ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՍՊԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին հայացքից սպա լինելը մասնագիտություն չէ, ավելի շուտ պաշտոն է կամ կոչում: Լատիներեն սպա նշանակել է հենց պաշտոնատար անձ:
Բայց սա միայն առաջին հայացքից:
Սպան հրամանատար է կամ պարզապես պետ` բանակի կամ ուժային այլ կառույցների կազմում: Լավ հրամանատար լինել չի նշանակում միայն զինվորական կրթություն, այլ ենթադրում է նաեւ բնավորություն, առաջնորդի որակներ: Ասել է թե` հոգեկերտվածք: Հիշենք, որ 1990-ականներին հաճախ հենց այդպիսի մարդկանց շնորհիվ են անհույս թվացող իրավիճակներում ռազմական գործողությունները հաջողությամբ պսակվել:
Ե՞րբ է երկրի վրա հայտնվել առաջին սպան` դժվար է ասել: Քանի որ սպայի մասնագիտություն կարող է գոյություն ունենալ միայն բանակ ունեցող հասարակության մեջ, իսկ բանակ կարող է լինել միայն պետության մեջ` օրենքների եւ օրինական կառավարության գոյության պայմաններում:
Զինված խումբը ղեկավարող մարդիկ միշտ եւ բոլոր հասարակարգերում էլ եղել են` սկսած նախնադարյան համայնական հասարակարգից, օրինակ` այն նույն ցեղապետերը, որոնք թշնամի ցեղերի դեմ պատերազմի ժամանակ առաջնորդել են իրենց ցեղակիցներին: Իսկ երբ առաջացան քաղաքակրթությունները` իրենց կառավարման համակարգերով, այդժամ սպա համարվեցին այն մարդիկ, որոնք ուրիշ ոչ մի բանով չէին զբաղվում եւ պրոֆեսիոնալ ռազմիկներ էին` հաճախ կատարելով նաեւ ոստիկանի եւ հարկահավաքի գործառույթ: Հայաստանում սպայական կազմը ձեւավորվեց հիմնականում ազնվականներից եւ դարձավ սոցիալական հատուկ դաս:
Սպան ոչ միայն ղեկավարում է մարդկանց, այլեւ պատասխանատու է նրանց գործողությունների համար: Գրագետ հրամանատարները հաճախ մարտը շահել են փոքրաթիվ եւ վատ սպառազինված զորախմբով: Սպայի համար շատ կարեւոր է կռահել, թե հատկապես երբ եւ որ ստորաբաժանումը պետք է հարվածի, որպեսզի հակառակորդը չկարողանա իրականացնել իր մտահղացումը:
Տղամարդու էությանը ամենաբնորոշ մասնագիտությունը սպայի մասնագիտությունն է:
Սպայի մասնագիտությունը արի մարդու մասնագիտություն է: Մենք պաշտպաններ ենք, մենք առաջին գծում ենք, մեր թիկունքում Հայաստանն է: Հարկ եղած դեպքում մենք ենք ընդունելու թշնամու առաջին հարվածը: Պատերազմը անհնար է «վերախաղարկել», ուստի մենք սխալվելու իրավունք չունենք: Մենք իրավունք չունենք հանգիստ քնելու. չէ՞ որ պատերազմները հիմնականում գիշերն են սկսվում: Մենք հանգստյան օր ունենալու իրավունք էլ չունենք. չէ՞ որ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, պատերազմները սկսվում են կա՛մ նշանակալի տոների նախօրեին, կա՛մ շաբաթ լույս կիրակի գիշերը:
Սպան իր ուսերին այնպիսի պատասխանատվություն է կրում, որը նույնիսկ համեմատելի չէ մեկ այլ մասնագիտության տեր մարդու պատասխանատվության հետ: Այո՛, Հայրենիքի պաշտպան լինելը հատուկ մասնագիտություն է:
Սպայի աշխատանքը մտավոր աշխատանք է, որի համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ եւ ունակություններ: Եթե հաշվի առնենք, որ ժամանակակից ռազմական տեխնիկան` հրթիռահրետանային կայանքները, ՀՕՊ միջոցները, ավիացիան եւ բազմաթիվ այլ զինատեսակներ, չափից ավելի բարդ է, իսկ ժամանակակից մարտի ընթացքում որոշումները պետք է ընդունել արագ` վայրկյանների ընթացքում (թշնամին սխալը չի ներում), ապա կհամոզվենք, որ սպայից է կախված Հայրենիքի ճակատագիրը, եւ սպայի մասնագիտությունը պատմություն կերտողի մասնագիտություն է նաեւ:
