Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸ



Պատմությունը վկայում է, որ լրտեսությամբ զբաղվելը միայն տղամարդկանց մենաշնորհը չէ, ու երեւի պատահական չէ հետեւյալ ասացվածքը. «Այնտեղ, ուր սատանան է անգամ անզոր, ուղարկիր կնոջը»։ Կին լրտես-գործակալուհիները զարմացրել եւ հիացրել են իրենց հնարամտությամբ եւ առաջադրանքների փայլուն իրականացմամբ, նրանցից ամեն մեկի կյանքը, վստահ եմ, կարող է հարուստ նյութ ծառայել գեղարվեստական ֆիլմի կամ գրական ստեղծագործության համար։ Կին լրտեսուհիներ` գեղեցիկ ու գրավիչ եւ նույնքան էլ վտանգավոր ու դավադիր…

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸՄԱՏԱ ՀԱՐԻ (876-1917)

Պատմության ամենահայտնի լրտեսուհիներից մեկն է։ Անհաջող ամուսնությունից հետո իրեն նվիրում է արեւելյան պարերին եւ այնքան արտիստիկ ու դյութիչ էր պարում, որ նրա ելույթները նայելիս տղամարդիկ իրենց գլուխն էին կորցնում, իսկ կանայք՝ ամուսիններին։ Օգտագործելով իր հմայքները՝ նա կրկնակի լրտեսությամբ էր զբաղվում ե՛ւ գերմանացիների, ե՛ւ ֆրանսիացիների համար, որի պատճառով էլ մահվան դատապարտվեց։ Մահապատժի «ներկայացավ» շքեղ վերարկուով, հրաժարվեց աչքերին սեւ ժապավեն կապել եւ օդային համբույր ուղարկեց կրակելու պատրաստ կանգնած զինվորներին, ասես իր հերթական ելույթն էր…

Ըստ մեկ այլ վարկածի, նրան մահվան են դատապարտել ոչ այնքան լրտեսության համար։ Հավանական է, որ պատճառը Մատա Հարիի բազմաթիվ սիրային կապերն էին բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, ինչը կազդեր վերջիններիս հեղինակության վրա։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸԷմի Էլիզաբեթ Տորպը (1910-1963) Վաշինգտոնում դիվանագիտական գործունեություն էր ծավալում։ Լրտեսությամբ սկսեց զբաղվել, երբ ամուսնացավ ամերիկյան դեսպանատան երկրորդ քարտուղարի հետ, որը նրանից մեծ էր 20 տարով։ Զույգը շրջեց աշխարհով մեկ, երիտասարդ կինն առանց թաքցնելու բացահայտ սիրավեպեր էր ունենում, իսկ ամուսինը… դեմ չէր. նա անգլիական հետախուզության գործակալ էր եւ կնոջ «զվարճանքի» շնորհիվ արժեքավոր տեղեկություններ էր հայթայթում։ Ամուսնու անսպասելի մահից հետո Տորպը շարունակեց լրտեսությունը։ Գեղեցկադեմ անգլուհին «անկողնու միջոցով»  տեղեկություններ էր հավաքում ֆրանսիացի եւ իտալացի ծառայողներից, զինվորականներից: Նրա ամենահայտնի լրտեսական արարքը ֆրանսիացի դեսպանի անկիզելի պահարանի բացումն էր եւ ծովային կոդի պատճենումը, ինչն էլ օգնեց դաշնակից զորքերին իրականացնելու իրենց պլանները։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸԳաբրիելա Գաստը (ծն. 1943թ.)  60-ականների վերջին ԳՖՀ-ից եկավ ԳԴՀ, որպեսզի  «Կանանց վիճակը ԳԴՀ-ում» ատենախոսության համար նյութեր հավաքի։ Այստեղ սիրահարվեց գեղեցիկ մի տղամարդու, որը, պարզվեց, «Շտազիի» գործակալ է։ 1943-ին  Գաբրիելան աշխատանքի անցավ ԳՖՀ-ի ֆեդերալ ծառայության հետախուզությունում (թեեւ նա արդեն ԳԴՀ-ի լրտես էր եւ 20 տարի որպես ինֆորմացիայի հրաշալի աղբյուր ծառայեց նաեւ իր սիրեցյալի համար)  եւ ծառայողական կարիերայի աստիճաններով վեր սլացավ։ Նրա գործունեությունը բացահայտվեց միայն 1990 թվականին։ Վեց տարի ինը ամիս բանտարկությունից հետո (ի դեպ, սիրեցյալը ոչ մի անգամ չտեսակցեց նրան) աշխատանքի անցավ մյունխենյան սովորական ինժեներական բյուրոներից մեկում։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸԿոկո Շանել (1883 – 1971)

