Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԳՅՈՒՂԸ



Վերջին օրն եմ Խաչիկում: Մեկ անգամ էլ եմ բարձրանում հենակետ… Բարձունքից նայում եմ ետ, ու շունչս կտրվում է գեղեցկությունից… Ներքևում՝ լեռներով շրջապատված, հարմարավետ տեղավորվել է Խաչիկ գյուղը: Վերևից տեսնում եմ՝ գյուղաբնակները իրենց առօրյա գործերով են զբաղված:

ՀՊԱՐՏ ԳՅՈՒՂԸՄարտական հենակետը շատ բարվոք տեսք ունի. ամեն ինչ տեղը տեղին է: Մեր ուղեկցորդը՝ մայոր Գուժ Ցոլակյանը, միանգամից անցնում է դիրքապահներին ներկայացնելուն: Մարտական հերթապահություն իրականացնողներից երկուսը պայմանագրային զինծառայողներ են, նախկին ազատամարտիկներ: Իսկ մարտական հենակետի ավագ Գևորգ Միրզոյանին ներկայացնում է որպես իր ստորաբաժանման ամենաօրինակելի սպաներից մեկը: «Ավագ լեյտենանտ Միրզոյանը բնատուր կազմակերպիչ է ու ղեկավար,- ասում է: – Արդեն չորրորդ տարին է, ինչ ծառայում է թե՛ կյանք տեսած, փորձառու պայմանագրային զինծառայողների և թե՛ երիտասարդ ժամկետային զինծառայողների հետ: Այս մարդը մագնիսի պես բոլորին իր շուրջը հավաքելու և իր ետևից տանելու տաղանդ ունի: Չնայած, փառք Աստծու, այժմ խաղաղ պայմաններում ենք ծառայում, բայց խնդիրներ միշտ էլ լինում են: Պետք է մշտապես ամրապնդել դիրքերը, ինժեներական աշխատանքներ կատարել: Այս բոլորը ավագ լեյտենանտ Միրզոյանը հստակ և արագորեն իրականացնում է իր անձնակազմի հետ: Ինչ որ տեսնում եք այստեղ՝ ներկելու, կահավորելու, բետոնապատման այս աշխատանքները, նրա ղեկավարությամբ են արվել, և սա ընդամենը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում: Կարևորը՝ այս աշխատանքներից բոլորովին չի տուժում մարտական հերթապահությունը: Ամսական ամփոփումով՝ ավագ լեյտենանտ Միրզոյանին ճանաչել ենք դիրքի լավագույն ավագ և ներկայացրել խրախուսման:

Շատ կարևոր է, երբ մարդն իրեն գնահատված է զգում: Սպաները դրա կարիքն ունեն: Ամեն սպա, գոնե մեր զորամասում, ավելին է անում, քան պարտավոր է: Այս իմաստով, ենթակային, նրա կատարած գործերին գնահատական տալով, լրացուցիչ լիցք ես հաղորդում նրան»:

Ինքը՝ ավագ լեյտենանտ Գևորգ Միրզոյանը, անձնակազմի հետ «լեզու գտնելը» բացատրում է նախ և առաջ մանկավարժի իր կրթությամբ. «Եթե անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը առողջ է, մնացածն արդեն, կարելի է ասել, ինքնաբերաբար է ստացվում: Հենց դիմացինիդ հոգեբանությունը հասկացար, առողջ մթնոլորտի ձևավորման համար առաջին քայլն արված է»:

ՀՊԱՐՏ ԳՅՈՒՂԸՇնորհակալություն եմ հայտնում մայոր Ցոլակյանին՝ իր ենթականերին այդպես  անկեղծ գնահատելու համար: Ակամայից հիշում եմ, որ իմ նախորդ այցելությանը նա նույնպես ոչ մի բառ ինքն իր մասին չէր ասել. առանց նախաբանի անցել էր ենթականերին:

-Մի բան էլ Ձեր մասին պատմեք,- դառնում եմ մայորին:

-Ի՞նչ պատմեմ: 2008թ. ավարտել եմ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը և նշանակվել ծառայության: Ծառայել եմ մեր երկրի տարբեր հատվածներում: Խոչընդոտներով, բարդություններով լիքը, բայց հետաքրքիր ծառայություն եմ անցել: Մինչև այս պաշտոնին հասնելը, անցել եմ այն ամենի միջով, ինչով անցնում են բոլոր երիտասարդ սպաները: Ընդամենը մի «ապրես» կամ «շնորհակալություն» ինձ թևավորում էր, և եռանդս բազմապատկվում էր: Շատ կարևոր է, անհրաժեշտ, որ հատկապես երիտասարդ սպաներն զգան, որ գնահատված են:

-Քանի որ Ձեր անմիջական պաշտպանության ներքո առաջին հերթին խաչիկցիներն են, հետաքրքրիր է իմանալ, թե ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք համայնքի բնակիչների հետ:

-Խաչիկցիներից շատ շատերը, մեր Հայկ Օհանյանի ու Հարություն Պողոսյանի օրինակով, ներգրավված են ստորաբաժանման կազմում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Դե, իսկ համայնքի հետ հարաբերությունները շատ լավ են: Շատ հարցեր ճիշտ լուծում են ստանում հենց գյուղապետի շնորհիվ. նա շատ արժեվորում է գյուղի սահմանապահ լինելու հանգամանքը: Գյուղացին ու զորքը, իրենց ունեցած միջոցներով, հնարավորինս մեկը մյուսին օգնության են հասնում: Եթե, ասենք, զորամասին այդ պահին մի տրակտոր է անհրաժեշտ, գյուղից անմիջապես բերվում է, նույնը՝ երբ գյուղին է որևէ բան հարկավոր լինում: Գյուղում հասկանում են, որ առաջինը պետք է զինվորի մասին հոգալ. բնականաբար՝ խրամատից, զինվորից է սկսվում սահմանը ու այնուհետև հասնում թիկունք՝ մինչև գյուղ:

Հայացքը գյուղից չկտրելով՝ մայոր Ցոլակյանը հպարտությամբ ժպտում է.

-Ապրիլյան օրերին մեր գյուղացիներն այնքան ապահով էին զգում, որ հազիվ էինք նրանց պահում, որ այգում կամ դաշտերում աշխատելու համար առաջնագծին չմոտենան:

Հեռանալիս մեկ անգամ էլ հայացքով ընդգրկում եմ գյուղը, որի մերձակա դաշտերը խնամքով մշակված են: Իրենց հողի տված բարիքն են հավաքում խաչիկցիները…

Երեկոն իջնում էր: Երբ գյուղում տների լույսերը հետզհետե սկսեցին մարել, մտովի կրկին տեղափոխվեցի առաջնագիծ, որտեղ կանգնած են մեր դիրքապահ տղաները… Նրանք, որոնց զգոն ու մշտարթուն ծառայության շնորհիվ է, որ այսօր արդեն 25 տարի խաղաղ են մեր շեները։

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Ազգային բանակ


28/09/2016