ՆՎԻՐՈՒՄ
Այս շարադրություն-ինքնակենսագրությունը ավագ լեյտենանտ, ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Զոհրաբյանը գրել է տարիներ առաջ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսանելիս:
Հոկտեմբերի 25-ին Աշոտը կնշեր 25-ամյակը…
Առավոտ էր: Արփին իր ոսկեզօծ վարսերը փռել էր Արարատի փեշերին ու սանրում էր իր ադամանդակուռ սանրով: Նրա վարսերի փայլից Արարատի ալեզարդ գագաթը շողշողում էր հազարերանգ գույներով:
Կամաց-կամաց վարդագույն Երևանը արթնանում էր քնից: Ես էլ արթնացա: Կարծես ինչ-որ մի ներքին մղում ինձ դուրս էր տանում, ու ինչ-որ մի ձայն ինձ անընդհատ հարցնում էր. «Գիտե՞ս՝ թե ով ես դու, ո՞րն է քո առաքելությունը կյանքում»: Ու ես շտապեցի փողոց: Այնտեղ ոչ ոք չկար: Բայց ահա նորից նույն ձայնը. «Դու հաղթանակի սերունդն ես», նայեցի շուրջս, իմ դիմաց միայն ալեզարդ Մասիսն էր:
-Մի՞թե դու կարող ես խոսել,- զարմացա ես:
Ի պատասխան հարցիս` իմ առջև մի հաստափոր մատյան հայտնվեց: Ես վերցրի մատյանը ու սկսեցի թերթել: Մատյանի էջերը խունացած էին ու մաշված, բայց խնամքով պահպանված: Սկզբում ոչինչ չէի հասկանում, բայց հետո ամեն ինչ դարձավ պարզ ու հասկանալի: Այնտեղ իմ ժողովրդի պատմությունն էր: Էջերի վրա արցունքի հետքեր կային, որոշները գրված էին արյունով, որոշները` ոսկե տառերով: Ծեր Մասիսը ոչինչ չի մոռացել` ո՛չ հայ ժողովրդի դառը ճակատագիրը, ո՛չ նրա անցած փառավոր ուղին: Ամեն տողի մեջ երևում է հայի անկոտրում կամքն ու ոգին: Եվ ինչքան շատ էի կարդում, այնքան ավելի էի կլանվում: Զգում էի, թե ինչպես է հպարտության զգացումը բարձրանում իմ մեջ: Ոգեշնչված կարդում էի. «Թող հազարավոր արու զավակներ ծնվեն ազատ, անկախ Հայաստանում ու իրենց ուսերին տանեն մեր հաղթանակները»:
Ոսկե տառերով գրված էջերի շարանը շարունակվում էր: Նրանք պատմում էին նաև մեր օրերի՝ հայոց ազգային բանակի ստեղծման, Արցախյան գոյամարտի, մեր հերոսների անօրինակ սխրանքների մասին: Տողերը պարտավորեցնող էին, ամեն մեկը մի յուրօրինակ խորհուրդ ուներ: Ու ես հասկացա, թե ինչու էր ծեր Մասիսն այդ մատյանը տվել ինձ: Չէ՞ որ ես նույն տարիքին էի, ինչ մեր բանակն ու նորանկախ Հայաստանը: Ես հաղթանակած երկրի սերունդ եմ: Սիրել, պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքը, ահա որն է իմ առաքելությունը այս կյանքում: Ես ամուր-ամուր մատյանը սեղմել էի կրծքիս: Հպարտ էի, որ իմ ժողովրդի պատմությունն իմ ձեռքերում է, և նրա գալիք ապագան ես ու ինձ նման հազարավոր պատանիներ պիտի կերտեն:
Ես բացեցի մի նոր էջ ու այնտեղ լուսավոր տառերով գրեցի. «Ես՝ հաղթանակի սերունդս, երդվում եմ. անվերապահորեն նվիրվել իմ հայրենիքին, նորանոր հաղթանակներ բերել նրան, իսկ հարկ եղած դեպքում՝ պատրաստ եմ կյանքս տալ հանուն իմ հաղթանակած հայրենիքի պայծառ գալիքի»:
Կյանքից ավելի թանկ
Ընտանիքի ավագն էր Աշոտը: Նա իր շրջապատից առանձնանում էր համեստությամբ, խոհեմությամբ, լրջությամբ և հավասարակշռությամբ: Դպրոցում լավ էր սովորում: Որոշել էր զինվորական դառնալ` փոխգնդապետ քեռու` Իգոր Աբրահամյանի նման: 3-4 տարեկան էր, որ քեռին նրան իր հետ տանում-հասցնում էր սահմանաբերան. «Թող պնդանա, ճանաչի զինվորական գործը»: Հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտելուց հետո ծառայության նշանակվեց առաջնագծում:
