնդի պայքարը հայրենասիրական դաստիարակության փարոս կարող է հանդիսանալ ապագա սերունդների համար…
Իսկ հաջորդ սերունդը կանգնած է հերթի: Եվ գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը հայոց պետականության կերտման 25 տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է անկախության սերնդի կայացումը, որն ապացուցեց հանուն հայրենիքի զոհվելու իր պատրաստակամությունը.
-Ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթեց անկախության սերունդը. իր վճռականությամբ, մարտական անկոտրում ոգով: Ապրիլյան հերոսամարտի դրվագները սերունդների համար կլինեն ոգեշնչման աղբյուր, -նշեց զորամիավորման հրամանատարը:
Գնդի հրամանատար, գնդապետ Ռոմիկ Սարգսյանը, հետադարձ հայացք գցելով մեր ժողովրդի անցած ճանապարհին, կարևորեց անկախության տարիներին ձեռք բերված այն արժեքները, որոնք կապված են մեր գոյատևման հետ և հիմք են հանդիսանում ապագա սերունդների կրթման, աշխարհայացքի ձևավորման, ապագայի հաղթանակներն է՛լ ավելի իրական դարձնելու գործում: Նրա խոսքով՝ այդ արժեքները մեր ազգային ազատագրական պայքարում տարած հաղթանակն է, անկախ Արցախ ունենալու մեր ժողովրդի անկոտրում կամքն է, ազատագրական պայքարի մեր հերոս ընկերներն ու ավագ եղբայրներն են, հերոսի մահով ընկած քաջորդիների սխրանքն է.
-Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի նորօրյա արժեքների կերտման գործում իր մեծ դերակատարությունն է ունեցել հերոսական գունդը, որը, կազմավորվելով ազգային զարթոնքի հորձանուտում, ահեղ մարտեր մղելով տարբեր ճակատներում, կարողացավ ապահովել բանակաշինության կերտման դժվարին, բայց պատվաբեր գործը,- ասաց գնդապետ Ռ. Սահակյանը:
Նրա ելույթում ուրվագծվում էր գնդի անցած փառավոր, բայց դժվարին ուղին. 1990 սեպտեմբերին ՆԳՆ առընթեր ստեղծվել է Հատուկ գունդը: Մարտական մկրտությունն ստացել է 1990թ. Հայաստանի Հանրապետության սահմանների և Շահումյանի շրջանի համար մղված պաշտպանական մարտերի ընթացքում: 1992թ. մասնակցել է Լաչինի միջանցքի պաշտպանությանը, 1994թ.` Քարվաճառի և Օմարի մարտերին: 1993թ. հունվարի 10-ից վերանվանվել է որպես 4-րդ Մայրաքաղաքային գունդ, իսկ 2001թ. հուլիսի 17-ից` որպես Եռակի շքանշանակիր 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի անվան 4-րդ հատուկ հրաձգային գունդ: 2007թ. հունվարի 16-ին գունդը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
-Որպես չորրորդ գնդի հրամանատար` ես հավաստիացնում եմ, որ մենք շարունակողն ենք գնդի բարի ավանդույթների, տերն ենք մեր հաղթանակների, անկախության, որի 25-ամյա տարեդարձը նշում ենք ազգովի: Ինչպես ցույց տվեցին 2016թ. ապրիլյան մարտական գործողությունները, մենք ի զորու ենք է՛լ ավելի բարձր մակարդակով իրականացնելու հայրենիքի պաշտպանության սրբազան գործը: Ջանք չխնայել կառուցելու այն երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կլինի,- ասաց նա:
Գնդին ծննդյան տոնի առթիվ օրհնանքի խոսք ասաց 5-րդ բանակային զորամիավորման հոգևոր սպասավոր Տ. Ենոք քահանա Եսայանը` մաղթելով, որ Աստված պահապան լինի Հայոց պետականությանն ու Հայոց բանակին:
Միջոցառմանը ներկա էին «Հայոց արծիվներ» կազմակերպության անդամներ, Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, բազմաթիվ հյուրեր: Նրանք անթաքույց հպարտությամբ էին հիշում ապրիլյան օրերին հայ ժողովրդի դրսևորած խիզախ ու անկոտրում ոգին: Տեղին է հիշել հյուրերից մեկի` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքը.
-Ապրիլյան պատերազմում հաղթեց ոչ միայն Հայոց զինվորի քաջությունը, Հայոց բանակի սպայի մասնագիտական բարձր ունակությունը, այլև հայ ժողովրդի միասնական կամքն ու համախմբվածությունը:
Եվ այս խոսքերի ճշմարտությունը ժամանակի հեռավորությունից վերահաստատում են Հայոց մեծերը. «Երբ ազգը դառնում է բանակ, նրան հաղթելն անհնար է»:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում