Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅԾԱՌ ՈՒ ՀԱՎԱՏՈՎ ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐ



Արահետով վանք է շտապում հայուհին։ Օրը կամաց-կամաց երեկո է դառնում։ Հայուհին երկյուղածությամբ մտնում է Վանք։ Իրար փաթաթված` սկսում են այրվել երկու մոմեր։ Ներս խուժած քամին շոյում է նրանց բոցեղեն լեզվակներն ու, ինչ-որ խոստումներ տալով, ուզում է հանգցնել, բայց հայուհու ձեռքի ափերը վարդագույն պատնեշ են դառնում այրվող մոմերի համար։ Հայուհին աղոթքի խոսքեր է մրմնջում եւ սիրակարոտ հայացքն ուղղում է դեպի վեր` այնտեղ, ուր պետք է գմբեթը լիներ։ Քամին ամպերի քարավանները քշում է երկնքով, ու սկսում է կաթիլ-կաթիլ անձրեւ գալ, ցողել նրա դեմքը։ Հետո նա հանդարտ դուրս է գալիս վանքից։ Քամին արդեն դադարել է։ Արահետը նորից ծայր է առնում նրա ոտքերի տակ, եւ նա իջնում է ձորն ի վար։ Մառախուղի միջից նշմարվում է վանքը՝ լուռ, խորհրդավոր։ Հայուհին շտապում է։ Թվում է, թե հեռու հեռուներից վերադարձել է նա ու պահում է իր ճանապարհը։ Հայուհին ավելի է արագացնում քայլերը, հետո սկսում է վազել։

Վազում է ու գիտի, որ իր սիրո տերը՝ հայրենյաց զինվորը, բարձրացել է հայրենի լեռները, որտեղից կարծես այնքա՜ն տեսանելի ու ավելի ընդգրկուն է սերը։ Աշխարհը սեր է դառնում, կյանքը` սեր, հայրենիքը՝ սեր, օջախը՝ սեր, վանքը՝ սեր…

Այս զգացողությունը կունենա ընթերցողը, երբ կարդա Ալինա Տոնոյանի բանաստեղծությունների «Լուսավոր հավատք» ժողովածուն։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում։ Ի դեպ, սա հեղինակի տասնմեկերորդ ժողովածուն է (նախորդները` «Հուշագրեր», «Հայորդիներ, խոնարհվում եմ Ձեզ», «Կարոտի անձրեւ», «Իմ հավատքը», «Լույսի արահետ» եւ այլն)։

Առաջին ժողովածուն կոչվում էր «Արցունքի աստղեր», որը տպագրվել է 1995 թվականին։ Գրքում զետեղված` թվով 30 բանաստեղծությունները նվիրված էին ամուսնուն` Գեւորգին, եւ խորհրդանշում էին նրա ապրած երկրային տարիների թիվը։

Գեւորգը ծնվել է Էջմիածնի Նորակերտ գյուղում, Ալինան` Ապարանի Լուսագյուղում։ Ունեն 2 աղջիկ, մեկ տղա, 4 թոռնիկ։ Երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, նրանք ընտանիքով վերադարձան Աստրախանից, եւ Գեւորգը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։ 1994□ի ապրիլի 24-ի լույս 25□ի գիշերը Գեւորգ Դավթյանը զոհվեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բարձունքին (հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով)։

Ամուսնու մահից անցել է արդեն 18 տարի, եւ այդ ընթացքում կինը՝ Ալինան, չի դադարել նրան նամակներ գրելուց: Գրում է չափածո ու արձակ, կիսում է իր խոհերը, իր մտորումները, դժվարին պահերին խորհուրդ հարցնում։ Իսկ պատասխանները… ստանում է երազում կամ արթմնի։

Հեղինակի բանաստեղծություններն ու արձակ տողերը աշխարհին, մարդկությանն ուղղված կարոտի, երազի պատառիկներ են, որոնք երջանկության եւ տխրության մեջ ապրողներին հուշում-հիշեցնում են կյանքի, հայրենիքի, ծննդավայրի հավերժության մասին։

Շնորհանդեսի ժամանակ բանաստեղծուհուն իրենց սրտի խոսքն ասացին Տիգրան Պետրոսյանցը, Օֆելյա Պետրոսյանը, Թամարա Ալոյանը, Հռիփսիմե Ավետիսյանը, Սամվել Ավագյանը, Արսեն Զաքարյանը, Վերգուշ Քոշյանը, Նինա Մանթաշյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Մանիկ Գրիգորյանը, Հասմիկ Կարապետյանը՝ կարեւորելով Ալինա Տոնոյանի եւ բոլոր այն հայ մայրերի գործը, ովքեր պատերազմ մեկնած իրենց ամուսինների համար դարձան հենարան, թեւութիկունք, ովքեր անմռունչ, անասելի դժվարություններով պահեցին, մեծացրին իրենց զավակներին, չկորցրին իրենց բարությունը, վաղվա օրվա հանդեպ իրենց հավատը, ովքեր օրվա ծանրությունը տանելուց հետո, գիշերային լռության մեջ, երբ խաղաղ իրենց զավակները երազներ էին տեսնում, գրիչ էին վերցնում եւ աշխարհին, մարդկանց ու իրենց սիրելի էակներին հավերժի, հավատի ու հույսի տողեր ձոնում։

Նրանց ելույթներից հետո Գայանե Սամվելյանի գեղեցիկ ասմունքով ամբողջացան բանաստեղծուհի Ալինա Տոնոյանի եւ նրա ամուսնու՝ հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած Գեւորգ Դավթյանի կերպարները։ «Զինվոր» ՀԿ նախագահ Մ. Խաչատրյանը Գեւորգ Դավթյանին հետմահու պագեւատրեց «Զինվոր հայրենյաց» մեդալով։

Դահլիճում հավերժական սիրո ու կարոտի խորհուրդ կար։ Նման հրաշալի հանդիպումների, գեղեցիկ պահերի, միջոցառումների համար մեր շնորհակալությունը պիտի հայտնենք Ավ.Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Բանակ և հասարակություն


06/07/2011