Աշխարհի ամենահայտնի կանանցից մեկը՝ Կոկո Շանելը, ֆրանսիացի առաջատար մոդելյորն ու ժամանակի ոճ թելադրողը, պարզվում է, սերտ համագործակցել է նացիստների հետ, նրանց օգտին զբաղվել լրտեսությամբ, ուներ անգամ կոդային անուն։ Շանելի կյանքի հենց այս մութ կողմերի մասին է պատմում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, պատմաբան եւ լրագրող Հել Վոգան իր «Թշնամու հետ անկողնում» գրքում։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸՆենսի Ուեյքը (1912-2011)  30-ականներին Փարիզում թղթակից էր աշխատում։ 43-ին Լոնդոնում վերապատրաստվում է որպես պրոֆեսիոնալ լրտես։ Դիմադրության շարժման ակտիվ անդամներից էր, ղեկավարում էր զենքի մատակարարման հարցերը: Նրա գլխի համար գեստապոն 5 մլն ֆրանկ էր սահմանել։ 2011թ. Լոնդոնի գրեթե բոլոր թերթերը գրեցին. «99 տարեկանում վախճանվել է աշխարհի լեգենդար լրտեսուհիներից մեկը՝ Նենսի Ուեյքը, որն ավելի շատ հայտնի էր «Սպիտակ մուկ», «Վհուկ» կեղծանուններով։ Նրա շնորհիվ փրկվել են հազարավոր փախստականներ եւ զինվորականներ, որոնց թվում Մեծ Բրիտանիայի ավիացիայի գլխավոր մարշալ Լուիս Խոջեսը։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸՌութ Վերներ (1907-2000)

Գերմանուհին դեռ երիտասարդ տարիքում զբաղվում էր քաղաքականությամբ։ Ամուսնանալով ճարտարապետի հետ՝ 1930թ. տեղափոխվեց Շանհայ։ Ռութը Չինաստանում ԽՍՀՄ-ի համար տեղեկություններ էր հավաքում՝ համագործակցելով Ռիխարդ Զորգեի հետ, որին խելահեղորեն սիրահարված էր, իսկ ճարտարապետ ամուսինը նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե իրականում ինչով է զբաղվում սիրելի կինը։ 1932-ին Ռութը Մոսկվայում հետախուզական դպրոցի հատուկ դասընթացների մասնակցեց, ապա եղավ Լեհաստանում, Անգլիայում։ Ռութի լրատու իրազեկիչները գործում էին անգամ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետախուզությունում։ Հենց Ռութի շնորհիվ են տեղեկացել, որ ԱՄՆ-ն նախագծում է ատոմային ռումբ ստեղծել։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸՎիոլետա Ժաբո (1921-1945)

