ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՂԵԼ, ԼԻՆԵԼՈՒ է ԵՎ ՀԱՎԵՐԺԵԼՈՒ Է
Հնարավոր չէ դիտարկել սյունեցուն և նրա զինվորին առանձին-առանձին: Հպարտ եմ, որ մեր զորամիավորումը տեղակայված է Սյունիքի մարզում, որի արմատները դարերի մեջ են մխրճված, իսկ սաղարթները թրծվել են Արցախյան գոյամարտում:
Զորամիավորման առկայությամբ այսօր Սյունիքի հզորությունը կրկնապատկվել է, և Աստված մի արասցե, եթե մի նոր պատերազմական փորձություն պատուհասի, համոզված եմ, Սյունիքի ժողովուրդը նորից ոտքի կելնի և կկանգնի իր զինվորի կողքին:
Մենք բոլորս՝ հրամանատարից մինչև շարքային, սիրում ենք քաջերի այս հողը և պատրաստ ենք հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգություն կանխել, սրբորեն պաշտպանել Սյունիքը՝ մեր երկրի հարավարևելյան դարպասը՝ հորդաբուխ հպարտության, հերոսականության և հոգևոր հարստության այս շտեմարանը:
ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆ
2013 թվականի մարտի 21-ից գնդապետ Տիգրան Փարվանյանը 1-ին բանակային զորամիավորման հրամանատարն է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:
-Բարձր կոչմանն արժանանալուց հետո ինչպիսի՞ զգացողությամբ սկսվեց ծառայության առաջին օրը: Ինչո՞վ էր այն տարբերվում մյուս օրերից:
-Այդ կոչումը միայն իմը չէ, այն, կարելի է ասել, ստացել է մեր բանակային զորամիավորումը, քանի որ տարիներ շարունակ միասին ենք աշխատել՝ սկսած զինվորից մինչև իմ տեղակալները, և այդ գնահատականը նաև ամբողջ զորամիավորման գնահատականն է:
Հոգով, սրտով ծառայողի համար տարբերություն չկա՝ ի՞նչ կոչմամբ է ծառայում՝ գեներալ, լեյտենանտ, թե շարքային զինվոր: Լեյտենանտն էլ կարող է իր գործը գեներալի պես անել:
Պետք է փորձենք արդարացնել բոլոր հույսերը՝ և՛ երկրի նախագահի կողմից առաջադրված խնդիրների լուծման, և՛ ժողովրդի հույսի ու հավատի առումով, և՛ իհարկե՝ ենթակա անձնակազմի, որը քեզ նայում է արդեն որպես գեներալ-մայորի:
Իմ հարազատ միջավայրում եմ, որտեղ ավելի քան 7 տարի ծառայել եմ նույն անձնակազմի, նույն վարչակազմի հետ, բնականաբար, առանձնահատուկ տարբերություն չեմ զգացել: Թերևս ամենամեծ հպարտությունն ապրեցի, երբ շարքում տեսա ենթակա անձնակազմի աչքերի փայլը, նրանց ուրախությունը, զգացի սրտերի ջերմությունը:
-Պարոն գեներալ, ասում են՝ յուրաքանչյուր նոր իրադարձություն կյանքում ակամա ստիպում է հետ հայացք նետել անցած ուղուն…
-Մարդն իր կյանքում հաճախ է հայացք նետում իր անցած ուղուն: Այնտեղ ամեն ինչ կարող է լինել՝ ափսոսանք, կարոտ, ուրախություն, տխրություն, զղջում: Բայց, եթե ապրել ես հանուն քո ժողովրդի ու երկրի, քո ընտանիքի, երբեք ափսոսանք չես զգա:
Աշխատել եմ ապրել այնպես, ինչպես կապրեր մարդու հարգն ու պատիվն իմացող սովորական հայ մարդը: Ամենակարևորը, չեմ փշրել որևէ մեկի թևերն ու հույսը: Միշտ մտածել եմ՝ գուցե դա մարդու վերջին ու միակ մխիթարանքն է:
Այս ոգով ու գիտակցությամբ էլ դաստիարակել եմ իմ որդիներին, ինչն ինձ է տվել իմ հայրը: Կարող եմ հպարտորեն ասել, որ որդիներիս տվել եմ իմ միակ հարստությունը՝ պատիվս, ինչը ստեղծել եմ դժվարությամբ, ծանր աշխատանքի գնով:
