Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐՈՒՄ»



«Խնդրում եմ թույլ տվեք դիպլոմային աշխատանքս հանձնել փետրվարի առաջին կեսին, քանի որ 1992թ. նշանակված դիպլոմային աշխատանքների պաշտպանություններին չեմ մասնակցել: Բացակայել եմ, որովհետեւ այդ ժամանակ մասնակցում էի ԼՂՀ-ում մղվող ինքնապաշտպանական մարտերին». սա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղեւոնդյանի` Պետոյի 1993թ. գրված դիմումից է` ուղղված պրոռեկտոր Է.Չուբարյանին: Արցախյան ազատամարտի օրերին ԵՊՀ ղեկավարությունը նման բովանդակությամբ նամակներ հաճախ էր ստանում:

Երբ 1989թ. հայերի ու ադրբեջանցիների միջեւ սկսվեցին զինված բախումները, որոնք վերածվեցին պատերազմի, բազմաթիվ համալսարանականներ, թողնելով ուսանողական նստարանը, մեկնեցին Արցախ` պաշտպանելու հայրենի հողը: Նրանցից 27-ը մարտիրոսվեցին: Այդ 27 անմահ հերոսներին ներկայացնելով էլ սկսվում է «Երեւանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում» ուսումնասիրություն-ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ հունիսի 24-ին` համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում:

Գիրքը հրատարակության է երաշխավորել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդը: Աշխատանքային խմբի ղեկավարը եւ գրքի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է: Գիրքը կազմել եւ հրատարակության է պատրաստել ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Ժակ Մանուկյանը, կազմման աշխատանքներին մասնակցել են նաեւ թանգարանի աշխատակիցներ Մարինե Մկրտչյանը, Լիլյա Հովհաննիսյանը եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

Շնորհանդեսին ներկա էին Արցախյան գոյամարտի մասնակիցներ, զոհված համալսարանականների հարազատներ, ուսանողներ եւ դասախոսներ: Ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես եկավ ելույթով եւ ժողովածուն անվանեց «սրբագույն գիրք».

«Այս հրատարակությունը հերոսական այն օրերը նկարագրելու համեստ փորձ է և լրացնում է Արցախյան գոյապայքարին նվիրված ստվարածավալ գրականության շարքը: Գիրքը հրատարակելուց հետո մենք ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, դիտարկումներ, առաջարկներ, որոնց բոլոր հեղինակները համոզված են եղել, որ այն անհրաժեշտություն էր»:

Ա. Սիմոնյանն ընդգծեց, որ գիրքը նախևառաջ երիտասարդների համար է. նրանք պետք է իմանան ավագ սերնդի կատարած սխրանքի եւ հերոսության մասին, որպեսզի պատրաստ լինեն հետևելու այդ օրինակին: Ըստ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի` զոհված համալսարանականները այս գրքով նորից վերադարձան համալսարան:

Զոհված 27 համալսարանական ազատամարտիկները գրքում ներկայացված են անուն առ անուն` իրենց կարճ, բայց բովանդակալից կենսագրությամբ, լուսանկարներով եւ փաստաթղթերով, վավերագրերով եւ հուշերով. «Բոլոր ազատամարտիկները կամավորներ են եղել, նրանց կենսագրականներում մանրամասն նշված է, թե որ ռազմաճակատներում են կռվել, ինչ պարգեւներ են ստացել եւ այլն: Բոլորն էլ գաղափարի զինվորներ են եղել»,-ասաց ժակ Մանուկյանը:

Գրքում զետեղված են նաեւ փաստաթղթեր, մամուլում տպագրված հոդվածներ, ողջ մնացածների անվանացուցակ, ժամանակակիցների հիշողություններ:

«ԵՊՀ-ն Արցախյան գոյապայքարում» գրքի շնորհանդեսը առիթ էր հիշելու Արցախյան պատերազմին համալսարանականների մասնակցության որոշ դրվագներ: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը պատմեց, թե ինչպես իրեն հաջողվեց կապի առաջին միջոցները հասցնել ռազմաճակատ. «Դա այնքան անհրաժեշտ էր, այնքան կարեւոր, որ Մոնթեն ինձ ասում էր` մեկ «Ալենկո» տուր, երկու տանկ կտամ քեզ»: Ուսանողները կամավորական ջոկատների զինվորների համար գուլպաներ եւ գլխարկներ էին գործում: Ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Կիրակոսյանն էլ ֆակուլտետի մյուս աշխատողների հետ հրացանների համար կոտորակ էր պատրաստում, քանի որ այդ ժամանակ հիմնական զենքը որսորդական հրացանն էր. «Կապարե գնդակներ էինք ձուլում: Հատկապես ուզում եմ հիշատակել Միսակ Մարտիրոսյանին եւ Արմանդ Ռոստոմյանին, որոնց պատրաստած հատուկ կաղապարների շնորհիվ հնարավոր էր միաժամանակ մեծ քանակությամբ գնդակներ ձուլել: Դրանք տոպրակներով ուղարկում էինք Արցախ»:

Շնորհանդեսի վերջում միջոցառման կազմակերպիչները գիրք-հուշամատյանը նվիրեցին զոհվածների հարազատներին ու ազատամարտիկներին:

Այնուհետև ներկաներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ ներկայացվեցին համալսարանական զոհված ազատամարտիկներին նվիրված և նոր ցուցանմուշներով համալրված սրահը եւ պատկերագիրքը: Արամ Սիմոնյանը նշեց, որ այսուհետ համալսարանի հետ ծանոթությունը սկսվելու է հենց այդ սրահից:

…Տիկին Նաթելլան Արցախից եկել էր ցուցահանդեսի բացմանը մասնակցելու, կարոտով եւ հպարտությամբ ցույց էր տալիս միակ որդու` Դավիթ Սարգսյանի իրերը: Դավիթը սովորել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, սակայն 1993 թ. կիսատ է թողել ուսումը եւ վերադարձել Մարտունու շրջանի Հացենի գյուղ` մասնակցելու հայրենիքի ազատագրման պայքարին: Երևան վերադառնալու և ուսումը շարունակելու` մոր հորդորները անցել են ապարդյուն:

Ցուցանմուշների մեջ էին ազատամարտիկ Վարդան Բախշյանի կազմած կարգապահական կանոնները` բաղկացած 17 կետից (ահա դրանցից մեկը` «Պահպանել առաջադրանքի գաղտնիությունը, եթե որեւէ զենք, զինամթերք քոնը չէ` ձեռք չտալ»), քրոջը` Աննային ուղղված հեռագիրը. «Կենդանի եմ, մի մտահոգվեք: Նախապատրաստվում ենք անկախության հանրաքվեին: Համբուրում եմ: Վարդան»:

Նամակներ, ուսանողական տոմսեր, փաստաթղթեր, լուսանկարներ` հերոս համալսարանականների այս բոլոր իրերն այժմ իրենց մշտական տեղն ունեն Երևանի պետական համալսարանում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.` ՀՈՎՀ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Բանակ և հասարակություն


06/07/2011