Սպայի մասնագիտությունը ռոմանտիկ մասնագիտություն է, թեեւ նրանք, ովքեր զինվորական չեն, զինվորական առօրյա գործունեության մեջ, ամեն օր կրկնվող ծառայական կարգացուցակում միայն ձանձրույթ եւ ունայնություն կարող են տեսնել: Եւ միայն իր գործին նվիրված զինվորականը` սպան կարող է զգալ այդ ռոմանտիզմը, որը արտացոլվում է դժվարին զորավարժությունների վերջնական ամփոփագրերում, որը շոշափելի է դառնում հյուծող երթարշավների, ամենօրյա լարված մարտական ծառայության, անհաղթահարելի թվացող փորձությունները հաղթահարելու պահերին: Ինքդ քեզ քո ձեռքով կերտելու ժամանակ:
Սպայի մասնագիտությունը գեղեցիկ մասնագիտություն է: Այն գեղեցիկ են դարձնում զինվորական համազգեստն ու մարտական պարգեւները, զինվորական ամենօրյա եւ տոնական ծեսերը (արարողությունները): Գեղեցիկ են դարձնում զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունները, միանման հագնված ու հայրենիքի պաշտպանության սրբազան բեռը ուսած տղամարդկանց խրոխտ քայլերգերը: Վերջապես, այն գեղեցիկ են դարձնում զինվորական յուրօրինակ վարվելակերպը, ենթարկվելու եւ հրամայելու կարողությունը: Մի՞թե այդ ամենը գեղեցիկ չէ: Կա՞ ավելի գեղեցիկ մասնագիտություն:
Սպայի մասնագիտությունը հերոսական է` հիմնված բարոյական բարձր արժեքների վրա, որոնց հիմքում սերն է Հայրենիքի հանդեպ ու նվիրվածությունը ժողովրդին, սեփական անձը հանուն Հայրենիքի զոհելու պատրաստակամությունը:
Սպայի մասնագիտությունը մանկավարժի մասնագիտություն է: Ամեն տարի նույն ստորաբաժանումը համալրվում է նոր մարդկանցով` 18-ամյա պատանիներով: Նրանցից պետք է հայրենասեր ռազմիկներ եւ Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ կերտել: Պատասխանատու առաջադրանք, որը կատարել եւ այսօր էլ կատարում է սպան: Նա մանկավարժ է, դաստիարակ: Դժվար թե գտնվի մի զինվոր, որ երախտապարտ չլինի իր հրամանատարին՝ ստացած գիտելիքների համար: Երիտասարդների հետ «գլուխ դնելը» այնքան էլ դյուրին գործ չէ, բայց շնորհակալ ու ազնիվ առաքելություն: Եւ հենց սպան է, որ բանակը վերածում է հայրենիքի պաշտպանների յուրօրինակ դարբնոցի:
Սպայի մասնագիտությունը անշահախնդիր, նյութապաշտությունից հեռու մարդու մասնագիտություն է: Աշխարհում կան բանակներ, որոնցում ծառայելը լավ վաստակելու միջոց է նաեւ, սակայն Հայաստանում հնուց ի վեր տղամարդիկ զինվորական են դարձել միայն Հայրենիքին ծառայելու համար: Հայ սպայի համար բարձրագույն արժեքը Հայրենիքն է: Մեծն Ավոն` Մոնթե Մելքոնյանը, ասում է. «Զինվորական ծառայության դիմաց դրամական պարգեւը հարիր չէ հայ զորականին»: Հայ ռազմիկը փողի համար չէ, որ ծառայում է, այլ` հայրենիքի պաշտպանի իր կոչմանը, ժողովրդին տված երդմանը հավատարիմ լինելու: Նա պատերազմը նախեւառաջ ընկալում է որպես իր սուրբ պարտքը կատարելու եւ հերոսանալու հնարավորություն: Նա, ում գրպանը պատերազմի ժամանակ կարող է լցվել, արժանի է ամենախիստ պատժի` համընդհանուր պարսավանքի:
Ինչի՞ վրա է, ուրեմն, հիմնվում բանակը: Անձնվեր սպաների, նրանց ծառայության վրա, ովքեր հաղթել են Արցախյան պատերազմում, անառիկ պահել Հայրենիքի սահմանները, կորցրել անվեհեր մարտական ընկերների, վիրավորվել, սակայն չեն լքել մարտադաշտը, ապաքինվել են ու անտրտունջ շարունակել իրենց ծառայությունը` հայրենասիրության հենքի վրա կառուցելով հզոր ու մարտունակ բանակ:
Անձնվեր սպան հերոսական մարդ է, ով իրեն անմնացորդ նվիրել է գործին եւ բարձր ու վեհ նպատակներ է հետապնդում: Այդպիսի սպաները ապրում եւ գործում են իրենց ներքին հոգեկան ներուժի հաշվին: Նրանց ծառայությունը սխրանք է:
Ինչպե՞ս դաստիարակել այսպիսի սպաների` սա, թերեւս, ցանկացած բանակի գլխավոր խնդիրն է: Եւ քանի որ ՀՀ ԶՈՒ բարեփոխումներում մեծ դեր ունի նաեւ բանակում տարվող կադրային քաղաքականությունը, ավելորդ չի լինի անդրադառնալ օտար բանակների օգտակար փորձին:
ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՓՈՐՁԸ
Բունդեսվերի` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության զինված ուժերի ղեկավարությունը իր կադրային քաղաքականության շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սպայական կազմի պատրաստվածությանը, ինչին վերաբերող բոլոր հարցերը կարգավորվում են սպաների համար հատուկ մշակված «Իններե ֆուհրունգ» կոչվող հայեցակարգով:
Վերջինիս համաձայն` ԳԴՀ-ի յուրաքանչյուր 17-ից 25 տարեկան քաղաքացի, որն ունի բարձրագույն կրթություն, ենթարկվել է մանրամասն բուժհետազոտության, հանձնել է հուսալիության ստուգման (հոգեբանական) եւ սպայական ծառայության համար մասնագիտական պիտանելիության որակավորման քննությունները (թեստը), կարող է կադրային մարմիններում գրանցվել որպես սպայի թեկնածու: Սպայի թեկնածուներ կարող են լինել ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ Բունդեսվերի զինծառայողներ:
Գերմանիայում գոյություն ունի սպայական դպրոցների լայն ցանց: Բունդեսվերի սպայակազմը բաղկացած է կադրային սպաներից եւ պայմանագրային հիմունքներով (3-ից 15 տարի եւ 2 տարի) ծառայող սպաներից: Ըստ մասնագիտացման` սպայակազմը դասակարգվում է շարային, զինտեխնիկական, բժշկասանիտարական, զիներաժշտական եւ զինտեղագրական ծառայության սպաների: Այս դասերից յուրաքանչյուրին պատկանող սպաների պատրաստումն ունի իր առանձնահատկությունները:
Որպես օրինակ` ներկայացնենք ցամաքային ուժերի շարային սպաների պատրաստության ծրագիրը:
Բոլոր թեկնածուներն ուսուցումը սկսում են միեւնույն ծրագրով, որը ներառում է հետեւյալ փուլերը.
– զորքերի սկզբնական զինվորական պատրաստություն շարքային զինծառայողների ծրագրով` 6 ամիս: Այս սկզբնական զինվորական պատրաստությունն իր հերթին բաժանվում է 3 ամիս տեւողությամբ ընդհանուր սկզբնական զինվորական պատրաստության, որն անցնում են բոլոր թեկնածուները` անկախ զորատեսակների պատկանելությունից եւ 3 ամիս տեւողությամբ սկզբնական մասնագիտական պատրաստության,
– մարտական պատրաստություն զորքերում եւ վարորդական իրավունք ստանալու պատրաստություն` 3 ամիս,
– պատրաստություն զորատեսակների դպրոցում` զինվորական «ֆաներ-յունկեր» կոչում ստանալու համար (համապատասխանում է մեր ենթասպաների` «ունթեր օֆիցերի» պատրաստության մակարդակին)` 3 ամիս,
– թեկնածուի ընտրած զորատեսակին պատկանող զորքերում ջոկի հրամանատարի պաշտոնում ֆունկցիոնալ պարտականությունների կատարում (փորձաշրջան)` 3 ամիս (3 կամ 4 տարով պայմանագիր կնքած թեկնածուները` 6 ամիս):
Հետագա ուսուցումը կազմակերպվում է ըստ զինվորական ծառայության պայմանագրի տեւողության` հաշվի առնելով սպայի թեկնածուների ընդհանուր եւ մասնագիտական պատրաստությունը:
Կադրային եւ 12-15 տարով պայմանագրային սպաների թեկնածուների պատրաստության հիմնական փուլերն են.