-Պարոն գեներալ, ինչպե՞ս եք գնահատում 2016 թվականը, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է հրամանատարական պատրաստվածության տարի, իսկ բանակային զորամիավորման համար՝ վերջնական կայացման և ամրապնդման տարի: Կուզեի՞ք աղերսներ անցկացնել դժվար և պատասխանատու տարվա և ապրիլյան քառօրյայի, պատերազմական գործողությունների միջև:
-Ո՛չ գործը, ո՛չ ծրագրերը և ո՛չ էլ մարդկային միտքը տեղում չեն մնում, անընդհատ կատարելագործում և առաջընթաց են պահանջում, ու մենք կայանալով՝ գնալու ենք առաջ: Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, պետք է ասել, որ տղաներն ավելի զարգացած ու բանիմաց են դարձել, բարձրացել է կրթական մակարդակը, է՛լ ավելի են ամրապնդվել բարոյակամային հատկանիշները, ոգին, գիտակցական մոտեցումները: Ինձ գոհացնում է զորամասերի երիտասարդ հրամանատարների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Զորամիավորումը միշտ էլ մարտունակ է եղել, միշտ էլ մարտունակ է լինելու և կատարելու է իր մարտական խնդիրները: Մարտունակ լինելը մեր պարտքն ու հիմնական խնդիրն է, և դա կարողացանք ապացուցել հենց քառօրյայի, նրան հաջորդած հետագա մարտական գործողությունների և առաջադրանքների կատարման ժամանակ: Կարիք չկա բոլոր փակագծերը բացել՝ ինչ ենք արել, ինչով ենք զբաղվել, բայց, ի պատիվ զորամիավորման ողջ անձակազմի, բոլոր առաջադրանքները կատարվել են գերազանց և պաշտպանության նախարարի կողմից արժանացել հավանության:
Քառօրյան, որքան էլ անցանկալի, բայց մեծ փորձի, գիտելիքների ամրապնդման, աննախադեպ հայրենասիրության և համախմբվածության մեծ դպրոց էր: Դա անպատմելի ու աննկարագրելի հերոսական մի սիմֆոնիա էր, որի առաջ պետք է ուղղակի գլուխ խոնարհել:
-Պարոն գեներալ, մեզ հայտնի է Ձեր անմիջական տեղեկացվածությունը զորամիավորման ստորաբաժանումների յուրաքանչյուր ներքին շարժին՝ լինեն կենցաղային, թե զինծառայողի անձնական տվյալներ, իրազեկված եք զինվորի հոգեվիճակից, վարքից, նույնիսկ՝ զորամասի ջերմային ռեժիմից, ճաշարանների վիճակից, զինվորի սննդի չափաբաժնից…
-Դա շատ լուրջ գործընթաց է և շատ լուրջ թեմա է, որովհետև մենք բոլորս գործ ունենք մարդկային կյանքի ու ճակատագրերի հետ: Բնական է, ես մենակ չեմ կարող և չեմ էլ հասցնի մեկ օրում լինել բոլոր տեղերում, տեսնել ու ղեկավարել: Ի բարեբախտություն ինձ՝ ես ունեմ պատրաստված, գործին տիրապետող տեղակալ սպաներ, ենթակա բաժիններ ու բաժանմունքներ: Ողջ վարչակազմն է աշխատում այս ուղղությամբ՝ ստորաբաժանումների հետ միասին: Դա ամենօրյա, ամենժամյա քրտնաջան աշխատանք է: Իսկ մեզ մոտ, ինքներդ էլ լավ գիտեք, չկան մեծ ու փոքր հարցեր՝ առավոտը բացվելուն պես մինչև զինվորի քուն մտնելը:
-Կիսամյակի ամփոփման ժամանակ Դուք նշեցիք, որ բանակում մանրուքներ չկան, և թվացյալ ամենաաննշան մանրուքից կարող է մեծ հանցանք ծնվել, և իբրև դեղատոմս առաջարկեցիք զինվորի զբաղվածությունը՝ առավոտից իրիկուն, յուրաքանչյուր րոպեն:
-Ասել եմ և չեմ հոգնի նորից ասել, այո՛, մանրուքներ չկան բանակում, յուրաքանչյուր թվացյալ մանրուքի տակ կարող է թաքնված լինել ենթադրյալ հանցանքը, որը սպան պարտավոր է զգալ, հասկանալ նախապես՝ ճանաչելով իր զինվորին: Սպան ուղղակի պարտավոր է լինել նախ և առաջ հոգեբան, զինվորին ընկեր ու խորհրդատու, որպեսզի հարգանք ու վստահություն վայելի զինվորների մեջ, և եթե նա այդպիսին չէ, անհապաղ պետք է թողնի ծառայությունը:
Իսկ զինվորի զբաղվածությունը լիարժեք ապահովելու համար ընդամենը պետք է սպան շարժվի օրվա կարգացուցակով: Պետք է հիշել, որ զինվորը ռոբոտ չէ, որ առավոտից իրիկուն միայն մեկ գործով զբաղվի, նա ունի ազատ ժամ, ճաշի ու քնի, դասի ու դասընթացների յուրացման ժամ: Այդ ամենը սպան պետք է ապահովի ժամանակին:
-Պարոն գեներալ, ինչպե՞ս կարելի է կերտել այնքան կարևոր և Ձեր մատնանշած հավատն ու վստահությունը զինվոր-սպա փոխհարաբերություններում: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույն սպա:
– Քառօրյան սպա-զինվոր հավատի և վստահության մի մեծ կրթարան էր, որտեղից անընդհատ պետք է սովորել՝ սպա, թե զինվոր, բոլորս:
Իսկ լավագույն սպան անընդհատ իր գործի, իր ձգտումների ու նպատակների մեջ ջանասիրաբար կատարելագործվող սպան է: Սպան չպետք է քնած և ծույլ լինի, բանակն այդպիսիների տեղը չէ: Պետք է ժամանակին նկատել կարգապահ և անձնվեր, իր գործով առաջխաղացման ձգտող սպային, քաջալերել, ժամանակին առաջ քաշել, կոչումներ շնորհել, որպեսզի նա չհիասթափվի, չընկճվի: Վաղ թե ուշ՝ արժանավոր սպան ծառայության մեջ գտնում է իր տեղը:
Սպայի համար առաջ գնալու, խրախուսվելու և նոր, ավելի պատասխանատու պաշտոններ ստանալու միակ ճանապարհը անվերջ, անդադար աշխատասիրությունն է:
-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում մարդու մեջ:
-Հոգին, մարդկայնությունը: Մարդը պետք է մարդ մնա բոլոր պարագաներում, նա իր դեմքը չպետք է կորցնի, չպետք է դադարի գթասիրտ, կարեկցող լինելուց: Եթե գութը աշխարհի երեսից վերանա, աշխարհը կկործանվի մեկ օրում:
-Այսպիսի փորձով ու վաստակով՝ ինչպիսի՞ խոսք ու խրատ կհղեիք մեր երիտասարդ սերնդին:
-Երիտասարդ սերունդը պետք է լինի իր պապերի, ազգային մեծությունների արժանի հետնորդը: Կուզեի մեր գալիք և բոլոր սերունդները լինեին հայրենապաշտ, դատապարտված լինեին հավերժական հայրենասիրության, բայց ոչ երբեք՝ պատերազմների և պատերազմական իրավիճակների:
Թող մենք լինենք այն վերջին սերունդը, որը պատերազմներ տեսավ, պատերազմեց և դեռ պատերազմական իրավիճակում է:
-Ունե՞ք տագնապ, ցավոտ հարց՝ այս և այլ խնդիրների հետ կապված:
-Տագնապս ու ցավոտ հարցս արտագաղթն է, չէի ցանկանա ոչ մի հայ բացակայեր իր հայրենիքից: Մենք պետք է դժվարությունները հաղթահարելով առաջ գնանք, հենվենք միայն մեր ուժերին:
Չգիտես ինչու, բոլորն արդարանում են՝ չկա, չի ստացվում: Նայենք մեր գյուղերին, անհերկ դաշտերին. դրանք մնացել են խոպան, անմշակ, հոգատար ձեռքի ու մարդկային շնչի կարոտ: Ի՞նչ է ստացվում. գերադասում են վախվխելով ապրել ուրիշ երկրում, քան նույն ջանքերը ներդնելով, թող մի քիչ պակաս, բայց է՛լ ավելի հանգիստ խղճով՝ սեփական հայրենիքում:
Հայրենիքը միշտ եղել, լինելու է և հավերժելու է, քանի դեռ ինձ պես մտածողներ կան, իսկ նրանց թիվը շատ մեծ է:
Շնորհակալ եմ Աստծուն և իմ ճակատագրին՝ հայ ծնվելուս, հայ լինելուս և հայ ապրելուս համար:
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Հարցազրույցը՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
1-ին ԲԿ թղթակցական կետ
Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում