ՍՈՒՐՀԱՆԴԱԿԸ
Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկ պահպանության գործը առավել պատասխանատու նոր փուլ էր մտել: Արցախյան բանակի հզոր հարվածները թշնամուն ստիպում էին ետ նահանջել: ՆԳ համակարգի կամավորականների հավաքական գումարտակի քաջարի տղաները, ձևավորվող բանակի և այլ կամավորական ջոկատների տղաների հետ մի բռունցք դարձած, հսկում էին հայոց սահմանները:
Առավոտ վաղ, գորիսեցի Արարատը, նորանշանակ գումարտակի հրամանատար հրազդանցի Վլադ Վարդանյանը, անձնակազմի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Այվազյանը գրեթե ողջ անձնակազմի հետ տեղափոխվեցին Կոբրա դիրքերում ծառայող տղաներին փոխարինելու:
Թիկունքի դասակը` կապիտան Մուրադյանի գլխավորությամբ, գնաց շտաբի պահեստից տղաների համար սննդամթերք ստանալու:
Մուրադյանն անհանգիստ էր:
-Համո՛, ժամն ասա,- ապա շարունակեց,- ուշանում է: Համհարզն ուշանում է: Անդրանիկը իմ միլիցիոներն է եղել, երբ ես դասակի հրամանատար էի Ջրմուղի պահպանության գնդում: Իմ վստահելի, ամենակարգապահ աշխատակիցներից մեկն էր:
-Գուցե պատճառներ կան,- ասաց Համոն ու շարունակեց,- մենք հարցնելով կարող ենք ճանապարհը գտնել:
-Այ էդ մեկը չի կարելի, ուրիշ հանձնարարություններ էլ կան:
-Հաստատ ինձ եք սպասում,- աննկատ հայտվեց Անդրանիկը և բարձրանալով ավտոմեքենայի թափքին, հարմար տեղավորվեց նստած տղաների կողքին:
-Մենք ուրիշ բան էլ պիտի վերցնենք մյուս պահեստներից:
-Վարդանյանը ասաց՝ պետք չի,- արձագանքեց Անդրանիկը:
-Ուրեմն՝ գնացինք,- ասաց Մուրադյանն ու գլխով շարժվելու նշան արեց:
Լաչինից դուրս գալով՝ սուրհանդակի ցուցումով ավտոմեքենան ճանապարհից աջ թեքվեց: Կիրճը կտրելով` կրկին աջ թեքվեց և դժվարանցանելի, ձնհալից գոյացած ջրափոսերը ճեղքելով, դեպի ձորն ի վեր տանող ցեխոտ ճանապարհը ճանկռելով. ինքնավստահ առաջ ընթացավ: Առջևի քարշակները միացրեց, և ավտոմեքենայի շարժիչի հռնդյունը լցվեց ողջ կիրճը:
-Ձորի պռունկը կարծես երևաց,- ծանր լռությունը խախտեց Համոն:
Մեքենան կանգնեց մի հարթ տարածքում, ուր կանաչ խոտը ու լեռնային նորաբաց ծաղիկները այդ չքնաղ հովտին դրախտային հմայք էին տալիս:
Դեպի ձախ ընկած տարածքի խորքում, ուր զինվորների նման երկար ու ձիգ շարված էին բարդիները, մի քանի կիսակառույց տնակներ կային: Ռազմավարական լավ դիրք, որտեղից հակառակորդը ծանր հրետանու հարվածի տակ էր պահում շրջապատն ու կիրճով ձգվող միակ ճանապարհը, որից աջ անդնդախոր ձորն էր:
Ճանապարհի խաչմերուկ հասնելուն պես ավտոմեքենան կանգ առավ: Դեպի աջ տանող ճանապարհի վրա հսկա մի բարդի էր ընկած, իբրև արգելափակոց, իսկ դեպի ձախ տանող ճանապարհը` դատելով համապատասխան նշանից, ականապատ էր:
-Տղանե՛ր, ցա՛ծ իջեք, մի քանի րոպե շունչ քաշենք,- ասաց Մուրադյանը իջնելով ավտոմեքենայից:
-Անդրանի՛կ, արի տեսնեմ՝ սա ինչ հանելուկ է,- իր մոտ կանչեց Մուրադյանը,- Համո ջան, դու էլ արի:
-Այս ճանապարհով պետք է բարձրանանք,- ցույց տալով ականապատ ճանապարհը՝ ասաց Անդրանիկն ու իր վերջնական որոշման մեջ մնաց անդրդվելի:
-Անդո՛ ջան, այդ ճանապարհը ականապատ է,- հատ-հատ բառերն արտասանելով՝ ասաց Մուրադյանը: -Բարդիների հովտում ուզում ես փակե՞լ կյանքիդ վերջին էջը,- ձեռքը ջերմորեն դնելով Անդրանիկի ուսին շարունակեց կապիտանը:
Բոլորը լիաթոք ծիծաղեցին:
-Այ էն նշանը գիտե՞ս՝ ի՞նչ նշան է,- ասաց Համոն:
-Միևնույն է, փուչիկի նման պիտի պայթի, ու վե՛րջ, մեզ ոչինչ չի անի,- ասաց Անդրանիկն ու նստեց մեքենայի առաջամասի աջ կողմում` ոտքերը հենելով մեքենայի քարշակի կեռին:
-Անդրանի՛կ, դու ո՞ր ճանապարհով ես եկել,- համբերությունը կորցրած՝ հարցրեց Մուրադյանը: Քեզ ո՞ր ճանապարհով են ասել, որ մեզ տանես:
-Այս,- խռոված երեխայի նման ցույց տվեց դեպի աջ գնացող ճանապարհը: – Ես ոտքով այս ճանապարհով հազար անգամ բարձրացել ու իջել եմ: Այս լեռը ուղիղ բարձրանում ենք ու անմիջապես տեղ հասնում:
-Կամ չենք հասնում,- լսվեց տղաների կողմից:
-Կարծում էի՝ կատակ ես անում,- նկատեց կապիտանը և փոքր-ինչ լսելուց հետո շարունակեց,- չգիտե՞ս, որ զենքդ կվերցնեմ ու քեզ այստեղից ուղիղ տուն կուղարկեմ: Անդրանի՛կ, բոլորի նման թափք բարձրացիր: Կատարիր հրամանը, արագ,- զայրույթից գրեթե որոտալով` բղավեց Մուրադյանը:
Մուրադյանը հաստաբուն բարդին ճանապարհի վրայից Համոյի հետ մի կողմ նետելով ճշտեց, որ բացակա մարդ չկա, Համոյին գլխով արեց.
