Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ



ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթ

Նոյեմբերի 19-ին զորամասերից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով անցկացվեց ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթի եզրափակիչ` երրորդ փուլը: Հիշեցնենք, որ «ՀՊՊ խմբերը» զորամասերում շարքային կազմի (շարքայիններ, սերժանտներ, ավագներ) ժամկետային այն զինծառայողներն են, որոնք միասին են յուրացնում «Հասարակական-պետական պատրաստություն» (ՀՊՊ) առարկան: Ինչ վերաբերում է խմբի ղեկավարին, ապա մինչեւ վերջերս նա կարող էր լինել գումարտակի հրամանատարի տեղակալ օղակներից ցանկացածի հրամանատար: Այժմ ՀՊՊ խմբի ղեկավարը դասակի հրամանատարն է, եւ մրցույթին մասնակցում էին հիմնականում դասակի հրամանատարներ: Սա արդեն հինգերորդ տարին անցկացվող մրցույթի առաջին նորամուծությունն էր:
Մրցույթի նպատակները մի քանիսն էին` զորամասերում բարելավել ՀՊՊ առարկայի ուսուցման մակարդակը, կիրառել մանկավարժական նորամուծություններ ու արդիական մեթոդներ, խթանել խմբերի ղեկավարների միջեւ առողջ մրցակցությունը: Մրցույթը, որ միաժամանակ նաեւ երիտասարդ սպաների յուրահատուկ ստուգատես էր, ուներ նաեւ կոնկրետ խնդիրներ` ստուգել նրանց պատրաստության մակարդակը, առաջավոր փորձի փոխանակման միջոցով ընդլայնել վերջիններիս մտահորիզոնը, կատարելագործել ուսումնական գործընթացը:
Մրցույթի կազմակերպիչը կազմկոմիտեն էր, որի նախագահը ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ գնդապետ Ալեքսան Ալեքսանյանն էր, իսկ նախագահի տեղակալը եւ մասնակիցներին անմիջականորեն քննողը` ԱՀՏԱ վարչության գաղափարադաստիարակչական եւ տեղեկատվական աշխատանքների բաժնի պետ գնդապետ Ա. Ալեքսանյանը:
Նրա խոսքով, մրցույթի արդյունավետությունը տարեցտարի բարձրանում է: Այս տարի նույնպես եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել են արժանավորները, ովքեր հաղթել են մրցույթի առաջին ու երկրորդ փուլերում: Նրանց թվում կան ինչպես նախորդ տարիներին հաղթածներ, այնպես էլ նոր մարդիկ, ինչը պայմանավորված է նաեւ խմբերի ղեկավարների ընտրության նոր սկզբունքի կիրառմամբ:

Մրցույթի փուլերը եվ գնահատման չափանիշները

Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները պատասխանեցին ԱՀՏԱ վարչության մշակած հատուկ հարցաշարին, որը կազմված էր թեստային սկզբունքով` պետք էր յուրաքանչյուր հարցի չորս պատասխաններից ընտրել ճիշտը: Հարցերը, որոնք 30-ն էին, վերաբերում էին զինվորական մանկավարժությանը, իրավական-հոգեբանական պատրաստությանը, անհատական դաստիարակչական աշխատանքին, հայ ժողովրդի պատմությանը:
Երկրորդ փուլում յուրաքանչյուր մասնակից ներկայացնում էր իր ցանկությամբ ընտրված` ՀՊՊ առարկայի որեւէ թեմայով պարապմունքի պլան-համառոտագիրը, ՀՊՊ խմբի մատյանը եւ պատասխանում հանձնաժողովի հարցերին: Երկրորդ փուլի պատասխանները գնահատվում էին առավելագույնը 5 միավոր, միավորները գումարվում էին թեստային աշխատանքի միավորներին:
Մասնակիցների գնահատման չափանիշները մի քանիսն էին` ուսուցման սկզբունքների, մեթոդների, ձեւերի իմացություն, դրանք գործնականում կիրառելու կարողություն, պլան-համառոտագրի ճիշտ կազմում, պարապմունք կազմակերպելու եւ անցկացնելու մեթոդիկայի արդյունավետություն, ուսումնանյութական բազայի առկայություն (որոշ մասնակիցներ իրենց հետ բերել էին սլայդներ, դիագրամներ, սխեմաներ), ՀՊՊ խմբի ընդհանուր գնահատական, մատուցվող նյութի յուրացման աստիճան, ունկնդիրների ակտիվության ապահովում. վերջին երկուսը պետք է ստուգվեին լսարանի հետ աշխատելիս: Հաշվի էր առնվում նաեւ մասնակցի կարգապահությունը:

Ուսումնական նոր ձեռնարկ

Միջոցառման գլխավոր նորամուծությունն այն էր, որ մրցույթն անցկացվում էր ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պատրաստած` «Գաղափարադաստիարակչական պատրաստություն» եւ «Հասարակական-պետական պատրաստություն» առարկաների ուսումնական նոր ձեռնարկի համաձայն, որը գործածության մեջ է դրվել այս տարվա մարտ ամսին եւ վերը նշված առարկաների առաջին ուսումնական ձեռնարկն է, որում կան մեթոդական եւ բովանդակային մի շարք նորամուծություններ:
Նախ` ՀՊՊ մատյանները վերացվել են. այսուհետ պարապմունքները հաշվառվելու են դասակի մարտական պատրաստության հաշվառման մատյաններում: Նորամուծության շնորհիվ կատարվել է նյութական միջոցների խնայողություն, եւ վերացել է հաշվառման մատյաններում խառնաշփոթի առաջացման հավանականությունը:
Երկրորդ` ՀՊՊ առարկան դասավանդելիս առաջարկվում է կիրառել մանկավարժական մի շարք նոր մեթոդներ, ինչպիսիք են ուղեղային գրոհը, կլոր սեղանների շուրջ քննարկումները, ինտելեկտուալ խաղերը:
Երրորդ` կատարվել են բովանդակային փոփոխություններ. պատմությանն առնչվող ավելորդ նյութը հանվել է, շեշտվել է մնացածի կապը հայկական ռազմարվեստի հետ:
Չորրորդ` ավելի մեծ ուշադրություն է դարձվել ռազմական հոգեբանությանն ու իրավական թեմային:
Հինգերորդ` փոփոխվել են տարբեր կատեգորիաների զինծառայողների համար նախատեսված ծրագրերը, դրանցից հանվել են այն թեմաները, որոնք գործնականում պետք չեն:

Որոշվեց հաղթողը

Ամփոփելով մրցույթի արդյունքը` գնդապետ Ալեքսանյանը նկատեց, որ մասնակիցները սովորելու ծարավ ունեն, պրպտող են, մտածող, նախաձեռնող, հաճույքով են կատարում ՀՊՊ խմբի ղեկավարի պարտականությունները: Մրցույթի մասնակիցները նշեցին, որ ուսումնական նոր ձեռնարկի շնորհիվ ՀՊՊ առարկայի դասավանդումը դարձել է ավելի արդյունավետ:
Մրցույթի հաղթող ճանաչվեց ավագ լեյտենանտ Էդգար Ավալյանը` 30 հնարավորից վաստակելով 24.5 միավոր: 23 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց ավագ լեյտենանտ Հարություն Նաջարյանը: Եվ երրորդ տեղը գրավեց մայոր Նվեր Մանգասարյանը` 22.5 միավոր: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով նրանք կպարգեւատրվեն պատվոգրերով եւ թանկարժեք նվերներով:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Լուսանկարները`
ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Ազգային բանակ


08/12/2010