Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼ



ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատից առաջնագիծ ընկած տարածությունն ընդամենը մի քանի կիլոմետր է: Բուժօգնություն է ցույց տալիս հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի զինծառայողներին: Դեռ ամիսներ առաջ մոտակայքում արկեր էին պայթում, անօդաչու սարքեր էին գործում, իսկ անձնակազմը, անտեսելով վտանգը, ընդառաջ էր գնում վիրավորներին, բարդ ու եզակի վիրահատություններ էր իրականացնում, կյանքեր էր փրկում: Այս ռեպորտաժը նվիրումի, համախմբման եւ մասնագիտական բարձր պատրաստվածության մասին է:

 

Ի՞նչ է սովորեցնում պատերազմը

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼԼՂՀ ՊԲ Մարտակերտի ԱԲՋ-ի հրամանատար, բուժծառայության մայոր Խորեն Ազարյանի թիկունքի պատին տասնյակ պատվոգրեր ու շնորհակալագրեր են փակցված: Մինչեւ այստեղ գալն էլ գիտեի, որ ԱԲՋ-ն 2015 թվականին լավագույն ռազմաբժշկական զորամաս է ճանաչվել: Սակայն աշխատասենյակի դուռը բախելիս ամենեւին էլ չէի պատկերացնում, որ հրամանատարը երիտասարդ զինվորական կլինի: «Թերեւս ապրիլյան պատերազմը  նրա առաջին փորձությունն է եղել»,- մտածում եմ ես եւ հարցս էլ հենց այդպես ձեւակերպում: Միանգամից է պատասխանում. «Առաջի՞ն: Մեր բուժանձնակազմը միշտ է լարված ծառայել: Տեղանքը այնպիսին է, որ հակառակորդի ձեռնարկած սադրանքները, դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակի են, եթե չասենք` ամեն օր: Վիրավորների մեծ հոսքեր էլի ենք ունեցել: Հիշո՞ւմ եք հրաձգարանի հրետակոծությունը: Այդ օրը  միանգամից 17 վիրավոր տարհանվեց առանձին բժշկական ջոկատ: Իհարկե, հակառակորդի հարձակողական գործողությունների ծավալն այս անգամ աննախադեպ էր, հետեւաբար, եւ վիրավորների թիվն էր մեծ:  Ապրիլին օր է եղել` հիսունից ավելի վիրավոր ենք ընդունել… Այդ պատերազմը սովորեցրեց կառավարել բարդ իրավիճակները»:

Քառօրյա մարտերի ժամանակ զորամասի գլխավոր խնդիրը հիվանդների փուլային բուժօգնության ցուցաբերումն էր, այսինքն՝ վիրավորների տարհանում առաջնագծից հոսպիտալ, բժշկական տեսակավորման իրականացում եւ, ըստ առաջնահերթության, համապատասխան բժշկական օգնության ցուցաբերում: Եվ այս ամենն արվել է բացառիկ կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ, երբեմն` «գերմարդկային ճիգերով»:

-Մեր մեքենաներն ընդառաջ էին գնում կրակի գոտուց տարհանվող վիրավորներին: Հնարավորինս մոտենում էին` կրճատելով տարածությունը, որպեսզի «ոսկե ժամվա» ընթացքում վիրավորը բուժօգնություն ստանա: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ժամը 6-ի սահմաններում առաջին վիրավորներն արդեն վիրահատարանում էին: Կատարվել են մեծ թվով բարդ վիրահատություններ, միջին եւ թեթեւ ծանրության առաջնային վիրաբուժական մշակումներ: Բացի հրազենային, բեկորային վիրավորումներից, ունեցել ենք նաեւ բազում մարտական այլ վնասվածքներ` կոտրվածքներ եւ այլն: Այդ պատերազմը սովորեցրեց փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել:

Հոսպիտալը մեկուկես տարի առաջ է տեղափոխվել:  Համալրված է անհրաժեշտ բուժախտորոշիչ սարքավորումներով` ժամանակակից նարկոզի եւ ռենտգեն ապարատներով, վիրահատական սեղաններով, գերժամանակակից արհեստական շնչառության սարքերով, մոնիտորներով, սանիտարական տրանսպորտով, եւ որ ամենակարեւորն է` բանիմաց մասնագետներով: Այս ամենը թույլ է տվել բարձր որակով իրականացնել բժշկական ապահովումը:

-Մեր աշխատանքը վերլուծվել է, վիրավորումների քանակական եւ որակական տվյալները համեմատվել են միջազգային վիճակագրական թվերի հետ,- ասում է հրամանատարը:-  Զորամասը արդարացրել է իրեն, արձանագրվել է բավականին լավ արդյունք…