– զորքերում ուսումնական ջոկի հրամանատարի պաշտոնում ֆունկցիոնալ պարտականությունների կատարում (փորձաշրջան)` 5 ամիս,
– սպայական հնգամսյա դասընթաց ցամաքային ուժերի սպայական դպրոցում, որի վերջում հանձնվում է քննություն,
– դասակի հրամանատարի եռամսյա դասընթաց զորատեսակի դպրոցում,
– դասակի հրամանատարի պաշտոնում ծառայություն զորքերում` 11 ամիս,
– հիմնարար ուսուցում Բունդեսվերի համալսարանում` բարձրագույն զինվորական կրթություն եւ քաղաքացիական մասնագիտություն ստանալու համար` մինչեւ 4 տարի:
12-ից 15 տարով պայմանագիր կնքած թեկնածուները, որոնք բարձրագույն եւ մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար բավարար պատրաստվածություն ունեն, կարող են հրաժարվել Բունդեսվերի համալսարանում սովորելուց, ինչը արձանագրվում է պայմանագիր ստորագրելիս:
Վաշտի (մարտկոցի) հրամանատարի պաշտոնում նշանակվելուց առաջ սպաները համապատասխան զորատեսակի դպրոցում անցնում են ստորաբաժանման հրամանատարի 4 շաբաթյա դասընթաց եւ հանձնում քննություն, առանց որի (եւ առանց շեմային միավորները հավաքելու) սպան պաշտոնի չի նշանակվում:
Սպա լինելու թեկնածուներին ուսման ընթացքում համապատասխան ժամանակացույցով եւ հերթականությամբ շնորհվում են զինվորական կոչումներ` եֆրեյտոր` 6 ամսից, ֆան-յունկեր` 12 ամսից, ֆենրիխ – 21 ամսից, օբեր-ֆենրիխ` 30 եւ լեյտենանտ` 36 ամսից:
3-ից 11 տարով պայմանագիր կնքած սպաների թեկնածուները, կախված պայմանագրի ժամկետից, նույնպես անցնում են ուսուցման տարբեր փուլեր.
– պահեստազորի սպայի դասընթաց սպայական դպրոցում` 4 շաբաթ,
– պահեստազորի դասակի հրամանատարի դասընթաց` համապատասխան զորատեսակի դպրոցում, որի ավարտին հանձնվում է քննություն` 8 շաբաթ,
– դասակի հրամանատարի պաշտոնում ծառայություն զորքերում` մինչեւ պայմանագրի ավարտը:
Զորքերում ծառայելու ընթացքում սպայական կազմը (հիմնականում` կապիտանի զինվորական կոչումով) ժամանակ առ ժամանակ ուսանելու եւ մասնագիտական մակարդակը բարձրացնելու է ուղարկվում Բունդեսվերի հրամանատարական ակադեմիա, որից հետո սպային կարող է շնորհվել հերթական զինվորական կոչումը (մայոր), եւ նա կարող է նշանակվել ավելի բարձր պաշտոնի (օրինակ` բրիգադի հետախուզության պետ (G2), օպերատիվ պլանավորման պետ (G3) եւ այլն):
Հրամանատարական ակադեմիայում սպաների ուսուցումը ներառում է 3 փուլ.
-հիմնական (զորային) պատրաստության,
-շտաբային ծառայության պատրաստության,
-որակավորման բարձրացման:
Հիմնական պատրաստության փուլ.
