Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԲԵՐՁՈՐՈՒՄ



ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԲԵՐՁՈՐՈՒՄԱրցախի և Մայր հայրենիքի միջև կապող օղակ է Քաշաթաղը: Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Սեպտեմբերի 21-ին այստեղ Հայոց երրորդ հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ապրիլյան պատերազմական իրադարձություններին մասնակից մոտ 60 կամավորական պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ պատվոգրով, հուշամեդալով և թանկարժեք նվերներով: Կայացավ նաև «Մեր լեռների պես» հուշակոթողի բացման արարողությունը:

Առավոտյան մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը, որի կենտրոնում սպիտակ սավանով ծածկված հուշարձանն էր: Մինչ միջոցառման հանդիսավոր մասի սկսվելը՝ զրուցեցի հուշարձանի հեղինակ, քանդակագործ Հարություն Ամբարչյանի հետ, որը գրեթե մեկ տարի աշխատում էր Երևանից բերված բազալտե քարի վրա: Հուշակոթողը խորհրդանշում է սահմանին կանգնած Հայոց բանակի զինվորին և արարող հայ բնակչին, որը պատրաստ է ցանկացած պահի բահը փոխել հրացանով ու շտապել առաջնագիծ: Երիտասարդ քանդակագործն ասաց, որ հուշակոթողի ստեղծման գաղափարը տվել են «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանն ու ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը: Ճարտարապետն է Վահագն Մկրտչյանը:

Միջոցառման հանդիսավոր մասի բացումը հայտարարեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը՝ շնորհավորելով ՀՀ անկախության հռչակման քառորդ դարի առթիվ: Հնչեցին ՀՀ և Արցախի պետական օրհներգերը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտում և հետագայում մարտիրոսված Հայոց երկրի քաջորդիներին, ովքեր իրենց արյան գնով սրբացրին հող հայրենին: Ներկաներին ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով ողջունեցին Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը շնորհավորելով ու ողջունելով ներկաներին՝ մասնավորապես ասաց, որ Քաշաթաղի շրջանից 1200-ից ավելի կամավորական մասնակցեց սահմանի պաշտպանությանը, ունեցել են մեկ զոհ՝ Համլետ Հաջոյանը՝ Աղավնատուն համայնքից, 6 վիրավոր: Աղաձոր գյուղի բնակիչ Հակոբ Խաչատրյանն անցած տարի մարտի 19-ին մարտիրոսվել է հանրապետության հյուսիսային սահմանում՝ անհավասար մարտում հերոսանալով: Վերջերս մարտական դիրքում նահատակվել է Սոնասար համայնքի բնակիչ, շարքային Արայիկ Օրդուբեկյանը: Նա շնորհակալություն հայտնեց հուշակոթողի նախաձեռնողներին՝ Դավիթ Ջամալյանին, Արշակ Զաքարյանին, բարերարներ Արամ Տեր-Մարտիրոսյանին, Արցախի իշխանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությանը և աշխարհասփյուռ հայությանը՝ Բերձորին հուշակոթողը նվիրելու համար:

Արցախի ազատամարտիկների միության վարչության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը ևս շնորհավորեց ներկաներին օրվա առթիվ, ընթերցեց ԱԱՄ վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը: ԼՂՀ նախագահի, վարչապետի և շրջվարչակազմի կողմից տրված պարգևները մասնակիցներին հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

Զ. ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Բանակ և հասարակություն


28/09/2016