Ընտրած մասնագիտությունը շատ էր սիրում Աշոտը, հպարտությամբ էր կրում սպայի համազգեստը: Ավագ լեյտենանտ էր, շուտով կապիտանի կոչում էր ստանալու: Հազար երազանք ուներ, հազար նպատակ. օգոստոսին պետք է ամուսնանար, բայց…
Սահմանին անհանգիստ էր: Ապրիլ ամիսը չարագուշակ սկսվեց. թշնամին ակտիվացել էր: Ավագ լեյտենատ Աշոտ Զոհրաբյանը դասակի հրամանատար էր ու չափազանց դողում էր իր ամեն մի զինվորի կյանքի համար: Վտանգավոր առաջադրանքներն ինքն էր կատարում, միայն թե՝ զինվորի գլխից մազ չպակասի:
Աշոտի կրտսեր եղբայրը` Արթուրը, այդ օրերին Թալիշում էր ծառայում: Աշոտը հաճախ էր զանգում տուն, որ եղբորից տեղեկանա: Ծնողներն էլ իրենից էին հարցնում: «Ամեն ինչ կարգին է, հանգիստ եղեք,- պատասխանում էր:
-Ապրիլ ամիսը զոհերով սկսվեց, կորուստներով, բայց տղաս իր դասակից կորուստ չունեցավ,- որդու փոխարեն հպարտանում է որդեկորույս մայրն ու շարունակում,- հետո մի փոքր խաղաղվեց, կարծում էինք` ամեն ինչ հանդարտվել է, հրադադար է, բայց…
Ապրիլի 30-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում էր կրակել տարբեր զինատեսակներից` խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Ու հենց այդ օրը մահացու վիրավորում է ստանում Աշոտ Զոհրաբյանը:
-Ապրիլի վերջին օրը որդիս զոհվեց: Մեծ է վիշտս, անփարատ: Միակ սփոփանքս է, որ որդիս հայրենիքին է կյանքը նվիրաբերել: Վիշտս ու հպարտությունս խառնվել են իրար, թող ոչ մի մայր այս կսկիծն ու ցավը չտեսնի, թող որդիները վերադառնան իրենց մայրերի մոտ:
Զինակից ընկերներից մեկը` Դավիթ Պետրոսյանը, այսպիսի տողեր կգրի ընկերոջ մասին:
«Ես չգիտեմ՝ երկնային կյանք կա, չկա, բայց մենք հանդիպելու ենք: Էսօրվա պես հիշում եմ՝ ինչ պահեր ենք իրար հետ ունեցել, ոնց ենք ծանոթացել, ոնց ենք հաց կերել, ոնց դու քո վերջին երկու տուփ սիգարետը ինձ տվեցիր պոստերում, ծնունդիս սպորտային համազգեստդ նվիրեցիր, որ գիշերը զարթնում էինք ու խրամատը մաքրում էինք, ու որ մեր պոստը գումարտակի լավագույն պոստ ճանաչվեց, հիշում եմ: Ախպերս, մենք քեզ շատ սիրում ու հարգում ենք: Հավերժ փառք քեզ, մեր լավ ընկեր…»:
Ասում են` հիշատակն ապրողաց օրհնությամբ եղիցի:
Ավագ լեյտենանտ Աշոտ Զոհրաբյանի անունով Նոր Խարբերդի թիվ 1 դպրոցում ռազմագիտության դասասենյակ է անվանակոչվել: Դասվար Հասմիկ Թարվերդյանը ու դասղեկ Թագուհի Սարգսյանը անսքող հպարտությամբ են խոսում իրենց պարտաճանաչ, նպատակասլաց սանից, հիշում նրա գրած գեղեցիկ շարադրությունները:
Հերոս քաջորդու տնից ոչ հեռու հարևանները խաչքար-հուշաղբյուր են տեղադրել: Գյուղի երեխաներն այստեղ սիրում են խաղալ և իրար հաճախ են ասում` «Գնանք Աշոտի աղբյուրից ջուր խմենք»:
Բոլորն են հավատում` այդ աղբյուրի ջուրն ուրիշ զորություն ունի:
Աշոտի եղբայրը` Արթուրը, այսօր խաղաղապահ զորքերում է ծառայում, իսկ քույրը` Քրիստինեն, ուզում է զինվորական բժիշկ դառնալ: Քույրը բանաստեղծություններ է գրում հերոս եղբորը նվիրված…
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Բանակ և հասարակություն