Անցնում են Բունդեսվերի բոլոր սպաները` 8 տարի ծառայելուց հետո եւ մայորի կոչում ստանալուց առաջ: Տեւողությունը 13 շաբաթ է:
Առաջին փուլի հիմնական նպատակն է սպաներին պատրաստել բրիգադի եւ ավելի բարձր օղակների շտաբներում ծառայելու համար, որոշել նրանց ծառայության հետագա ուղղությունը եւ շնորհել մայորի զինվորական կոչում:
Այս փուլի ընթացքում սպաներն ուսումնասիրում են հետեւյալ հիմնական առարկաները` «Զինվորական քաղաքականություն եւ ռազմավարություն», «Բունդեսվերը եւ հասարակությունը» (բանակ-հասարակություն կապ), «Զինված ուժերի կազմակերպման եւ ղեկավարման հիմունքները», «Զորատեսակների ղեկավարումը»: Սպայի մտավոր կարողությունների մեծացման, ինքնուրույն որոշում կայացնելու եւ ղեկավարելու ունակությունների կատարելագործման համար բացառիկ կարեւորություն ունեն սեմինար-պարապմունքները, որոնք ուղեկցվում են պլանային առաջադրանքներով:
Ուսումնառության ընթացքում սպաները հանձնում են 1 բանավոր եւ 3 գրավոր քննություն: Քննության արդյունքները ներկայացվում են կադրերի վարչություն, գրանցվում են անձնական գործում եւ հիմք են դառնում սպայի հետագա ծառայական առաջընթացի համար:
Շտաբային ծառայության պատրաստության փուլն անցնում են բոլոր ավագ սպաները, որոնք հաջողությամբ են անցել առաջին փուլը: Երկրորդ փուլը ներառում է գլխավոր շտաբի սպաների, շտաբի վարչությունների եւ բաժինների սպաների, ինչպես նաեւ տարբեր պետությունների (որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն) գլխավոր շտաբների սպաների դասընթացներ:
– Առաջին փուլն անցած սպաների մոտավորապես 10%-ը ուղարկվում է գլխավոր շտաբի սպաների դասընթացների (2 տարով): Այս դասընթացի ունկնդիրների ընտրության հիմնական չափանիշներն են (դրանք սահմանում է ՊՆ կադրերի վարչությունը) առաջին փուլի լավ արդյունքները, զորքերում ծառայելու ընթացքում ձեռք բերած հաջողությունները (վերջին 3 որակավորման արդյունքներով), վերադաս հրամանատարության միջնորդությունները (դիվիզիայի եւ ավելի բարձր օղակի հրամանատար):
-Ունկնդիրների 85 %-ը անցնում է շտաբի վարչությունների եւ բաժինների սպաների դասընթացը: Ուսուցումը կազմված է 3 մասից.
1-ին մասը (8 շաբաթ)` շտաբում աշխատելու հիմունքների ուսուցում, մասնագիտացում շտաբի գործունեության որեւէ ոլորտում, այլ բաժինների հետ համագործակցության կազմակերպում:
2-րդ մասը (3 շաբաթ)՝ անվտանգության քաղաքականության վերաբերյալ գիտելիքի կատարելագործում, օպերատիվ ղեկավարման նոր մեթոդների յուրացում, կազմակերպչական /վարչական-վարչարարական/ հարցերի լուծում:
3-րդ մասը (3 շաբաթ)՝ ԳԴՀ զինված ուժերի եւ բազմազգ միավորումների բարձրագույն շտաբներում սպաների աշխատանքի ուսուցում:
Որակավորման բարձրացման, հատուկ պատրաստության դասընթացները եւ սեմինարները (ուսուցման 3-րդ փուլ) նախատեսված են այն գեներալների եւ ավագ սպաների, ինչպես նաեւ զինվորական ոլորտում ներգրավված քաղծառայողների համար, որոնք պետք է նշանակվեն բարձր պաշտոնի (այդ թվում` ՆԱՏՕ-ի շտաբներում) կամ կատարեն հատուկ խնդիրներ: Այս դասընթացի տեւողությունը մինչեւ 10 շաբաթ է` կախված պատրաստության տեսակից:
Դասընթացում ներառված են հետեւյալ թեմաները. «Երկրի /ՆԱՏՕ-ի/ անվտանգության քաղաքականությունը», «Զորքերի ղեկավարման ընդհանուր հարցերը», «Բունդեսվերը եւ հասարակությունը» (բանակ-հասարակություն կապ), «Օպերատիվ մտածելակերպ (օպերատիվ արվեստ)», «Ցամաքային զորքերի ղեկավարումը», «ԶՈՒ-ի մարտական ներուժը», «Երկրի պաշտպանության ընդհանուր հարցերը», «Օպերատիվ ղեկավարումը», «Զինվորական ներկայացուցիչները (ռազմական կցորդներ)», «Բունդեսվերի շտաբային սպաները», «Մարտական գործողությունների վարումը», եւ այլն:
Բունդեսվերի հրամանատարական կազմի պատրաստության համակարգն ունի ինչպես դաստիարակչական, այնպես էլ ուսուցողական նպատակ եւ միտված է սպաների անհրաժեշտ բարոյական որակների, տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների կատարելագործմանը, ընդունակ ու բանիմաց զինծառայողների ի հայտ բերմանը եւ ծառայության մեջ նրանց առաջընթացին:
Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