Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՐԿՐԻ ԲՆԱԿԻՉԸ



ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՐԿՐԻ ԲՆԱԿԻՉԸԱռաջին անգամ պարսկական գրականության հետ շփվել եմ իմ գործընկերոջ՝ փոխգնդապետ, ճանաչված թարգմանիչ Գեւորգ Ասատրյանի միջոցով: Նա մեկ անգամ չէ, որ գրոտած թղթեր է դրել սեղանիս` իր թարգմանած բանաստեղծությունները… Սոհրաբ Սեփեհրի, Նադեր Էբրահիմի, Ահմադ Շամլու…

Երկրորդը Վարդան Իսմայիլյանն է: Հաճախ էի կարդում նրա ֆեյսբուքյան էջին դրված պարսկական պոեզիայի գողտրիկ թարգմանությունները` պարսկերենից արեւմտահայերեն: Ֆորուզ Ֆարոխզադ, Ռումի…

 

-Ինձ համար եմ թարգմանում, շատ եմ սիրում պոեզիա, ուզում եմ, որ իմ ընկերներն էլ վայելեն պարսկական պոեզիայի գեղեցկությունը,- ասում է Վարդան Իսմայիլյանը:

Մեր վիրտուալ ընկերությունը ամրապնդվեց ոչ միայն բարձր պոեզիայի հանդեպ ունեցած սիրով: Վարդան Իսմայիլյանի մեկնաբանություններն ազգային բանակի զինվորների մասին առավել սրտառուչ էին: Ահա մի հատված մեր նամակագրությունից:

«Ուրեմն, խոյեցի ես, Գայանե՛ ջան: Ահա, թե որտեղից է արվեստի հանդեպ հակումդ, գրելու ձիրքդ: Խոյեցիները արարող, ստեղծագործ մարդիկ են:

Իսկ ես ալաշկերտցի եմ: 400 տարի առաջ Շահ Աբասը Ալաշկերտում բնակվող իմ նախնիներին համագյուղացիների հետ սրի բերանը տված քաշել բերել է: Ասել է` հողագործ, քարից հաց քամող ժողովուրդ են, թող քարը ծաղկեցնեն, ու քարը ծաղիկ է ծնել: Բայց ես բախտ չեմ ունեցել նույնիսկ Ղարաղանում ծնվելու, որովհետև պապս մահացել է, տատս  կրկին ամուսնացել է, ու 5 տարեկան հորս հորեղբայրս բերել է Թավրիզ, հանձնել մեծ հորաքրոջս խնամքին»:

…Երևանում տաք ոսկեգույն աշուն է: Մենք նստած ենք երևանյան սրճարաններից մեկում, ու ալաշկերտցի Վարդան Իսմայիլյանը պատմում է իր գերդաստանի պատմությունը:

-Գիտեք՝ ինչի՞ց է, որ մենք` հայերս, հունարով ենք, մեր ձեռքից ամեն ինչ գալիս է, մենք կենսունակ ենք: Ամենադժվար պայմաններում անգամ մի հրաշքով ողջ ենք մնում:

-Երևի մեր պատմությունն է պատճառը:

-Մեր արյան հիշողությունը… Եթե անգամ հայն ապրում է փափուկ, անհոգ կյանքով, չի թուլանում, չի հանգստանում: Մեր դարավոր անպաշտպանվածությունն ու դեգերումները, օտարի մահակի տակ ողջ մնալու ջանքը. ամեն, ամեն ինչ դաջվել է մեր արյան հիշողության մեջ: Ասում են՝ հայրս 12-13 տարեկանում արդեն կարգին վարպետ էր ¥մեքենա նորոգող էր) ու ահագին կարողություն ուներ:

Իսկ գիտեք՝ ինչի՞ց է, որ մենք աշխարհի ամենաուսումնասեր ազգն ենք:

-Այդպե՞ս է որ:

-Այդպես է: Մենք աշխարհի ամենագրագետ ազգն ենք, որովհետև խաղաղասեր ենք: Մենք կռիվ չենք սիրում, գիրք ենք սիրում` սեր, կարեկցանք, հավատարմություն:

-Բայց կռվելիս կռիվ սիրող ազգերից վատ չենք կռվում:

-Մենք սիրուց դրդված ենք կռվում, մեր թշնամին` ատելությունից: Մենք պաշտպանում ենք, մեր թշնամին` հափշտակում:

Վարդան Իսմայիլյանը Միացյալ Նահանգներում է բնակվում կնոջ և երկու դուստրերի հետ:

-Եթե Հայաստանում չես, մնացած բոլոր երկրները նույնն են: Որտեղ գործդ հաջողի, այնտեղ էլ կմնաս: Հայի համար Հայաստանից բացի բոլոր երկրները ժամանակավոր երկիր են: Մենք ժամանակավոր երկրի բնակիչներ ենք:

-Ի՞նչ գործ եք անում ժամանակավոր երկրում:

-Ապրելո՞ւ համար…

Ես հարցը չեմ հասկանում և նայում եմ տարակուսած: Վարդան Իսմայիլյանը բացատրում է:

-Ապրելու համար խմորեղենի խանութ ունենք… Բայց ես ուրիշ գործ եմ անում: Հոդվածներ եմ գրում հայկական թերթերի համար, Հայաստանի մասին պատմող սյուժեներ:  2000 թվականից հետո մինչև 2010 թվականը չորս ամիսը մեկ եկել եմ Հայաստան, գնացել եմ Արցախ:

-Միացյալ Նահանգներից չորս ամիսը մեկ եկել եք Հայաստա՞ն: Ինչի՞ համար, ի՞նչ առաքելությամբ:

-Ես առաքելություն չունեմ, հասարակ մարդ եմ: Ինձ համար եմ եկել: Եկել եմ քայլելու Երևանի փողոցներով: Եկել եմ, որ գնամ գյուղեր, նայեմ` ինչպես է թխվում լավաշը թոնրի մեջ, ինչպես է հայ փոքրիկը արտասանում, ինչպես է Արցախը բուժում պատերազմի վերքերը, ինչպես է Երևանը դառնում աշխարհի ամենասիրուն քաղաքը…

2010թ.-ին հիվանդացա ու հիմա եկել եմ վեց տարվա ընդմիջումից հետո:

…Էնքան են ասել, որ բարձրացող  մոդեռն շենքերը խաթարել են Երևանի ճարտարապետությունը, որ ես վախենում եմ հարցնել` ի՞նչ փոփոխություններ եք նկատել հայրենիքում:

-Եկա ու ապշած մնացի: Ոնց եք հասցրել 6 տարում այսքան բան կառուցել: Երևանը սիրուն եվրոպական քաղաք է դարձել՝ պահպանելով հայկական գույները, հայկական ջերմությունը: Տպավորիչ էր: Իսկ  ամենահուզիչը այն էր, որ հայ մարդու աչքերն էին փոխվել, կեցվածքը: Փողոցներում խինդ, ուրախություն, հպարտություն, ինքնավստահություն կա: Հայ մարդը շտկել է մեջքը, գլուխը բարձր է քայլում, ոտքը ամուր է դնում հողին, ու աչքերը փայլուն ու լուսավոր են:

-Հասցրի՞ք Արցախում լինել:

-Արցախից եմ գալիս: Ես վաղուց եմ սիրահարված Արցախին ու արցախցուն: Աշխարհի ոչ մի ծայրում այսքան հպարտ, տոկուն, խիզախ ժողովուրդ չես գտնի: Բոլորից տարբեր են: Երևանցուց էլ են տարբեր:

-Երևանցուց ինչո՞վ են տարբեր:

-Ցանկացած արցախցի փոքրիկի կանգնեցրու ու հարցրու` ո՞նց ես: Կգա, ձիգ կկանգնի դիմացդ, կնայի ուղիղ աչքերիդ մեջ ու կասի.

-Ես լավ եմ, դու ո՞նց ես…

Ծիծաղս հազիվ եմ զսպում: Իսկապես որ` սիրահարված: Այդպես սիրածդ է աչքիդ իդեալական թվում ու ամենասովորական բաները դառնում են արտասովոր: Ես մտնում եմ խաղի մեջ: Ինձ դուր է գալիս ալաշկերտցու արմատներով պարսկաամերիկացի հայի` արցախցուն ուղղված ներբողը:

-Դուք արտասահմանցի եք և ավելի լավ  կիմանաք…

-Ես հայաստանցի եմ, որ արտասահմանում է ապրում: Յուրաքանչյուր հայ հայաստանցի է:

-Լավ, Դուք արտասահմանում եք ապրում ու հեռվից ավելի լավ կտեսնեք. ասում են՝ արցախցի աղջիկները ամենագեղեցիկ հայուհիներն են:

Վարդան Իսմայիլյանը նայում է քննախույզ, չարաճճի: Նա վաղուց արդեն պատանի չէ, տարիքով մարդ է, սպիտակամազ, բայց գեղեցիկ արդուզարդով, կոկիկ, մոդեռն…

-Հասկանում եմ` հոգուս հետ եք խաղում,- ասում է ժպտալով,- բայց Արցախն իսկապես հրաշք է: Նախորդ անգամ, որ եկա երկու փոքրիկ տեսանյութ նկարեցի Արցախի մասին, հիմա էլ եմ բազմաթիվ ռեպորտաժներ նկարել: Ուզում եմ քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների հետ զրուցել, նկարահանել նրանց պատմությունները ու ամբողջ աշխարհին պատմել, թե ինչպես է մի փոքրիկ, բայց հերոսական ժողովուրդ գերմարդկային ճիգերով պաշտպանում իր հայրենիքը:

-Ոչ մի վատ բան չկա՞ հայրենիքում,- մեջս խոսում է լրագրողը: Առանց վատ բանի ո՞նց կլինի:

-Ամերիկայի մեր խանութ մի երիտասարդ կին է մտնում փոքրիկի հետ: Աչքերից հասկանում եմ, որ հայ է: Երեխային  հարցնում է. Do you want a peace of cake. Ինչո՞ւ եք երեխայի հետ անգլերեն խոսում` հարցնում եմ: Երեկ մեկ էլ օր եկել եք Հայաստանից, հայերենը մոռացե՞լ եք:

-Ի՞նչ գիտեք` Հայաստանից է եկել: Կարող է սփյուռքահայ է Ձեզ նման:

-Ի՞նչ ես խոսում: Սփյուռքահայը երբեք օտար լեզվով չի խոսում: Մայրենի լեզուն աղոթք է սփյուռքահայերի շուրթերին: Էդ Հայաստանից եկած հայն է, որ չի հասկանում ունեցածի արժեքը, որովհետև չի տեսել-զգացել կորցնելու վտանգը:

…Ես դուրս եմ գալիս սրճարանից, պիտի վազեմ, էլի հարցազրույց ունեմ: Հանկարծ շրջվում եմ ու նայում: Ապակեպատ սրճարանի ներսից Վարդան Իսմայիլյանի հայացքը թափառում է մայթերին, մեքենաներին, որսում դիմացի այգու նստարաններին հանգստացող մարդկանց վրայով: Ես նայում եմ նրա հայացքի ուղղությամբ և ջանք եմ անում այդ ամենը տեսնել Ժամանակավոր անունով երկրի բնակչի` ալաշկերտցի պարսկահայ Վարդան Իսմայիլյանի աչքերով:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Հոգևոր-մշակութային


05/10/2016