Եվ նա մեկ առ մեկ թվարկում է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով իրենց մոտ տարհանված զինծառայողների անունները: Ասես՝ այս ամիսների ընթացքում նրանց ոչ մի վայրկյան չի էլ մոռացել. «Էրիկ Բաբայան, Վալերի Մեհրաբյան. նրանք սահմանային (տերմինալ) վիճակում էին, բոլոր ցուցիչներով ծայրահեղ ծանր էին գնահատվում: Նրանց վնասվածքները անհամատեղելի էին կյանքի հետ: Բայց փրկվեցին: Հովհաննես Պողոսյան. նա գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում էր ստացել: Ապրելու հույսը շատ փոքր էր: Այսօր զինվորը քայլում է: Պատերազմը բոլորիս սովորեցրեց չնահանջել»: Մայոր Ազարյանը անձնակազմից ոչ մեկին չի առանձնացնում, անուններ չի նշում, որովհետեւ բոլորն էլ` բժիշկ, բուժքույր, մայրապետ, վարորդ, թե խոհարար, իրենց պարտականությունները փայլուն են կատարել:

 

Բուժական մասնաշենքում

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼՇրջում ենք ԱԲՋ-ի բուժական նորակառույց մասնաշենքում: Բաժանմունքները չորսն են՝ ընդունման, վիրահատա-վերակենդանացման, վիրաբուժական, թերապեւտիկ: Նաեւ առանձին` ատամնաբուժական, ճառագայթային ախտորոշման, ուլտրաձայնային հետազոտության կաբինետներ կան: Յուրաքանչյուրի մասին էլ կարելի է առանձին պատմել, քանի որ կատարվող աշխատանքն իսկապես ծավալուն է, առօրյան` հագեցած:

Վիրահատա-վերակենդանացման բաժանմունքը, օրինակ, 2015 թ. լավագույն բաժանմունք մրցույթում 1-ին տեղն է զբաղեցրել: Իսկ ապրիլին վերահաստատել է իր համբավը` պատվով կատարելով բարդ գործը: Բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Հարություն Հարությունյանը չի սիրում խոսել այդ օրերի ծանրությունից: Նա ցույց է տալիս անհրաժեշտ բուժսարքավորումներով ու գույքով հագեցած վիրահատական սրահը, ապա` կից հիվանդասենյակը, որ ապրիլյան պատերազմի օրերին ծառայել է որպես վիրահատարան, նորագույն բազմաֆունկցիոնալ մահճակալները: Բաժանմունքի ավագ օրդինատոր, լեյտենանտ Ալեքսան Պետրոսյանը, որ պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում է ԱԲՋ-ում՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ասում է. «Մինչ զորակոչվելս 4 տարի աշխատել եմ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Կարող եմ ասել, որ անգամ դժբախտ պատահարի դեպքում շտապ օգնության ծառայությունը վիրավորներին բաշխում է տարբեր հիվանդանոցներում: 3-4 վիրավորների միաժամանակյա առկայությունը կարող է լուրջ իրարանցում առաջացնել ցանկացած բուժհաստատությունում: Իսկ մեր պարագայում ունեցել ենք վիրավորների անընդհատ հոսք, այն էլ՝ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում: Միաժամանակ վիրահատել ենք 10 զինծառայողների: Իրականացրել ենք յոթ ժամ տեւողությամբ վիրահատություն: Եվ ոչ մի իրարանցում: Գործողությունները ներդաշնակ ու կազմակերպված էին: Ցուցաբերվող օգնությունը որեւէ մեկի պարագայում չի ուշացել»:

Ալեքսանը մերթ վիրահատարանում էր, մերթ ընդառաջ էր գնում վիրավորին: Նա եւ իր բժիշկ ընկերները կրակի տակ անհետաձգելի միջոցառումներ էին իրականացնում, արհեստական շնչառության ապարատին կամ կարդիոմոնիտորին միացնում վիրավորին, կայունացնում վիճակը, այնուհետեւ տեղափոխում ԱԲՋ. «Եթե պատերազմի ժամանակ այստեղ չլինեի, գուցե մտածի` ինչ լավ է, որ այդ փորձությունների միջով չանցա, ինչի՞ս են պետք այդ սթրեսներն ու հոգեկան ապրումները, բայց… Քառօրյայից հետո մտածում եմ` ինչ լավ է, որ այստեղ էի, որ կարողացա օգտակար լինել, տեսա, թե ինչպես է թիմային աշխատանքը հաղթում մահին»:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼՎիրաբուժական բաժանմունքում ավագ օրդինատոր, բուժծառայության լեյտենանտ Դավիթ Մարգարյանը վիրահատված զինվորի վերքն է զննում: Ասում է` մեկ-երկու օրից ոտքի կկանգնի: Այժմ հոսպիտալում հրազենային վիրավորումով հիվանդներ չկան: Լեյտենանտ Մարգարյանը 2014 թվականին է զորակոչվել բանակ, շուտով զորացրվելու է: Հետադարձ հայացք գցելով անցած ամիսներին` նկատում է, որ մշտական լարվածության պայմաններում է ծառայել. «Մենք ե՛ւ հոգեպես, ե՛ւ մարտական պատրաստականության տեսանկյունից պատրաստ էինք իրավիճակի ցանկացած զարգացման: Գիտեինք` ով ինչ է անելու պատերազմի վերսկսման պարագայում: Այդ է պատճառը, որ բարդություններ չառաջացան»: Երիտասարդ բժիշկը վիրահատել է 20 զինծառայողի, որպես ասիստենտ` մասնակցել մի շարք բարդ վիրահատությունների. «Այդ օրերին ես շատ բան սովորեցի մեզ օգնության եկած պատերազմի մասնակից, փորձառու վիրաբույժներ, բ/ծ գնդապետ Սամվել Գեւորգյանից, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, բ/ծ մայոր Ա. Գասպարյանից: Ես վերաարժեւորեցի կյանքը»: Դավիթը համամիտ չէ, որ քաղաքացիական կյանքում հաջողություններ ունեցող, լավ ուսում ստացած երիտասարդը բանակում երկու տարի է կորցնում. «Հարազատ եղբայրս եւս ապագա բժիշկ է: Նա կիսատ է թողել ուսումն ու  ժամկետային ծառայությունն անցկացնում է որպես հրետանավոր: Կռվի օրերին հյուսիսարեւելյան ուղղությամբ մասնակցել է մարտական գործողությունների: Ի՞նչ կորցրած տարիների մասին է խոսքը»:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼՊահեստային վիրահատարանն ու վերակենդանացման սենյակն է: Մայոր Ազարյանը նշում է, որ այստեղ  եւս կարող են վիրահատություններ եւ հակաշոկային միջոցառումներ իրականացնել: Պահեստային վիրահատարանը եւ վերակենդանացման սենյակը սնվում են համապատասխան թթվածնային մատակարարման աղբյուրից: Ընտրված է անհրաժեշտ լուսավորություն: Զորամասի ամենապաշտպանված հատվածն է: Մտնում ենք նաեւ լաբորատորիա. կապիտան Լուսինե Բադալյանի ղեկավարությամբ այն եւս լիարժեք կատարել է իր խնդիրը: Լաբորատորիան հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով՝ արյան ընդհանուր հետազոտության, բիոքիմիական, մեզի անալիզատորներով: Բոլորն էլ համապատասխանում են ժամանակակից չափանիշներին.  «Սխալվելն անհնար է»,-նշում է զինվորական բժիշկը: Հեռանալիս նկատում եմ անկյունում քնած փոքրիկին: Մարին է` կապիտան Բադալյանի եւ մայոր Հարությունյանի մեկամյա դուստրը:  Նա իր ներկայությամբ կարծես վերահաստատում է շրջայցի ընթացքում ինձ ուղեկցող զգացողությունը. սա կյանքի տուն է:

 

Ամուր թիկունք, ուժեղ զորամաս

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼՊակաս կարեւոր չէ բուժական միջոցառումների նյութական եւ տեխնիկական ապահովումը: Ինչպես կարող էինք հեռանալ զորամասից առանց ճաշարանը, լվացքատունը, սննդի պահպանման պահեստները տնտղելու: Բայց հրամանատարի նյութատեխնիկական գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Կարապետյանը մեզ նախ ուղեկցում է ավտոկայանատեղի: Ցույց է տալիս «Toyota land cruiser» մակնիշի ամենագնացը, որ կահավորված է որպես ռեանիմոբիլ: «Մեր տանկն է»,-կատակում է նա: Իմանում եմ, որ մեքենան զորամասին է հատկացվել նախորդ տարի: Վարորդների անձնազոհ գործողությունների եւ այս ամենագնացի շնորհիվ փրկվել են ծայրահեղ ծանր վիճակում հայտնված զինծառայողների կյանքեր:

Վարորդները պատմում են, որ հակառակորդը դիտմամբ հարվածել է նաեւ կարմիր խաչով սանիտարական մեքենաների ուղղությամբ` անտեսելով մի շարք կոնվենցիաներ: Ասում են՝  այդ մեքենաները «հերոս» մականունով են կնքել:

Ճաշարանում էլ ենթասպա Սուսաննա Լազարյանը նախապատրասվում է ընթրիքի: Պատասխանատու աշխատանք է. առողջական խնդիրներ ունեցող զինծառայողի սնունդը պետք է որակով եւ համեղ լինի: Չենք կտրում նրան իր գործից: Փոխգնդապետ Կարապետյանը նշում է, որ բժիշկների ցուցումով հատկապես հետվիրահատական շրջանում գտնվող զինվորների համար դիետիկ սնունդ են  եփում, որ ճաշացանկը բազմազան է, ամեն ամիս նորամուծություններ են լինում` բանջարեղենն է ավելացել, խոզի մսի չափաբաժինը,  որ ամեն օր ճաշացանկում պարտադիր միս կա, որ այստեղ նաեւ  կեսօրիկ են տալիս՝  թխվածքաբլիթ, խտացրած կաթ, թեյ կամ սուրճ: Ապրիլին ճաշարանը գերծանրաբեռնված է աշխատել: Գերծանրաբեռնված է աշխատել նաեւ լվացքատունը: Օպերատորներն ապահովել են մաքրությունը, արել են ամեն ինչ, որ վիրահատարանում արյան բիծ անգամ չլինի:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼԱյս զորամասում բոլորն էլ աշխատել են իրենց քնի ու հանգստի հաշվին, բայց հանուն զինվորի կյանքի:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/09/2016