-Քշի՛:
Կավե թաց, լպրծուն, անհնազանդ ճանապարհի աջ կողմում, ճանապարհի ողջ երկարությամբ, ահռելի անդունդն էր: Արդեն հասկանալի էր, թե ինչո՞ւ էր Մուրադյանի հին և հավատարիմ ընկերը` սուրհանդակ Անդրանիկը, կարծում, որ ավելի լավ էր ականապատ ճանապարհով անցնել, քան ձորը գլորվել: Վերջապես ավտոմեքենան վերջին ճիգերն արեց ու կանգ առավ:
Երբ մեքենան կանգ առավ, տղաների դեմքին գույն չէր մնացել:
-Անդրանի՛կ, այս ճանապարհը մինչև վե՞րջ է շարունակվելու:
-Մի երկու կիլոմետրից կշրջանցենք բլուրը:
-Տղանե՛ր, բոլորդ իջեք մեքենայից, Անդրանիկի հետ ոտքով կգնաք, մինչև ես ու Համոն կհասնենք ձեզ,- ասաց Մուրադյանն ու նստեց Համոյի կողքին: Համոն ցույց տվեց թափքը.
-Ոչ ոք չի իջնում:
-Տղանե՛ր, խնդրում եմ, դուք ոտքով առաջացեք, ես Համոյի հետ կգամ: Մենք միասին ավելի դաժան ճանապարհներով ենք անցել, ով գիտի՝ միասին դեռ էլ ինչպիսի ճանապարհներ պիտի անցնենք,- խոր շունչ քաշելուց հետո ժպտալով արձակեց կապիտանը:
Անդրանիկը խնդրեց, որ ինքն էլ մնա: Մուրադյանը Անդրանիկի հայացքի մեջ տեսավ իր ճանաչած ու սիրելի Անդրանիկին, որի հետ շատ ու շատ զրույցներ էին արել ֆիդայիների սխրանքների մասին: Այսօր էլ նրանք գիտեն, թե ինչու են զենք վերցրել.
-Գնա՛, Անդրանի՛կ ջան. մենք դեռ միասին մեծ ճանապարհ ունենք անցնելու,- ասաց Մուրադյանը: Անդրանիկի դեմքին ժպիտ երևաց:
Տղաները իրենց ետևից ընթացող ավտոմեքենային անհանգիստ նայելով առաջ էին գնում: Համոն ու Մուրադյանը նրանց էին հետևում՝ հաղթահարելով ճանապարհի ամենադժվարանցանելի հատվածները, մինչև հասան այնտեղ, որտեղից անդունդը գլորվելու վտանգն այլևս չկար: Տղաները կրկին բարձրացան ավտոմեքենայի թափքին ու շարունակեցին ճանապարհը:
Որքան բարձրանում էին վեր` հորիզոնին ավելի ու ավելի էր ընդգծվում արքայավայել բազմած լեռան տեսքը: Հսկա լեռն իր փառահեղ բարձրությունից հսկում էր հայոց սահմաններն ու իշխում ողջ լեռնաշղթային:
Այդ լեռան փեշերին տղաներն արդեն հասցրել էին խրամուղիներ պատրաստել և խրամատավորվել:
Հատուկ ամրություններով ամրացած անառիկ սահմանները հանձնված էր մարտերի մեջ թրծված, նվիրյալ սահմանապահներին:
Եթե Ղոչասարում հակառակորդի դիրքերն էին բարձր, և ամենափոքր զինատեսակներից արձակած գնդակը կարող էր խոցել, այստեղ արդեն մեր դիրքերն էին ավելի բարձր ու անխոցելի: Կոբրան շրջակա միջավայրի նկատմամբ իր կամքը թելադրող, իշխող դիրք ուներ:
ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Հոգևոր-մշակութային