Գեղեցկատես այս ֆրանսուհին 23 տարեկանում այրիացավ։ Ամուսինը ֆրանսիական բանակի սպա էր, որը մահացավ պատերազմում ստացած վերքերից։ Հենց սա էլ պատճառ հանդիսացավ, որ Վիոլետան մտնի բրիտանական հետախուզության շարքերը։ Նա շրջափակված Ֆրանսիայից հակառակորդի շարժի մասին տեղեկություններ էր հաղորդում, միաժամանակ մասնակցում դիվերսիոն գործողությունների` պայթեցնում էր ճանապարհներ, կամուրջներ։ Ժաբոյին կալանավորեցին եւ կտտանքների ենթարկեցին այն համակենտրոնացման ճամբարում, որ հռչակված էր առանձնակի դաժանությամբ եւ գերիների վրա բժշկական փորձարկումներ կատարելով։ 1945թ. փետրվարին Վիոլետին կախաղան հանեցին, իսկ հաղթանակին մի քանի ամիս էր մնացել։ Վ. Ժաբոն աշխարհում երկրորդ կինն է, որ հետմահու պարգեւատրվել է  Գեորգիեւյան խաչով։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸՔրիստին Կիլլեր (1943թ. ծնված).  Քրիստինը շատ էր ցանկանում հայտնի  եւ հանրահայտ մոդել դառնալ, բայց դարձավ հայտնի ու հանրահայտ… սիրուհի։ Նրան համարում էին երկրորդ Մատա Հարի։ 60-ականներին Բրիտանիան ցնցած «Պրոֆյումոյի գործ» քաղաքական սկանդալի պատճառը հենց Կիլլերն էր։ 1963-ին բացահայտվեց բրիտանական ԶՈՒ նախարար Ջոն Պրոֆյումոյի սիրավեպը Քրիստին Կիլլերի հետ։ Սկանդալը նրանով էր աղմկահարույց, որ Քրիստին միաժամանակ հանդիպում էր խորհրդային լրտես Եվգենի Իվանովի հետ։ Պարզվեց, որ Քրիստին նախարարից կորզում է կարեւոր գաղտնիքներ եւ փոխանցում մյուս սիրեկանին։ Արդյունքում՝ Բրիտանիայի ԶՈՒ նախարարը հրաժարական տվեց եւ կյանքը նվիրաբերեց բարեգործությանը՝ փորձելով քավել բրիտանական կառավարության առջեւ իր մեղքը, իսկ Եվգենի Իվանովից հեռացավ կինը, եւ երկու կին կորցրած ռուս մուժիկին մնում էր մխիթարություն գտնել հարբեցողության մեջ։ Իսկ Քրիստինի երազանքը կատարվեց՝ դարձավ հայտնի աստղ…

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻՆԵՐԸԺոզեֆինա Բեյքեր (1906-1975)

Հրեա երաժշտի եւ սեւամորթ լվացարարուհու զավակը բազում դառնություններ ճաշակեց իր ծագման եւ գույնի պատճառով։  Դառնություններ ճաշակեց նաեւ ամուսնական կյանքում. ամուսնացել է մի քանի անգամ, առաջինը՝ 13 տարեկանում։ 1927թ. Ժոզեֆինան ամուսնացավ իտալացի արկածախնդրի հետ, որի շնորհիվ կոմսուհու տիտղոս ստացավ։ Չնայած այս ամենին, նրա տեղն էլի «Մուլեն Ռուժն» էր, շարունակում էր նկարահանվել էրոտիկ ֆիլմերում։ Բեյքերը համագործակցում էր ֆրանսիական Դիմադրության շարժման գործակալների հետ, նրանց շատ գաղտնի գործերի «քողարկիչ» հանդիսանում, հաճախ էր լինում ռազմաճակատում։ Սովորեց օդաչուի մասնագիտությունը եւ լեյտենանտի կոչում ստացավ։ Ժոզեֆինան միաժամանակ ֆինանսական օգնություն էր ցուցաբերում ընդհատակին։

Պատերազմի ավարտից հետո շարունակեց ե՛ւ պարել, ե՛ւ երգել։ Կյանքի վերջին 30 տարիները նվիրեց տարբեր երկրներից որդեգրած 12 երեխաների դաստիարակությանը։ Նրա ֆրանսիական դղյակում «Սեւ մարգարիտ» մայրիկի (այդպես էր Հեմինգուեյը նրան անվանում) հետ ապրում էր արաբ, կանադացի, ֆրանսիացի… երեխաներից բաղկացած «ծիածան» ընտանիքը։ Սա մի ինքնատիպ բողոք էր ԱՄՆ-ի ռասիստական խտրականության դեմ։

Ժ. Բեյքերը ֆրանսիական կառավարության կողմից պարգեւատրվել է «Պատվո լեգեոն» եւ «Զինվորական խաչ» շքանշաններով։ Նրա թաղման ժամանակ՝ որպես հարգանքի տուրք, հնչեց 21 հրացանային համազարկ։ Ֆրանսիայի պատմության մեջ Ժ. Բեյքերը օտար ծագումով առաջին կինն էր, որի հիշատակն այս կերպ հարգվեց։

 

Թարգմ.՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Ճակատագրեր


05/10/2016