Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄՀայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ հոբելյանը մեծ շուքով նշվեց նաև Սյունիքում: Կապան մարզկենտրոնում և մարզի մի շարք քաղաքներում այդ առթիվ տեղի ունեցան հագեցած ծրագրով բազմաբովանդակ տոնական միջոցառումներ,  որոնց գագաթնակետն անշուշտ զորահանդեսն էր, որին մասնակցեցին ինչպես 1-ին բանակային զորամիավորման վարչակազմի, ենթակա զորամասերի բազմաթիվ զինծառայողներ և մարզպետարանի ու համայնքների  ղեկավարությունը, այնպես էլ Կապանի և Գորիսի կայազորների ռազմական և զինվորական գերատեսչությունների ծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի անդամներ, պատանի երկրապահներ, հյուրեր:

Քաղաքի կենտրոնական հրապարակամերձ տարածքում բացազատվել էին տարբեր ուսումնական կետեր` դաշտային ճաշարան, 1-ին բուժօգնության կետ, զորավարժությունների ժամանակ օգտագործվող տարբեր զինատեսակներ: Նախորդ դարավերջի ադրբեջանական ագրեսիաների ողջ արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած, վառոդի հոտն առած, Դավիթ-Բեկի, Մխիթար Սպարապետի, Գարեգին Նժդեհի հերոսապատումները հոգում վառ պահող քաջ սյունեցին, որ սովոր է նենգ ու դավադիր թշնամուն կործանիչ հարվածներ հասցնել, լավ գիտե անկախության գինը: 1991-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո ծնված սերունդը, որ  ծնողներից  ու հարազատներից շատ բան է լսել ու իմացել մեր պապերի` Հայրենական պատերազմում գործած սխրանքների, Արցախյան ազատամարտի հերոսների քաջագործությունների մասին, այս տարվա ապրիլին կյանքում թերևս առաջին անգամ հոգեցունց պահեր ապրեց` կրծքում փայփայելով Հայրենիքի անունն ու արժեւորելով անկախության գինը:

Տոնական միջոցառումներն սկսվեցին եկեղեցում Սյունյաց թեմի առաջնորդի՝ Անկախության տոնի առթիվ մատուցված հոգևոր պատարագով, որին մասնակցում էին մարզի վարչական և զինվորական ղեկավարությունը, ՏԻՄ ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ:

Զորահանդեսն սկսվեց հանդիսավոր միտինգով:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄԸնթերցվեցին 1-ին բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի շնորհավորական ուղերձները:

Ելույթ ունեցողները  ներկայացրին մեր ժողովրդի` Անկախության ճանապարհին ունեցած դժվարությունները, անցած 25 տարիների նվաճումները, որոնցից մեծագույնն, անշուշտ, հայոց հինավուրց պատմական հողերի ազատագրումն է: Անդրադարձ եղավ նոր մարտահրավերներին, մեր ժողովրդի հերոսական ոգուն, Սյունյաց անառիկ լեռների պես ամուր ու անսասան` սյունյաց ժողովրդի անկոտրում կամքին, դժվարությունները դիմակայելու հաստատակամությանն ու հզոր հայրենիք ունենալու տեսլականին:

Հայոց պետականության կայացման, բանակի հզորացման գործում մեծ է Սյունիքի դերը: Այդ է պատճառը, որ տոնի առթիվ բազմաթիվ ազատամարտիկներ, զինվորականներ, քաղաքացիներ բանակի հրամանատարության և Տիմ ղեկավարության կողմից արժանացան տարբեր խրախուսանքների:

Հայոց բանակի հզորությունն ու երիտասարդ սերնդի խիզախությունն ու ռազմարվեստի հմտությունը ցուցադրեցին 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի զինծառայողները, հետախույզներն ու Գորիսի պատանի երկրապահները:

Այնուհետև խրոխտ ու հպարտ կեցվածքով, հրապարակով անցան մեր փառապանծ բանակի խիզախ զինվորներն ու հրամանատարները:

Վաչե ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Ազգային բանակ


28/09/2016